Մշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին  և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 28-29-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենան հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։

Անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանին նվիրված «Կյանքը գիտություն. Հրաչյա Աճառյան» խորագրով գիտաժողովի և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսի բացմամբ հոկտեմբերի 28-ին կտրվի  տոնական ծրագրի մեկնարկը։

Հոբելյանական միջոցառումները կազմակերպում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Բացմանը կմասնակցի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ը: Հանրապետության հրապարակի պատմությունը ներկայացնող շուրջ 40 լուսանկարներն ընտրվել են Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ճարտարապետության պալատի, Արմենպրես լրատվական գործակալության և անհատ լուսանկարիչների արխիվային հավաքածուներից: Հանրապետության հրապարակի պատմությունը կամբողջացնի «Տերյան» մշակույթի կենտրոնի տարազների ցուցադրությունը:

Միջոցառումների շարքը կեզրափակվի հոկտեմբերի 29-ին՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։ Կհնչեն հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։

Նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում որոշվել էր հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ.) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ.) 100-ամյակը ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում:

Հոբելյանական միջոցառումներն անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում