Տնտեսություն

Գիտության նվաճումներն ավելի լայնորեն պետությանն ու ձեռնարկատիրությանը ծառայեցնելու հնարավորությունները քննարկվեցին հատուկ համաժողովում

8 րոպեի ընթերցում

Գիտության նվաճումներն ավելի լայնորեն պետությանն ու ձեռնարկատիրությանը ծառայեցնելու հնարավորությունները քննարկվեցին հատուկ համաժողովում

«Գիտության շաբաթ․Հայաստան 2026» համազգային միջոցառման շրջանակում Երևանում անցկացված «Գիտություն և բիզնես» խորագրով համաժողովում որոշվել է ստեղծել երկու ոլորտները կամրջող որոնողական հարթակ՝ գիտնականների և ձեռնարկատերերի միջև անմիջական կապի հաստատման հնարավորություն ընձեռելու նպատակով: 

«Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած այս միջոցառմանը մասնակցեցին գիտական կառույցների, ընկերությունների և ներդրումային համայնքի ներկայացուցիչներ:

«Գիտություն և բիզնես» համաժողովի բացումը

Համաժողովի պատվիրակները անկեղծ ու բաց քննարկումների ընթացքում անդրադարձան լիարժեք համագործակցության ձևավորման համար նպաստավոր միջավայրի ստեղծման անհրաժեշտությանը, խոսեցին բիզնեսի խնդիրների ու դրանց գիտական լուծումների մասին, ինչպես նաև ծանոթացան Հայաստանի գիտական ու տեխնոլոգիական կարողություններին: Իսկ շնորհանդեսները, ցուցադրությունները և թեմատիկ բնույթի հանդիպումներն ավելի գործնական բնույթ հաղորդեցին քննարկումներին:

Օրակարգի գլխավոր հարցի շուրջ շահագրգիռ երկխոսություն ծավալվեց «Հետազոտություններն ու մշակումները՝ որպես ռազմավարական ներդրում. բիզնեսի զարգացում և Հայաստանի ազգային խնդիրներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում, որի մասնակիցներն էին Earlyone և Lime Tech ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը, Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի (AICA) գործադիր տնօրեն Նարե Գևորգյանը, Art-Group ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Աբովյանը, Formula VC-ի գլխավոր գործընկեր Գրիգոր Հովհաննիսյանը և ԵՊՀ մեքենայական ուսուցման գիտական խմբի ղեկավար, «Երևանէն»-ի տնօրեն Հրանտ Խաչատրյանը:

Բանախոսները գիտություն-բիզնես համագործակցությունը դիտարկեցին երկարաժամկետ ներդրումների, տեխնոլոգիաների զարգացման և Հայաստանում նոր ավելացված արժեք ստեղծելու տեսանկյունից։

Պանելային քննարկման ընթացքում ձևավորվեց գիտությունն ու բիզնեսը կապող որոնողական հարթակ ստեղծելու գաղափարը։ Այն օգտատերերի նշած բանալի բառերի հիման վրա ինքնաբերաբար կառաջարկի համագործակցության համար հնարավոր գործընկերների։ Եթե գրանցման պահին համապատասխան գործընկեր չգտնվի, ապա հարցման հեղինակը ծանուցում կստանա հետագայում, երբ հարթակում գրանցվի իր առաջարկով հետաքրքրված մասնակից։

Համաժողովում ելույթներով հանդես եկան գիտական կառույցների և տեխնոլոգիական ընկերությունների մի խումբ ներկայացուցիչներ:

«Գիտուժ» նախաձեռնության ծրագրերի ղեկավար Ֆլորա Բաբաջանյանը բացման խոսքում նշեց, որ քննարկումների գլխավոր նպատակն է նպաստել գիտական կարողությունների և բիզնեսի խնդիրների մասին խոսակցությունների վերածմանը համատեղ աշխատանքի:

«Գիտություն և բիզնես» համաժողովի բացումը

«Ինչպե՞ս կարող է գիտական խմբի ստեղծած մեթոդը, նյութը կամ տեխնոլոգիական լաբորատորիայի արտադրանքը հասնել ընկերություններին և գործնական կիրառություն ստանալ։ Այս աշխատանքի նպատակը լինելու է ոչ թե պարզապես նոր տեխնոլոգիա ունենալը, այլև դրա շնորհիվ ավելի լավ արտադրանք ստեղծելը, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելը կամ նոր շուկա դուրս գալու հնարավորություն ստանալը: Գիտության և բիզնեսի համագործակցության արդյունքը կարող է կարևոր լինել ոչ միայն տվյալ ընկերության կամ գիտական խմբի, այլև ամբողջ երկրի համար»,- ընդգծեց նա:

Միջոցառմանը ներկայացվեցին նյութագիտության, ճարտարագիտական տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիայի, բժշկական լուծումների, շրջակա միջավայրի ուսումնասիրությունների և միջազգային գիտական համագործակցության ոլորտներում առկա հնարավորությունները։

Նպատակն էր ցույց տալ, թե Հայաստանում կուտակված գիտելիքները, հետազոտական փորձը, սարքավորումներն ու մշակումները ինչպես կարող են կիրառվել արտադրական և տեխնոլոգիական խնդիրների լուծման համար՝ նպաստելով նոր կամ բարելավված արտադրանքի ու ծառայությունների ստեղծմանը։

Անմիջական շփումների ընթացքում էլ արձանագրվեցին հետազոտություններ կամ նոր տեխնոլոգիաների կիրառում պահանջող խնդիրները, Հայաստանում դրանց լուծմանը նպաստող կարողությունները, համատեղ աշխատանքի ձևավորման սկզբունքները։

Advanced Technologies Group ընկերության զարգացման տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Էյրամջյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց ընկերությունը սերտորեն համագործակցում է գիտնականների և գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Գիտություն և բիզնես» համաժողովի բացումը

«Շատ կարևոր է կիրառական նշանակություն հաղորդել հետազոտական աշխատանքներին, փորձել դրանք ներդնել տարբեր կիրառական խնդիրների, ինչու չէ, նաև կոմերցիոն պրոյեկտների լուծման մեջ։ Այս ուղղությամբ արդեն ունենք որոշակի դրական փորձ: Որոշ հետազոտություններ արդեն ներդրել ենք մեր աշխատանքներում: Նաև ունենք գիտահետազոտական աշխատանքներ, որոնք ևս հետագայում մտադիր ենք կոմերցիալիզացնել։

Մեր ընկերությունն անպայման որոշակի գումար է հատկացնում հետազոտական աշխատանքներին: Թե հետագայում դրանցից ո՞րը կյանքի կկոչվի իբրև կիրառական պրոյեկտ, այս պահին դժվար է միանշանակ ասել: Ի դեպ, այդպես է տեղի ունենում ամբողջ աշխարհում՝ հետազոտական աշխատանքներ մշտապես են կատարվում, բայց դրանց մի մասն է միայն հետագայում կիրառական դառնում»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ իրենց ընկերությունը նախնական պայմանավորվածություններ ունի որոշ գիտնականների հետ ու հանդիպումների ընթացքում փորձելու են հասկանալ, թե նրանց կատարած աշխատանքներից որոնք կարող են կիրառելի լինել իրենց նախագծերում:

Տարբեր ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը, կարևորելով գիտնականների և գործարարների միջև երկխոսության հարթակի ձևավորումը, առաջնային համարեց գիտական մշակումները կյանքի կոչելու միջոցով նոր արժեքի ստեղծումը:

«Գիտություն և բիզնես» համաժողովի բացումը

«Մենք նախագծում ենք տարբեր տերմինալներ, բանկոմատներ, առաջարկում ենք համանման այլ լուծումներ: Ցանկացած նորարարություն կարող է նոր թափ հաղորդել մեր բիզնեսին, ինչպեսև ցանկացած այլ խոշոր բիզնեսի: Մեծ արժեք ստեղծող ընկերությունները միշտ ունենում են գիտահետազոտական աշխատանքի հիմք, որը թույլ է տալիս մրցակցային առավելություն ստանալ շուկայում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գիտելիքներ, որոնք մեր գործարարներին փոխանցելու նպատակով ենք ստեղծել այս միջավայրը: Փորձելու ենք ծանոթանալ տարբեր առաջարկների և հասկանալ դրանց կիրառման հնարավորությունները»,- «Արմենպրես»-ին հայտնեց նա:

Համաժողովը կազմակերպել էր «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Earlyone ընկերության աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում