Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի համար լեռների պահպանությունը նաև ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. այս համոզմամբ COP17-ի շրջանակում մեկնարկել է Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Հարթակի միջոցով նպատակ ունենք համախմբել լեռնային երկրներին և աջակցել, որպեսզի լեռների ու քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությունն առաջնահերթ տեղ զբաղեցնի կենսաբազմազանության ազգային ծրագրերում, կլիմայական ռազմավարություններում և պետական բյուջեներում։ Մեզ համար այս կապի ամենավառ օրինակներից է Սևանա լիճը․ նրա պահպանությունը միավորում է բնության, ջրային պաշարների և մարդկանց բարեկեցության հարցերը։ Գործընկեր երկրներին հրավիրել եմ միանալ հարթակին, իսկ միջազգային կառույցներին ու դոնորներին՝ աջակցել մասնագիտական օգնությամբ և ներդրումներով։ Մեր նպատակը լեռնային էկոհամակարգերի պահպանության շուրջ համագործակցությունը վերածելն է երկրներում իրականացվող կոնկրետ ծրագրերի»,-ընդգծել է նախարարը։