Հայաստան

Ընտանիքում բռնությունը չունի քաղաքական պատկանելություն․ Արուսյակ Մանավազյան

2 րոպեի ընթերցում

Ընտանիքում բռնությունը չունի քաղաքական պատկանելություն․ Արուսյակ Մանավազյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Արուսյակ Մանավազյանը խորհրդարանական բոլոր խմբակցություններին կոչ է արել կողմ քվեարկել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին՝ ընդգծելով, որ ընտանիքի անդամների անվտանգությունը պետք է դուրս լինի քաղաքական տարաձայնություններից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում նախագծի քննարկման ընթացքում Մանավազյանը նշել է, որ փոփոխությունները վերաբերում են ընտանիքի անդամների պաշտպանվածությանը և ընտանիքում առողջ մթնոլորտի ապահովմանը։

«Ընտանիքում բռնությունը չունի քաղաքական պատկանելություն, չունի կուսակցական գույն։ Բռնության ենթարկված յուրաքանչյուր կին, երեխա, տարեց կամ տղամարդ մեր երկրի քաղաքացին է»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ պետության առաջնային պարտականությունն է ստեղծել հուսալի իրավական մեխանիզմներ, որոնք ոչ միայն կպաշտպանեն տուժողներին, այլև կկանխեն բռնության դեպքերը։

Մանավազյանի գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխությունները պետք է ավելի արդյունավետ դարձնեն պաշտպանական միջոցների կիրառումը, հստակեցնեն պետական մարմինների արձագանքման մեխանիզմները և նպաստեն նրան, որ որևէ մեկն իրեն անպաշտպան չզգա սեփական տանը։

Պատգամավորը շեշտել է, որ այս հարցում Ազգային ժողովը պետք է հանդես գա միասնական դիրքորոշմամբ՝ տարանջատող գծեր փնտրելու փոխարեն։

«Ուժեղ պետությունը սկսվում է անվտանգ, պաշտպանված ընտանիքից»,- ընդգծել է Մանավազյանը։

Ելույթի ավարտին նա դիմել է գործընկերներին՝ օրենսդրական նախաձեռնությանը աջակցելու կոչով։

«Դիմում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ անկախ խմբակցություններից և քաղաքական հայացքներից․ կողմ քվեարկենք և ցույց տանք, որ մեր հասարակությունում բռնությունն ու անպաշտպանվածությունը տեղ չունեն, իսկ մեր քաղաքացիների անվտանգությունը մեզ համար բացարձակ արժեք է»,- հայտարարել է պատգամավորը։

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում