Բիզնես

«Մուտք դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով

5 րոպեի ընթերցում

«Մուտք դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նորարական լավագույն գաղափարները 10 մլն դրամի աջակցություն կստանան պետությունից՝ դրանք բիզնես դարձնելու համար: «Գաղափարից բիզնես» ծրագրի շրջանակում հայտարարված «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով և  կունենա հավելյալ դրամաշնորհ «Bahamut Foundation»-ի կողմից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝  նշելով, որ յուրաքանչյուր հաղթող կստանա 10 միլիոն դրամ դրամաշնորհ, իսկ  «Bahamut Foundation»-ը հաղթողներից կընտրի իր չափորոշիչներին համապատասխան ընկերություններին՝ հավելյալ դրամաշնորհ տրամադրելու նպատակով:

Ռուբեն Սիմոնյանն ընդգծեց՝  «Գաղափարից բիզնես» նախագիծը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և  տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Նախարարի տեղակալը նշեց՝ ընկերություններին չեն սահմանափակում կոնկրետ պրոդուկտի կամ գաղափարի  շուրջ, քանի որ շուկան ինքն է թելադրում, թե այս տարի և առհասարակ առաջիկայում ինչ պահանջարկ  կլինի դաշտում:  

«Մասնակիցներին չսահմանափակելը բերում է ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, և մենք, բնականաբար, պետք է օգնենք այդ ընկերություններին աճել և զարգանալ: Նախարարության և ՀՀ կառավարության նպատակներից մեկն է ինչ-որ մի փուլում Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, և ստարտափ էկոհամակարգը նպաստում է նաև դրան: Կարծում եմ, որ հաղթողներին տրամադրվող դրամաշնորհները նրանց պրոդուկտները միջազգային շուկաներ տանելու հնարավորություն կտան: Մեծ ցանկություն ունենք, որ հայկական պրոդուկտները իրենց տեղը գտնեն  միջազգային շուկաներում»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց՝ նախագծերի գնահատման հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի լավագույն մասնագետները, ընտրությունը անցկացվելու է արդեն իսկ գոյություն ունեցող ստանդարտներով: 

Փոխնախարարը նշեց, որ այս տարի մրցույթում որոշակի փոփոխություններ են իրականացվել. մրցույթի շրջանակներում կիրականացվի աքսելերացիոն ծրագիր:

«Սա ենթադրում է, որ առաջին փուլն անցած մասնակիցների համար կանցկացվեն թրեյնինգներ՝ անկախ նրանից այդ մասնակիցները կհաղթե՞ն, թե՞ ոչ: Սա անում ենք, որպեսզի օգնենք նաև այն թիմերին, որոնք չեն հաղթի: Մյուս փոփոխությունն այն է, որ այս տարի մրցույթի գնահատման առաջնային փուլը հաղթահարած ընկերությունների համար երկրորդ փուլը կիրականացվի «Fast Media»-ի և «Bahamut Foundation»-ի հետ՝ հեռուստատեսային նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով»,- ասաց նախարարի տեղակալը: 

«Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը նշեց, որ հեռուստատեսային այս նոր նախագծով փորձելու են ցույց տալ այն հսկայական աշխատանքը, որը ծրագրի շրջանակներում իրականացվում է: Նա վստահեցրեց՝ սպասվում է հետաքրքիր և բովանդակային հեռուստատեսային նախագիծ: 

«Bahamut Foundation»-ի անդամ և խորհրդատու Արամ Ջիվանյանն էլ նշեց՝ իրենց հիմնադրամը ստեղծված է նպաստելու WEB3 էկոսիստեմի զարգացմանն  ամբողջ աշխարհում և Հայաստանում: 

«Հիմնադրամն առաջիկայում նպատակ ունի մեծ ներդրումներ իրականացնել ոլորտի մի շարք ծրագրերում՝ աշխատելով ոլորտի զարգացման ուղղությամբ: Սա նաև մեծապես նպաստեց նախարարության հետ այս համագործակցության իրագործմանը: 

Համագործակցության շրջանակում «Bahamut Foundation»-ի կողմից հավելյալ 50,000,000 դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ կտրամադրվի հաղթող ընկերություններին, որը կարող է ավելանալ՝ կախված նախագծերի ներդրումային հետաքրքրությունից, դրանց ինքնատիպությունից և նորարարական լուծումներից: Ակնկալում ենք և շատ ուրախ կլինենք, եթե լինեն ծրագրին մասնակցող  հետաքրքիր WEB3 նախագծեր»,- նշեց  Արամ Ջիվանյանը:

Փոխնախարարն ու հիմնադրամի ներկայացուցիչը հորդորեցին ստեղծված առիթը բաց չթողնել և մասնակցել նախագծին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում