Մշակույթ

Moveius բալետը COP17-ի շրջանակում հանդես է եկել երևանյան բեմում

4 րոպեի ընթերցում

Moveius բալետը COP17-ի շրջանակում հանդես է եկել երևանյան բեմում

COP17-ի շրջանակում ՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 27-ին ամերիկյան Moveius Contemporary Ballet-ը հանդես է եկել երևանյան բեմում։

Մշակութային երեկոն տեղի է ունեցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացվել են խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Դիանա Մովիուսի «Դիմակայունության եղանակները» և «Ապոկրիտան»՝ համադրված անվանի խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի երկու բալետների՝ «Կրքեր ըստ Բախի» և «Ստաբատ Մատերի» հետ։

Ստեղծագործություններն ուղղակիորեն արտացոլում են համաժողովի առաքելությունը: «Դիմակայունության եղանակները» բալետը ստեղծվել է Դիմանկարների ազգային պատկերասրահի պատվերով և ոգեշնչված է բնապահպան Ռեյչել Քարսոնի «Լուռ գարուն» գրքից։ Այն բեմադրվել է Վիվալդիի «Չորս եղանակներ»-ի՝ Մաքս Ռիխտերի վերամշակած երաժշտության ներքո:

Մյուս ստեղծագործություններն արտացոլում են հայկական բալետային ժառանգությունը: Ռուդոլֆ Խառատյանը Երևանում կաշխատի Moveius-ի արտիստների հետ այդ երկու բեմադրությունների շուրջ: «Ստաբատ Մատերը» քնարական խորհրդածություն է վշտի, կարեկցանքի և սիրո հարատև ուժի մասին։ Այն 2000 թվականին Վաշինգտոնում բեմադրվել է Խառատյանի ARKA բալետային խմբի կողմից՝ նրա դուստր Սոնա Խառատյանի գլխավոր դերակատարմամբ։ Այժմ, լինելով Moveius բալետի գեղարվեստական խորհրդատուն, Սոնա Խառատյանը վերաբեմադրել է այն խմբի համար:  «Կրքեր ըստ Բախի» ներկայացման մեջ պարողներ Միշա Գլուչկովան և Ադամ Չավիսը վերստին կներկայացնեն այն զուգապարը, որն առաջին անգամ կատարել են 2025 թվականին՝ մարմնավորելով ուղեծրում անդադար պտտվող սիրահար զույգի:

«Հայաստանի կառավարության կողմից COP17-ին ելույթ ունենալու հրավեր ստանալը մեծագույն պատիվ է մեզ համար»,-նշում է խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Դիանա Մովիուսն ու հավելում՝ իրենք կլինեն առաջին ամերիկյան բալետային խումբը, որը հանդես է գալիս Պարոնյանի անվան թատրոնի բեմում։  

«Տարիներ շարունակ ես բալետներ եմ ստեղծել բնաշխարհի մասին, քանի որ հավատում եմ՝ արվեստը կարող է ոգեշնչել մարդկանց՝ պահպանելու այն: Այդ աշխատանքը Երևան բերելը, որտեղ աշխարհը համախմբվում է հանուն բնության պահպանության, ինչպես նաև բեմը Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայի հետ կիսելը լավագույնս վկայում են մեր խմբի դավանած արժեքների մասին»,-շեշտում է նա։

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի հանդիսատեսը սիրում է արտասահմանյան պարային խմբերի ներկայացումներ դիտել։ «Հատկապես խորհրդանշական է, որ այս ստեղծագործություններից երկուսն արձագանքում են COP17-ի նպատակներին, իսկ մյուս երկուսն արտացոլում են Հայաստանի բալետային ժառանգությունը: Սա մեր երկու մշակույթների գեղեցիկ միաձուլում է»,-ընդգծում է նա։

Moveius Ballet-ը «Դիմակայունության եղանակները» և Խառատյանի «Կրքեր ըստ Բախի» բեմադրություններով հոկտեմբերի 29-ին հանդես կգա համաժողովի «Կանաչ գոտում», որը գործում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում