Հայաստան–Մեծ Բրիտանիա համագործակցություն․ Ուիգմորը գործընկերության հուշագիր է ստորագրում Great Ormond Street Hospital-ի հետ
3 րոպեի ընթերցում

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը 2026 թվականի նոյեմբերի 23-ին համագործակցության հուշագիր կստորագրի Միացյալ Թագավորության առաջատար մանկական բժշկական կենտրոններից մեկի՝ Great Ormond Street Hospital for Children (GOSH)-ի հետ՝ նպաստելով Հայաստանում մանկական առողջապահության զարգացմանն ու մասնագիտացված բուժօգնության որակի բարձրացմանը։
Գործընկերության նպատակն է ձևավորել երկարաժամկետ համագործակցություն՝ ուղղված մանկական բժշկական ծառայությունների զարգացմանը, մասնագիտական ներուժի ամրապնդմանը, կլինիկական կրթությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև բուժօգնության որակի և բուժառուների անվտանգության շարունակական բարելավմանը։
1852 թվականին հիմնադրված Great Ormond Street մանկական հիվանդանոցը Միացյալ Թագավորության առաջին կենտրոնն է՝ մասնագիտացած երեխաների ստացիոնար բուժօգնության մեջ։ Ավելի քան 170 տարվա պատմություն ունեցող կենտրոնն այսօր մանկական առողջապահության ոլորտում միջազգային հեղինակություն վայելող հաստատություններից է և Միացյալ Թագավորության առաջատար մանկական հիվանդանոցներից մեկը՝ մասնագիտացված ծառայությունների լայն շրջանակով։
Հիվանդանոցը միջազգային ճանաչում ունի հատկապես բարդ և հազվագյուտ հիվանդություններով երեխաների բուժման, նորարարական բժշկական մոտեցումների մշակման ու ներդրման, գիտահետազոտական գործունեության և մասնագիտական կրթության ոլորտներում։ Նրա գործունեության հիմքում բազմամասնագիտական թիմային աշխատանքն է, առաջադեմ կլինիկական փորձը և բուժման ապացուցահեն մոտեցումների շարունակական զարգացումը։
GOSH-ի հետ գործընկերությունը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի, այլև Հայաստանի մանկական առողջապահության համակարգային զարգացման տեսանկյունից։ Գործընկերությունը նոր հնարավորություններ կստեղծի միջազգային առաջատար կենտրոնի գիտելիքն ու փորձը հայ մասնագետներին փոխանցելու, նեղ մասնագիտացված բժշկական ծառայությունները զարգացնելու, կլինիկական կարողություններն ամրապնդելու և միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար։ Համագործակցությունը կներառի մասնագետների վերապատրաստման և մասնագիտական փոխանակման ծրագրեր, բազմամասնագիտական թիմերի համագործակցություն և որակի բարելավման նախաձեռնություններ։
Գործընկերության առանցքում անհատական մասնագիտական փորձի զարգացումից դեպի կայուն ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման անցումն է՝ որպես Հայաստանում մանկական մասնագիտացված բուժօգնության զարգացման կարևոր գործոն։ Այն հեռանկարային հիմք է ստեղծում միջազգային փորձի տեղայնացման, նոր ծառայությունների զարգացման և Հայաստանի երեխաների համար առավել լայն, հասանելի և որակյալ մասնագիտացված բուժօգնության ապահովման ուղղությամբ։