Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները
9 րոպեի ընթերցում

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Տնտեսական լրագրողների ակումբի հոկտեմբերի 14-ին կազմակերպած քննարկման ընթացքում ներկայացվեցին և վերլուծվեցին «ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ ներգրավվածության հեռանկարները տնտեսական տարբեր hամակարգերում» թեմայով հետազոտական աշխատանքի արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանախոսներն անդրադարձան Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքին և հիմնական միտումներին, ներկայում ստեղծված իրավիճակին և հեռանկարներին:
«Հարավային Կովկասի քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլնշտայնը զուգահեռներ անցկացրեց Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակի և Բելառուսում շուրջ 7 տարի առաջ տեղի ունեցած տնտեսական զարգացումների միջև:
«Հայաստանն ունի տարբեր տնտեսական կախվածություններ։ Դրանք ինքնին պարտադիր չէ, որ բացասական լինեն։ Սակայն պետք է հաշվի առնել իմ նախորդ փորձից բխող երկու կարևոր նախազգուշացում։ Առաջին՝ եթե այն համակարգը, որից տվյալ երկիրը կախված է, ճգնաժամի մեջ հայտնվի կամ փլուզվի, դրա հետևանքները կարող են շղթայական ազդեցություն ունենալ կախվածության մեջ գտնվող երկրի վրա։ Երկրորդ՝ տնտեսական փոխկապակցվածությունը կարող է վերածվել քաղաքական ճնշման գործիքի»,- նկատեց նա:
Հայաստանն ինչպե՞ս կարող է դիվերսիֆիկացնել իր կապերը տարբեր տնտեսական միջավայրերում։ Իր իսկ հնչեցրած այս հարցին Յակոբ Վյոլնշտայնը պատասխանեց.
«Կարծում եմ՝ հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ Հայաստանը կարող է ավելի ամուր դիրքեր ունենալ՝ դիվերսիֆիկացնելով իր տնտեսական գործընկերությունները։ Երբ ուսումնասիրում ենք Եվրասիական տնտեսական միության անդամակցության քաղաքականացումը, տեսնում ենք, որ տնտեսական գործիքները կարող են կիրառվել քաղաքական ճնշման նպատակով։ Օրինակ՝ էներգակիրների գները կարող են դառնալ ճնշման միջոց, իսկ անդամակցությունն ինքնին՝ քաղաքական ազդեցության լծակ։ Ուստի Հայաստանը ճիշտ է անում, երբ մտածում է իր տնտեսական կապերի դիվերսիֆիկացման մասին»։

Յակոբ Վյոլնշտայնը միաժամանակ արձանագրեց, որ Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունները կամ ինտեգրումը նույնպես ունեն իրենց առանձնահատկություններն ու պայմանները. տնտեսական համագործակցությունը կարող է ենթադրել նաև պատժամիջոցների ռիսկեր։
«Եվրամիությունն էլ ունի տնտեսական կախվածություններն ու առևտրային հարաբերությունները որպես պատժամիջոց կիրառելու փորձ։ Տարբերությունն այն է, որ Եվրամիության պատժամիջոցները սովորաբար կապված են ժողովրդավարական չափանիշների խախտումների, խաղաղության և պատերազմի հարցերում պետության վարքագծի կամ ստանձնած պարտավորությունների չկատարման հետ։ Այսինքն՝ երբ երկիրը հայտնվում է Եվրամիության տնտեսական պատժամիջոցների ներքո, սովորաբար դրա համար որոշակի հիմքեր կան։
Նույնը վերաբերում է նաև արտադրանքի որակի հարցերին։ Մենք հաճախ լսում ենք պնդումներ, թե այս կամ այն ապրանքն այլևս չի համապատասխանում պահանջներին։ Եթե, օրինակ, Եվրամիությունը հանկարծ հայտարարի, որ որևէ ապրանք, այդ թվում՝ ջուրը, այլևս չի համապատասխանում սահմանված չափանիշներին, ապա արժե ստուգել՝ արդյոք դրա հետ կապված իրական խնդիր կա։ Հետևաբար, տնտեսական կախվածությունների դիվերսիֆիկացումը, միաժամանակ այն գիտակցումը, որ յուրաքանչյուր դաշինք ունի իր պայմաններն ու սահմանափակումները՝ խելամիտ մոտեցում է»,- նշեց նա:

Այնուհետև, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները, նշելով, որ դրա շրջանակում դիտարկվել են տնտեսական հարաբերությունների հիմնական ուղղությունները և այն հնարավորությունները, որոնք կարող են առաջանալ տարբեր տնտեսական ինտեգրման ձևաչափերի պայմաններում։
«Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման տեսանկյունից Հայաստանի հնարավորությունները որոշ ոլորտներում դեռևս սահմանափակ են։ Միևնույն ժամանակ, էներգակիրների ոլորտը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն կապված է խոշոր ռեսուրսների, ներմուծման և արտահանման ծավալների հետ։

Հայաստանի տնտեսական հարաբերությունները տարբեր գործընկերների հետ հավասարաչափ զարգացած չեն։ Որոշ ուղղություններով կախվածությունը բավականին մեծ է, իսկ տնտեսական կապերը՝ սահմանափակ և ոչ այնքան կայուն։ Այս միտումները կարևոր է հաշվի առնել նաև առաջիկա տարիների տնտեսական քաղաքականությունը մշակելիս»,- ասաց նա:
Սոս Խաչիկյանը գտնում է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել էներգակիրների շուկայի կառուցվածքին։ Ըստ նրա՝ հետազոտության ընթացքում ներկայացված որոշ ցուցանիշներ վկայում են, որ առանձին ապրանքների կամ շուկաների դեպքում կախվածությունը մեկ աղբյուրից կարող է հասնել 92 տոկոսի կամ նույնիսկ ավելի բարձր մակարդակի։
«Սա նշանակում է, որ տվյալ շուկաները բավարար չափով դիվերսիֆիկացված չեն։ Նման իրավիճակը կարող է լուրջ հետևանքներ ունենալ տնտեսական անվտանգության, արդյունաբերության և երկրի ընդհանուր զարգացման համար»,- նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանի շուկայում վերջին շրջանում բենզինի և դիզելային վառելիքի գների ու մատակարարումների հետ կապված փոփոխություններին՝ Սոս Խաչիկյանը նկատեց, որ, եթե չլինեին այլ երկրներից, այդ թվում՝ Ռումինիայից, Բուլղարիայից և Եգիպտոսից ներմուծման հնարավորությունները, իրավիճակը կարող էր շատ ավելի բարդ լինել։ Դա վկայում է այն մասին, որ ներմուծման այլընտրանքային ուղիներն ու գործընկերները կարող են նվազեցնել արտաքին ցնցումների ազդեցությունը։
Սոս Խաչիկյանի գնահատմամբ՝ շատ ավելի բարդ խնդիր է բնական գազի շուկայի դիվերսիֆիկացումը, որտեղ այլընտրանքային սցենարներն ավելի սահմանափակ են։
Հետազոտության ընթացքում դիտարկվել է նաև գազը էլեկտրաէներգիայով փոխարինելու հնարավորությունը։ Նշվեց, որ թեև էլեկտրաէներգիայի օգտագործումը կարող է որոշ դեպքերում ավելի թանկ լինել, քան գազինը, այն կարող է ծառայել որպես այլընտրանքային լուծում մատակարարումների խափանման դեպքում։
Ընդգծվեց, որ բնական գազի պարագայում ավելի սահմանափակ են էներգակիրների շուկաների խաթարման և մատակարարումների սահմանափակումներից խուսափելու այլընտրանքային հնարավորությունները, քանի որ միայն քաղաքական որոշմամբ հնարավոր չէ փոխել գազի ներմուծման աղբյուրները. դրա համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ։
Մասնավորապես, Իրանից գազ ներմուծելու տարբերակի իրագործումը պահանջում է ոչ միայն համապատասխան ենթակառուցվածքների առկայություն, այլև մի շարք տեխնիկական ու պայմանագրային հարցերի լուծում։
Սոս Խաչիկյանը նշեց նաև, որ Եվրամիության հետ տնտեսական կապերի ընդլայնման համար կարևոր խոչընդոտ է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելը։ Ըստ նրա՝ Հայաստանը ներկայումս չունի Եվրամիության հետ մեծածավալ մատակարարման շղթաներ կազմակերպելու բավարար հնարավորություններ՝ ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ աշխարհագրական դիրքի և սահմանների հասանելիությամբ պայմանավորված։ Նա գտնում է, որ իրավիճակը կարող է զգալիորեն փոխվել հայ-թուրքական սահմանի բացմամբ, ինչը կստեղծի ավելի կարճ և արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն։
Առանձնակի ընդգծվեց տնտեսական ինտեգրման գործընթացում ֆինանսական համակարգի կարևորությունը: Նշվեց, որ Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումը և միջազգային պահանջներին համապատասխանեցումը կարող են նպաստել եվրոպական շուկաների հետ համագործակցությանը։
Զեկույցին հաջորդած պանելային քննարկման ընթացքում Սոս Խաչիկյանը, Հայաստանի ներդրումային խորհրդի գրասենյակի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, Տնտեսական զարգացման կենտրոնի համահիմնադիր Գագիկ Մակարյանը և ԵՄ առևտրային քաղաքականության, տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտների փորձագետ Կարեն Ազարյանն ավելի մանրամասն անդրադարձան ներկայացված թեմայի տարբեր դրույթներին և պատասխանեցին մասնակիցներից մի քանիսի հնչեցրած հարցերին:
