Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ
3 րոպեի ընթերցում

Հայաստանը և Վրաստանը ԵԱՀԿ-ի աջակցությամբ համագործակցում են անդրսահմանային անտառային հրդեհների ռիսկերի գնահատման և դրանց կանխարգելման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի շրջանակներում անցկացվող «Էկոհամակարգերի ամրապնդում, ապագայի երաշխավորում. Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցություն» խորագրով միջոցառման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը բարեկամ ու եղբայրական երկրներ են, որոնք համագործակցության երկար պատմություն ունեն կապուղիների, կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։
«Անտառային հրդեհները հստակ օրինակ են այնպիսի մարտահրավերի, որը չի ճանաչում պետական սահմաններ։ Նման ռիսկերին դիմակայելը պահանջում է տեղեկատվության փոխանակում, պատրաստվածության համակարգում և սահմանի երկու կողմերում գործող համապատասխան կառույցների ջանքերի միավորում։ Հենց սա էլ իրականացնում են Հայաստանն ու Վրաստանը՝ ԵԱՀԿ-ի աջակցությամբ»,- նշեց Աբիսողոմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև բնապահպանական ոլորտում համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է, և դրա նշանակությունը ոչ միայն կոնկրետ ռիսկերի հասցեագրման, այլև հաստատությունների, փորձագետների և համայնքների՝ ընդհանուր առաջնահերթությունների շուրջ համախմբման մեջ է։
«Սա մեր ռազմավարական գործընկերության կարևոր կողմն է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես երկկողմ հարաբերությունները կարող են շոշափելի օգուտներ բերել մարդկանց, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում բնակվողներին, որոնց կենսապահովումն ու բարեկեցությունը կախված են բնական ռեսուրսների կայուն կառավարումից»,- նշեց նա՝ հավելելով, որ կենսաբազմազանության վերաբերյալ միասնական գլոբալ շրջանակի իրականացումը պահանջում է այնպիսի մոտեցումներ, որոնք հաշվի են առնում յուրաքանչյուր տարածաշրջանի բնապահպանական և աշխարհագրական առանձնահատկությունները։
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ Կառլո Ամիրգուլաշվիլին անտառային հրդեհները որակեց որպես լուրջ մարտահրավեր Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։
«Մենք բոլորս հանձնառու ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ դրանց պատճառներին և հետևանքներին դիմակայելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրականացվող միջոցառումները ոչ միայն նպաստում են անտառային հրդեհների կառավարմանը, այլև հնարավորություն են տալիս ամրապնդել Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը։