Հայաստան

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

4 րոպեի ընթերցում

COP17-ում  ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Երևանում շարունակվող COP17 համաժողովի Կապույտ գոտու «Հայաստան» սրահում հոկտեմբերի 27-ին ներկայացվեցին «Արմստատ»-ի՝ շրջակա միջավայրի վիճակագրության և Շրջակա միջավայրի տնտեսական հաշիվների համակարգի (SEEA) վերաբերյալ աշխատանքները։ «Շրջակա միջավայրի վիճակագրությունից մինչև կայուն զարգացում» խորագրով միջոցառման բանախոսներն անդրադարձան բնապահպանական վերլուծություններում և ուսումնասիրություններում վիճակագրական տվյալների օգտագործման նշանակությանը:

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Նելլի Բաղդասարյանն անդրադարձավ Կայուն զարգացման նպատակների ցուցանիշների ազգային հաշվետվողականության հարթակին՝ նշելով, որ 306 ցուցանիշից հաշվետվություն է ներկայացվում 261-ի վերաբերյալ (85%), այդ թվում՝ 35 գլոբալ և 7 ազգային բնապահպանական ցուցանիշի։

Ընդգծվեց ցուցանիշների պարբերական արդիականացման և առաջընթացի մշտադիտարկման նշանակությունը։ Ներկայացվեց նաև SEEA-ի դերը՝ բնապահպանական և տնտեսական տվյալները մեկ միասնական շրջանակում համադրելու, բնական ռեսուրսների օգտագործման, բնապահպանական ճնշումների և դրանց արձագանքելուն ուղղված ծախսերի գնահատման գործում։

Ըստ բանախոսի՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն ջրի վերաբերյալ ցուցանիշներ կազմում է 2015 թվականից, իսկ օդի արտանետումներին առնչվող հաշիվների մշակման աշխատանքները շարունակվում են։

Նելլի Բաղդասարյանը ներկայացրեց նաև Շրջակա միջավայրի նպատակների դասակարգման (CEP) կիրառումը՝ բնապահպանական ծախսերի վիճակագրության արդիականացման և Շրջակա միջավայրի պահպանության ծախսերի հաշիվների (EPEA) զարգացման նպատակով։ CEP-ի ներդրումը կնպաստի բնապահպանական ծախսերի տվյալների հավաքման արդիականացմանը և Շրջակա միջավայրի պահպանության ծախսերի հաշիվների՝ EPEA-ի աստիճանական մշակմանը։

Ընդգծվեց, որ տվյալների ինտեգրումը կարող է բարելավել շրջակա միջավայրի քաղաքականության գնահատումը, ծախսերի և ներդրումների վերլուծությունը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված որոշումների հիմնավորումը՝ նպաստելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների մշտադիտարկմանը։

Առաջնահերթ է համարվում տվյալների որակի և մեթոդաբանությունների բարելավումը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը և միջազգային փորձագիտական հանրության շարունակական աջակցությունը։

«Վիճակագրությունը միայն թվերի և տվյալների հավաքածու չէ: Մեր նպատակն է ՝ նաև պատասխանել որոշակի հարցերի և որոշումներ կայացնողներին տրամադրել ամբողջական և համադրված տեղեկատվություն: Այսինքն՝ վիճակագրությունը պետք է դառնա վերլուծության հիմք և նյութ, ինչի համար անհրաժեշտ է ունենալ լիարժեք մանրամասն տվյալներ: Շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալները հիմնականում քաղում ենք վարչական ռեգիստրներից, այդ թվում՝ օգտվում ենք թափոնների, օդի արտանետումների, ջրօգտագործման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվությունից»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նելլի Բաղդասարյանը:

Իր հերթին «BirdLinks Armenia» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարեն Աղաբաբյանը ներկայացրեց SEEA-ի համար կենսաբազմազանության տվյալների ստանդարտացման հարցերը՝ անդրադառնալով անհրաժեշտ տվյալների հիմնական կատեգորիաներին (էկոհամակարգերի տարածքի և վիճակի տվյալներ, տեսակային և տաքսոնոմիական բազմազանության տվյալներ, էկոհամակարգային ծառայությունների ֆիզիկական և դրամական հոսքեր, տնտեսական և ինստիտուցիոնալ արձագանքի տվյալներ), ինչպես նաև տեսակների տարածվածության, առատության և Կարմիր ցուցակի կարգավիճակի վերաբերյալ տվյալներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում