Մշակույթ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

3 րոպեի ընթերցում

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես է եկել շվեյցարացի անվանի երգեհոնահար և կոմպոզիտոր Գի Բովեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան Ուրսուլա Լոյբլին, դիվանագիտական կորպուսի և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։

Համերգային ծրագրում ընդգրկված են եղել Յոհան Սեբաստիան Բախի, Ֆրանցիսկո Կոռեա դե Արաուքսոյի, Ջակոմո Պուչինիի և Գի Բովեի ստեղծագործությունները, ինչպես նաև իսպանական, մեքսիկական և շվեյցարական ժողովրդական երաժշտության նմուշներ։ 

Ծրագիրն առանձնացել է երաժշտական ոճերի և ազգային ավանդույթների բազմազանությամբ՝ բացահայտելով երգեհոնի կատարողական հարուստ հնարավորությունները։

Համերգի ավարտին Գի Բովեն որպես բիս ներկայացրել է իմպրովիզացիա՝ Կոմիտասի «Անձրևն եկավ» ստեղծագործության թեմայով։

Գի Բովեն երգեհոնային արվեստի ամենահեղինակավոր մասնագետներից և հետազոտողներից է։ Լինելով պատմական երաժշտական գործիքների վերականգնման և պահպանման ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ՝ նա հեղինակել է երգեհոնի պատմությանը նվիրված շուրջ 1400 հոդված։ Երաժիշտը դասավանդել է Եվրոպայի մի շարք հեղինակավոր երաժշտական հաստատություններում, այդ թվում՝ Բեռլինի, Վիեննայի, Օսլոյի, Հելսինկիի, Դուբլինի, Լոնդոնի և Մարսելի երաժշտական ակադեմիաներում։ Նա ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ և հեղինակել շուրջ 250 երաժշտական ստեղծագործություն։

Փառատոնի շրջանակում Գի Բովեն մենահամերգով հանդես է եկել նաև Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։

Գի Բովեի՝ Չարենցավանում և Երևանում կայացած համերգներն իրականացվել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության աջակցությամբ։

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում