Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա
10 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սարի Մուլտալան կարծում է, որ պետություններն արդեն ունեն առաջին գլոբալ հրամայականը և գիտակցում են, որ պետք է արագացնեն գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված բնապահպանական նպատակներին հասնելու համար։
Ստորև ներկայացնում ենք Սարի Մուլտալայի ամբողջական հարցազրույցը «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության թղթակիցների հետ։
-Մեծարգո տիկին նախարար, ինչպե՞ս եք գնահատում կենսաբազմազանության COP17 միջազգային համաժողովի ընթացքը։
-Իսկապես պետք է շնորհակալություն հայտնեմ Հայաստանի իշխանություններին՝ այս միջոցառումը կազմակերպելու և հյուրընկալելու համար։ Իհարկե, ՄԱԿ-ի հանդիպումների անցկացումը միշտ մեծ ջանքեր և նախապատրաստական աշխատանքներ է պահանջում։ Լսել եմ նաև, որ երկարատև աշխատանք է տարվել կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով նախորդ միջոցառումների փորձը։ Բանակցությունների վարումը նույնպես մեծ պատասխանատվություն է, և, կարծես թե, առայժմ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Նախկինում երբեք չեմ եղել այստեղ, ուստի ամեն ինչ շատ գեղեցիկ է թվում, իսկ հյուրընկալությունն ուղղակի հիասքանչ է։ Ուրախ եմ, որ այստեղ եմ, և հուսով եմ, որ բանակցությունները նույնպես հարթ կընթանան։ Մի խոսքով՝ առայժմ ամեն ինչ հիանալի է։

-Դուք մասնակցեցիք COP17-ի շրջանակում տեղի ունեցած շատ կարևոր միջոցառման։ Խոսքը շրջակա միջավայրի նախարարների հանդիպման մասին է։ Որո՞նք էին հիմնական ուղերձներն այդ հանդիպման ընթացքում։
-Իհարկե, մենք հանդես ենք գալիս մեր երկրների անունից, իսկ քանի որ Ֆինլանդիան Եվրամիության անդամ է, բնականաբար, միանում ենք Եվրամիության մյուս երկրների դիրքորոշմանը։ Մեր ուղերձը, սակայն, գործողությունների արագացումն է, ինչը, ըստ էության, ամբողջ COP-ի հիմնական ուղերձն է։ Մենք արդեն ունենք առաջին գլոբալ հրամայականը և գիտենք, որ պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված բնապահպանական նպատակներին հասնելու համար։ Ուստի աջակցում ենք դրան, ինչպես նաև այն մոտեցմանը, որ անհրաժեշտ է ընդլայնել ֆինանսական հնարավորությունների շրջանակը։
Մենք նշեցինք, որ Ֆինլանդիայում առկա են բնությանն առնչվող խնդիրների լուծման նպատակով վարկերի տրամադրման հաջող օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարելի է մասնավոր հատվածին պետական հատվածի հետ միասին ներգրավել կարևոր նախագծերում՝ ի աջակցություն բնության պահպանմանն ուղղված գործողություններին։ Սա էր մեր հիմնական շեշտադրումը այդ քննարկման ընթացքում։ Իհարկե, ընդգծեցինք նաև, որ անհրաժեշտ է ստեղծել դրական խթաններ՝ բնության պաշտպանությանն ուղղված գործողությունների համար, ինչպես նաև վերացնել առկա բացասական գործոնները։ Կարծում եմ՝ անհրաժեշտ են և՛ մեկը, և՛ մյուսը, ինչպեսև գլոբալ մակարդակով գործողությունները։ Ահա թե որոնք էին այն հիմնական ուղերձները, որոնք մենք փոխանցեցինք գործընկերներին։
-Ինչպե՞ս եք հաղթահարում մարտահրավերները Ֆինլանդիայում։ Եվ ի՞նչ դիտարկումներով կարող եք կիսվել Ձեր հայ գործընկերների հետ՝ հիմնվելով սեփական փորձի վրա։
-Իհարկե, կան մի շարք քայլեր, որոնք ձեռնարկում ենք։ Ինչպես այլ երկրներում, այստեղ ևս իրականացվում է բնության պահպանություն, սակայն կան նաև բնության համար դրական գործողություններ, այսինքն՝ փորձում ենք նպաստել բնության վերականգնմանը՝ այն վերադարձնելով իր նախնական վիճակին։ Դա անում ենք բնության մեջ կոնկրետ աշխատանքներ իրականացնելու, օրինակ՝ բնության վերականգնմանն ուղղված թիրախային միջոցառումներ անցկացնելու միջոցով։ Բացի այդ, կան նաև ավելի փոքր մասշտաբի քայլեր, օրինակ՝ ծաղիկներ կամ այլ բույսեր տնկելը, որոնք կարող են օգտակար լինել փոշոտող միջատների համար և այլն։ Այսպիսով, գործողությունների տարբեր տեսակներ կան, սակայն, կարծում եմ՝ հաջողության գրավականն այն է, որ արդյունավետ համագործակցություն է հաստատվել պետական հատվածի, հողատերերի՝ այդ թվում մասնավոր սեփականատերերի, ինչպես նաև այլ իրավասու մարմինների միջև։ Սա է հիմնական գործոնը։
Մենք ունենք բնակչության անհրաժեշտ վստահությունը՝ այս գործողություններն առաջ մղելու համար։ Հիմնական խնդիրներից մեկը, որն առկա է երկար ժամանակ, մեր ծովային տարածքներում էվտրոֆիկացիան է՝ ջրավազանների սննդարար նյութերով հարստացումը։ Այս ուղղությամբ մենք սկսել ենք երկարաժամկետ ծրագիր, որում ներգրավված են հողատերերը, ֆերմերները, պետական մարմինները, մասնավոր ընկերությունները և տեղի բնակիչները։ Փորձում ենք գտնել այնպիսի լուծումներ, որոնք շահեկան կլինեն բոլոր կողմերի, այդ թվում՝ բնության, ինչպես նաև շահառուների համար։ Կարծում եմ՝ համագործակցության այս ձևը կարող է լուծում հանդիսանալ բարդ խնդիրների հաղթահարման գործում։ Կարևոր է, թե ով պետք է վճարի, ով ինչ պետք է անի, որովհետև հաջողության հասնելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն և վստահություն տարբեր դերակատարների միջև։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ գործնական օգուտներ և շահույթներ կարող է բերել COP17-ը երկկողմ և բազմակողմ համագործակցության տեսանկյունից։
-Իհարկե, ՄԱԿ-ի բոլոր հանդիպումները չափազանց կարևոր են այս ժամանակաշրջանում, երբ աշխարհում մի քանի հակամարտություններ կան։ Կարծում եմ՝ կարևոր է, որ մենք շարունակենք երկխոսել և փորձենք գտնել ընդհանուր լուծումներ։ Իսկ բնությունը մի բան է, որն անհրաժեշտ է բոլոր ազգերին, բոլոր մարդկանց և Երկրի վրա գտնվող բոլոր կենդանի էակներին։ Ուստի կարծում եմ, որ մենք այստեղ ենք՝ մտածելով երկարաժամկետ հեռանկարի, մոլորակի՝ երկարաժամկետ կտրվածքով կենսունակության մասին։ Այդ իսկ պատճառով` շատ կարևոր է գտնել ընդհանուր լուծումներ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք ավելի մոտենալ մեր նպատակներին, որոնք, ի դեպ, արդեն իսկ շատ ու շատ մոտ են։ Եվ, իհարկե, նույնիսկ եթե մինչև 2030 թվականը դրանց լիարժեք չհասնենք, պետք է շարունակենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Պետք է ապահովենք, որ նույնիսկ 2030-ից հետո գործեն այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան շարունակել ընթանալ նույն ուղղությամբ՝ լուծելու բնությանն առնչվող խնդիրները։ Ակնհայտ է, որ աշխարհն արդեն իսկ համաձայնության է եկել կենսաբազմազանությանն առնչվող հավակնոտ նպատակների շուրջ։
-Սակայն լուծումների իրագործումը մնում է լուրջ մարտահրավեր, մեծ խնդիր, այնպես չէ՞։
-Դա իսկապես մեծ խնդիր է։ Իհարկե, մենք ունենք մի շարք մեխանիզմներ, որոնց միջոցով կարող ենք անդրադառնալ խնդրին։ Կարող ենք կիրառել տեղական լուծումներ, բայց մեզ անհրաժեշտ է նաև բազմակողմ մոտեցում։ Մենք արդեն համաձայնության ենք եկել նպատակի շուրջ, ուստի այժմ պետք է անցնենք գործնական քայլերի։ Այս հարցն ունի մի քանի կողմ, դրանք բոլորն այն կետերն են, որոնք ներկայում քննարկման սեղանին են դրված։ Հուսով եմ՝ կկարողանանք առաջ շարժվել և գտնել ընդհանուր լուծումներ, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։
-Կենսաբազմազանության պաշտպանությունը պահանջում է զգալի և կայուն ֆինանսավորում։ Ի՞նչ է պատրաստ անել Եվրոպական միությունը՝ օգնելու լրացնել կենսաբազմազանության ոլորտում առկա համաշխարհային ֆինանսական բացը, հատկապես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների պարագայում։
-Այո, ինչպես արդեն նշեցի, Եվրոպական միությունը կենսաբազմազանության ֆինանսավորման խոշորագույն դոնորներից մեկն է, և մենք ցանկանում ենք շարունակել այդ գործընթացն ու ընդլայնել ֆինանսական հիմքը։ Ես խոսեցի նաև մասնավոր հատվածի մասին, հետևաբար մեզ անհրաժեշտ է ներգրավել մասնավոր հատվածը։ Այստեղ մենք ունենում ենք արդյունավետ քննարկումներ այն մասին, թե ինչպես կարելի է ստեղծել բնությանն առնչվող վարկային վստահելի միջազգային շուկաներ, որոնք հնարավոր կլինի զարգացնել ավելի շատ երկրներում և մայրցամաքներում։ Կարծում եմ՝ սա խոստումնալից քայլ է։ Իհարկե, անհրաժեշտ են նաև մեխանիզմներ՝ միջոցները տեղ հասցնելու, ինչպես նաև՝ չափելի արդյունքներ ապահովելու համար։ Անշուշտ, կարևոր է թափանցիկությունը, որպեսզի համոզվենք, որ ֆինանսավորումը տրամադրվում է բաց և թափանցիկ եղանակով, և որ այն, ի վերջո, տալիս է կոնկրետ արդյունքներ։

-Ի՞նչ զգացմունքներ է առաջացնում Ձեզ մոտ երևանյան միջավայրը։ Պատրաստվո՞ւմ եք, արդյոք, շրջայց կատարել մայրաքաղաքի տեսարժան վայրերով։
-Երեկ իսկապես կարճատև ժամանակ գտա՝ քաղաքով մի փոքր շրջելու համար։ Գետափին չկարողացա գտնել այն վայրը, ուր ուզում էի հասնել, բայց ճաշեցինք գետի ափին գտնվող մի շատ լավ ռեստորանում։ Համենայնդեպս, ուտելիքն ուղղակի հիանալի էր։ Երևանը բավականին աշխույժ քաղաք է, իսկ մարդիկ, անկասկած, շատ հյուրընկալ են։ Հայաստանում հյուրընկալությունն իսկապես հիանալի է։ Հուսով եմ՝ առիթ կունենամ նաև Արարատ լեռը տեսնելու, բայց դեռ ամպամած եղանակ է։ Լսել եմ, որ երբ այն երևում է, տեսարանն իսկապես հիասքանչ ու ապշեցուցիչ է։ Ամեն դեպքում, մինչ այժմ այստեղ գտնվելն ինձ համար շատ հաճելի է։