Հայաստան

Ուիգմորը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի առաջատար մանկական բժշկական կենտրոնի՝ Great Ormond Street Hospital-ի հետ

3 րոպեի ընթերցում

Ուիգմորը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի առաջատար մանկական բժշկական կենտրոնի՝ Great Ormond Street Hospital-ի հետ

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի առաջատար մասնագիտացված մանկական բժշկական կենտրոններից մեկի՝ Great Ormond Street Hospital for Children-ի (GOSH) հետ։

Ավելի քան 170 տարվա պատմություն ունեցող Great Ormond Street Hospital-ը միջազգային հեղինակություն վայելող բժշկական կենտրոն է, որը մասնագիտացած է բարդ և հազվագյուտ հիվանդություններով երեխաների բուժման, բժշկական նորարարությունների, գիտահետազոտական գործունեության և մասնագիտական կրթության ոլորտներում։ Այն աշխարհի առաջատար մանկական հիվանդանոցներից է, որտեղ համատեղվում են բարձր մասնագիտացված բուժօգնությունը, գիտական առաջընթացը և բժշկական կրթությունը։

Այս գործընկերությունը կարևոր քայլ է ինչպես Ուիգմորի զարգացման, այնպես էլ Հայաստանում մանկական առողջապահության համակարգի կարողությունների հզորացման ճանապարհին։ GOSH-ի մասնագիտական փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակումը կնպաստի ժամանակակից բժշկական մոտեցումների ներդրմանը, բազմամասնագիտական թիմային աշխատանքի զարգացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը։

Համագործակցության առանցքում են բուժաշխատողների կրթությունն ու վերապատրաստումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև որակի կառավարման և պացիենտների անվտանգության համակարգերի կատարելագործումը։

Գործընկերության շրջանակում արդեն մեկնարկել են առաջին մասնագիտական վերապատրաստումներն ու փորձի փոխանակման ծրագրերը։ Ս․թ․ նոյեմբերի 16-ից Ուիգմորի մասնագետները երկշաբաթյա վերապատրաստում են անցնում Great Ormond Street Hospital-ում՝ ծանոթանալով բարդ մանկական դեպքերի վարման առաջատար մոտեցումներին, խորացնելով իրենց մասնագիտական գիտելիքները և զարգացնելով բազմամասնագիտական համագործակցության հմտությունները։

Գործընկերության երկարաժամկետ տեսլականը միտված է անհատական մասնագիտական փորձառությունը ինստիտուցիոնալ կարողության վերածելուն՝ նպաստելով Հայաստանում մանկական մասնագիտացված բուժօգնության համակարգային զարգացմանը և միջազգային լավագույն փորձի տեղայնացմանը։

Great Ormond Street Hospital-ի հետ այս համագործակցությունը երկարաժամկետ գործընկերության սկիզբ է, որի գլխավոր նպատակը Հայաստանում երեխաների համար մասնագիտացված, որակյալ և անվտանգ բուժօգնության հնարավորությունների ընդլայնումն է։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում