Ամուլսարի հանքավայր. ոսկեփայլ ապագայի սպասումով
13 րոպեի ընթերցում

Անկախության շրջանում Հայաստանում շահագործման հանձնված առաջին ոսկու հանքը, որը հայտնաբերողներն այն կնքել են Ամուլսար անվամբ, 2026 թվականի աշնանը երկնեց առաջին ձուլակտորը: Այս իրադարձության կապակցությամբ բուն հանքի հարակից տարածքում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էին նաև կառավարության անդամներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ձուլակտորի լույս աշխարհ գալու պատմական պահը սերունդներին կփոխանցվի վավերագրված տեսանյութի միջոցով: Գործողությունն իրականացվել է նախազգուշական բոլոր միջոցների խստիվ պահպանմամբ, իսկ երկրածնունդն ընդունողը կրում է հատուկ համազգեստ: Բառիս բուն իմաստով թանկարժեք և երկար սպասված «նորածին»-ը պաշտոնապես ազդարարեց Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկի զարգացման նոր փուլի մեկնարկը: Այն իրականացվում է «Լիդիան Արմենիա»-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ձևավորված ռազմավարական գործընկերության շրջանակում:
«Լիդիան Արմենիա»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը լրագրողներին հայտնեց, որ իրենց ընկերությունն ունի Ամուլսարի հանքը 12 տարի շահագործելու արտոնագիր:

«Կարծում ենք՝ սա մոտավորապես 40 տարվա ծրագիր է: Ուզում եմ ճշտեմ, որ արտահանվելու է աֆինաժի (խառնուրդներից և ուղեկցող քիմիական տարրերից թանկարժեք մետաղի խորը մաքրման մետալուրգիական գործընթաց՝ մաքրության բարձր աստիճանի մետաղ ստանալու նպատակով - խմբ․) համար, քանի որ այսօր ստանում ենք ոսկու և արծաթի համաձուլվածք: Արտահանել ենք Շվեյցարիա»,- նշեց նա։
Բանախոսի տեղեկացմամբ՝ ընկերությունը ներկայումս ունի 1500 աշխատակից, որոնց մոտավորապես 30 տոկոսը տեղի բնակիչներ են: Իսկ առհասարակ, գործընթացում ներգրավված է շուրջ 4000 աշխատակից։ Միջին աշխատավարձն էլ, ինչպես առանց թվեր հրապարակելու նշեց Հայկ Ալոյանը, հանքարդյունաբերական ոլորտում սահմանվածից բարձր է։

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան նա մանրամասնեց, որ ընկերությունը 2026 թվականին նախատեսում է թողարկել մոտ 100 մլն դոլարի արտադրանք (տարվա վերջին երեք ամիսներին կանոնավոր կերպով արտադրանք տալու պարագայում)։ Մինչդեռ, հաջորդ տարիներին արտադրության ծավալները նախատեսվում է հասցնել մոտ 860-900 մլն դոլարի՝ կախված համաշխարհային շուկայում ոսկու արժեքից:
Մեր մյուս հարցից, թե ով է ձուլել առաջին ձուլակտորը, Հայկ Ալոյանն անակնկալի եկավ և, կարծես, ընկղմվելով հաճելի հուշերի գիրկը՝ խոստովանեց՝ անձամբ է ձուլել առաջին ձուլակտորը, իսկ գործողությունն ընթացել է առանց բարդության։

«Որևէ ռիսկ չկար: Մեր գործընկերներն ամբողջ պրոցեսն իրականացրեցին: Ես էլ մասնակցեցի ու իմ ձեռքերով ձուլեցի առաջին ոսկին: Դա սեպտեմբերի 16-ին էր։ Շատ հուզված էի։ Ես երկրաբան եմ։ Այս մասնագիտությամբ զբաղվում եմ արդեն շուրջ 30 տարի, բայց կյանքում ոսկի չէի ձուլել։ Անչափ հետաքրքիր էր: Իրականում շատ հուզիչ է՝ նման է սեփական զավակի ծնվելու պահին»,- անկեղծացավ Հայկ Ալոյանը։
«Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանն առանձնակի ուշադրություն հրավիրեց նախագծի սոցիալ-բնապահպանական գործոններին:

«Բոլորովին վերջերս «Լիդիան Արմենիա» ընկերությունը, Կառավարությունը և ազդակիր մեր երեք համայնքները պայմանավորվածության համաձայն՝ հստակեցրեցին ամբողջ աշխատանքն ու ծրագիրը։ Արձանագրվեց, որ համայնքներին տարեկան կհատկացվի 7-9 մլն դոլար գումար։ Հստակեցվեցին նաև ծրագրի մեթոդաբանությունը, ուղղությունները, աշխատանքի ձևաչափը»,- հայտնեց Գնել Սանոսյանը:
Ըստ նրա՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կիրականացնի նաև ազգային պարկի ստեղծման ծրագիր՝ այդ նպատակին հատկացնելով 5 մլն դոլար։

Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց նաև, որ կիրառվող տեխնոլոգիաների, մի շարք նորարարությունների առումով այս նախագիծն ամբողջովին նոր խոսք է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում և կարող է հսկայական սոցիալական ու տնտեսական ազդեցություն ունենալ։
ՏԿԵ նախկին նախարարը հայտնեց նաև, որ «Լիդիան Արմենիա»-ում Հայաստանի կառավարության մասնաբաժնի ավելացման հարց չի քննարկվել:

Անդրադառնալով բնապահպանական ռիսկերի առկայությանը՝ Գնել Սանոսյանը նշեց.
«Շինարարության փուլում կարևորվել է, որ նախագիծն ամբողջությամբ իրականացվի նախատեսվածի համաձայն։ Սահմանված չափանիշների պահպանմանը հետևել են բազմաթիվ ընկերություններ, նաև միջազգային բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Աշխատանքների այսպիսի իրականացումը ցույց է տալիս, որ նման խնդիրներ չենք ունենա»,- հավաստիացրեց նա։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գնահատմամբ էլ՝ նախագծի իրականացմամբ ազդարարվել է Հայաստանի տնտեսության նոր փուլ թևակոխելու մասին, քանի որ Ամուլսարում կյանքի է կոչվում արտադրական գործընթացի գրեթե ամբողջական շղթան: Ի դեպ, «Լիդիան Արմենիա»-ն ընդհանուր առմամբ շուրջ 750 մլն դոլար է ներդրել Ամուլսարի ծրագրում, որից 150 միլիոնը ՀՀ կառավարության բյուջետային երաշխիքի հիման վրա տրամադրել է «Ամերիաբանկը»։

«Սա պետության և մասնավոր հատվածի համագործակցության շատ կարևոր օրինակ է: Շահագործման փուլում ավելի քան 210 հազար ունցիա ոսկու արտադրություն է պլանավորվում: Մեր հաշվարկներով՝ հարկերով, տուրքերով ու ռոյալթիով ներառյալ, պետական բյուջե է վճարվելու 130 միլիոն դոլար: Գումարած նաև այն, որ Կառավարությունը 12.5 տոկոսի մասնաբաժին ունի այս նախագծում, որը մեր գնահատմամբ՝ տարեկան առնվազն 1.5 տոկոսով կարող է ավելացնել Հայաստանի համախառն ներքին արդյունքը: «Լիդիան Արմենիա»-ն էական աջակցություն է ցույց տալու մեր համայնքներին, որպեսզի այս գործընթացի շահառուն ուղղակիորեն դառնան նաև մեր համայնքների բնակիչները: Սրա արդյունքում ոչ միայն ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր, այլև տնտեսական զարգացման նոր ճանապարհ է բացվելու այս տարածաշրջանի, հատկապես՝ Վայքի, Ջերմուկի, Սիսիանի համար»,- նշեց Գևորգ Պապոյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նույնպես գտնում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ էապես փոխվելու է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հարակից բնակավայրերի դիմագիծը:

«Ուզում եմ շեշտել, որ սա շատ լավ հնարավորություն է Ամուլսարի գործընկերների, ընդերքօգտագործման ոլորտի պատասխանատուների, մեզանից յուրաքանչյուրի համար՝ ցույց տալու, ապացուցելու, որ հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը կարող են աշխատել իրար կողք՝ չխանգարելով մեկը մյուսին և չխաթարելով բնությունը։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հենց այս պատկերն էլ ունենալու ենք»,- ասաց նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքավայրի շահագործումը համարում է հաջողության պատմություն, իսկ դրա հետ կապված բնապահպանական մտահոգությունները՝ փարատված:

«Բոլորդ գիտեք, որ Ամուլսարի նախագիծը տարբեր դրսևորումներով է արտահայտվել և կարծում եմ, որ մենք նաև այդ անցած ճանապարհը պետք է վերլուծենք՝ հետագայում նաև ներդրումային ծրագրերի հետ կապված գործելակարգեր որդեգրելու համար: Կարծում եմ՝ կարևորագույն խնդիրներից մեկն այս ամենի վերաբերյալ հանրության ընկալումը, իրազեկումը բարձրացնելն է:
Կարծում եմ, վճռական որոշումը և համաձայնությունը, որը բերեց ճեղքման, այն էր, որ նախ բնապահպանական ոլորտի հետ առնչվող բոլոր հարցերին տվեցինք պատասխան։ Մյուս կողմից՝ շատ կարևոր էր այդ ճանապարհն անցնելը, համոզված լինելը, որովհետև ուզում եմ հիշեցնել՝ ընդհուպ Սևանա լճի թունավորման և այլնի ահազանգեր, մտահոգություններ էին հնչում: Եվ մենք այսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ այդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն: Նաև պետք է արձանագրենք, որ ցանկացած զարգացած երկրի համար զարգացման կարևորագույն լոկոմոտիվ է այս որակի հանքարդյունաբերությունը, որը բնապահպանական և բոլոր սոցիալական առումով պատասխանատու է»,- նշեց նա։
Անդրադառնալով ծրագրի սոցիալական պատասխանատվության բաղադրիչին՝ վարչապետը կարևորեց համայնքների ստանալիք էական աջակցությունը «Լիդիան Արմենիա» ընկերությունից: Նիկոլ Փաշինյանը նախագծում Կառավարության ունեցած 12.5 տոկոսի բաժնեմասը համարում է ծրագրին ժողովրդի լրացուցիչ մասնակցության դրսևորում։

«Ուզում եմ հիշեցնել, որ նախորդող շրջանում նաև հարկային օրենսգրքում ենք փոփոխություններ իրականացրել և ռոյալթիների որոշակի համակարգերի փոփոխություն ենք իրականացրել, որը նաև որոշակի փոխկապակցվածության մեջ է դրվել միջազգային գների հետ՝ ոսկու, պղնձի և այլն, որը նաև մեր պետական բյուջեի համար լրացուցիչ եկամուտներ է ապահովում:
Մեր տնտեսությունը վերջին հինգ տարիներին տարեկան միջինում 7.9 տոկոս աճ է ունեցել, և 2018 թվականից մեր երկրի համախառն ներքին արդյունքը 2025 թվականի արդյունքներով (2026-ինը կամփոփենք, հետո կասենք) 53 տոկոսի աճ է ունեցել: Եվ ահա, երկրի համախառն ներքին արդյունքի աճը խթանող նոր հսկայական ներդրումային ծրագիր ունենք»,- արձանագրեց վարչապետը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մեզ հետ զրույցում ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Ամուլսարը Հայաստանի նորագույն պատմության խոշորագույն ներդրումային նախագիծն է՝ գնահատեց դրա շահագործումից ակնկալվող տնտեսական ազդեցությունը:
«Սա ոչ միայն տեղական, այլև հանրապետության մակարդակով բավական լուրջ տնտեսական ազդեցություն է ունենալու։ Միայն այն հանգամանքը, որ շրջանառությունը կամ արտահանումը կազմելու է մոտ 930 միլիոն դոլար, վկայում է այն մասին, որ ունենալու ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պես արդյունաբերական հսկա։ Այսինքն, կարող ենք արձանագրել՝ մեր տնտեսության մեջ ունենք երկրորդ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը, որը տնտեսության վրա կունենա մոտ 2 % ուղղակի ազդեցություն, իսկ անուղղակի ազդեցությունը կարող է լինել ևս 1.5-2 %: Հաշվի առնելով այն, որ սա համակարգաստեղծ ընկերություն է դառնալու, ավելի քան 200 փոքր և միջին կազմակերպությունների համար պատվիրատու է լինելու՝ դառնալով լոկոմոտիվ ամբողջ ոլորտի և տարածաշրջանային բիզնեսի համար»,- մատնանշեց Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի կարծիքով՝ նախագիծը նաև բավականին լուրջ սոցիալական էֆեկտ է ապահովելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծվելու է բարձր վարձատրությամբ մոտավորապես 1000 աշխատատեղ, իսկ անուղղակի աշխատատեղերի քանակը հասնելու է 4-6 հազարի:
«Իսկ այստեղի աշխատավարձերը բավականին բարձր են՝ միջինում 900 հազար դրամ և ավելին: Սա բավականին բարձր ցուցանիշ է, նույնիսկ գերազանցում է Հայաստանի մյուս հանքարդյունաբերական ձեռնարկություններում միջին աշխատավարձի չափը։ Վայոց ձորը Հայաստանի աղքատ մարզերից է։ Այստեղ աղքատությունը մոտավորապես 25 տոկոս է՝ երկրի միջին ցուցանիշից բարձր։ Ամուլսարի շահագործման դեպքում, ինչպես նաև Ամուլսարի սոցիալական ծրագրերի մասով, մոտավորապես 8-9 միլիոն դոլար է հատկացվելու ազդակիր համայնքներին։ Աղքատության մակարդակը կարող է էականորեն նվազել, մոտավորապես 2-3 անգամ։ Վայոց ձորի պարագայում, որտեղ բնակչությունը քիչ է և զբաղվածության մասով բավականին լուրջ հարցեր կան, դա կարող է լուրջ խնդիր լուծել երկարաժամկետ կտրվածքով։
Տնտեսագետը համարում է, որ Հայաստանն իրականացնելով այսպիսի նախագիծ՝ կարող է ազդակ փոխանցել ներդրողներին առ այն, որ երկիրը շարունակում է աշխատել միջազգային կանոններով և պատրաստ է իրականացնել նոր նախագծեր:
