Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար
3 րոպեի ընթերցում

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 30-ը, ժամը 06:00-ն Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության կողմից տարածված հաղորդագրության մեջ։
«Տիգրան Մեծի պողոտայի՝ Ագաթանգեղոսի փողոցից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար։ Սահմանափակման հետևանքով հանրային փոխադրամիջոցների մի շարք երթուղիներում փոփոխություններ կլինեն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ այդմ՝ կգործեն ավտոբուսային հետևյալ երթուղիները․
Թիվ 7՝ Վարդանանց փողոց → Խանջյան փողոց → Տիգրան Մեծի պողոտա → Հանրապետության հրապարակ → Պապ թագավորի փողոց → Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։
Թիվ15, N29 և N53՝ Մոսկովյան փողոց → Խանջյան փողոց → Տիգրան Մեծի պողոտա → Քրիստափորի փողոց → Արշակունյաց պողոտա, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։
Թիվ38՝ Մաշտոցի պողոտա → Պապ թագավորի փողոց → Հանրապետության հրապարակ → Տիգրան Մեծի պողոտա → Սասունցի Դավիթ, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։
Տրոլեյբուսային երթուղիներ․
Տ2 երթուղի՝ Էլեկտրական գնացքի կայարանից դեպի «Այրարատ» կինոթատրոն երթևեկելիս Տիգրան Մեծի պողոտայից ձախ շրջադարձ կկատարի դեպի Քրիստափորի փողոց, այնուհետև կշարունակի Արշակունյաց պողոտայով և կվերադառնա գործող ուղեգիծ՝ մինչև «Աերացիա»։
Տ4 երթուղի՝ Էլեկտրական գնացքի կայարանից դեպի «Այրարատ» կինոթատրոն երթևեկելիս Տիգրան Մեծի պողոտայից ձախ շրջադարձ կկատարի դեպի Քրիստափորի փողոց, այնուհետև կշարունակի Արշակունյաց պողոտայով, Գրիգոր Լուսավորչի փողոցով և կվերադառնա գործող ուղեգիծ՝ մինչև Ավան թաղամաս։ Խնդրում ենք երթևեկության մասնակիցներին և հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներին՝ հաշվի առնել նշված փոփոխությունները և նախապես պլանավորել իրենց երթուղիները։
Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: