Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը
3 րոպեի ընթերցում

Վճռաբեկ դատարանը բեկանել է Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ տվել առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված է, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցվել է մինչդատական վարույթի և դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու ընդհանուր 10 ամիս 12 օրը։ Արդյունքում՝ Համբարձումյանը կկրի 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով ազատազրկում՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։ Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման օրը՝ նոյեմբերի 27-ին։
Քրեական գործը վերաբերում է 2018 թվականի ապրիլի 22-ին՝ հեղափոխության օրերին, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ դատարանի՝ Մասիսի այդ ժամանակվա քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, նրա եղբայր Գոռ Համբարձումյանը և այլ անձինք փակել էին Երևան տանող ճանապարհը՝ խոչընդոտելով Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով կազմակերպված երթը։ Նրանք բռնություն էին գործադրել երթի մասնակիցների նկատմամբ։
Դատարանը հաստատված է համարել նաև Դավիթ Համբարձումյանի կողմից ցուցարարների ուղղությամբ կրակելու հանգամանքը։ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին ատյանի դատարանը Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել նախկին Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, մեղավոր էր ճանաչվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար, սակայն նրա նկատմամբ պատիժ չէր նշանակվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
2026 թվականի հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի դատավճիռը Համբարձումյան եղբայրների մասով և գործն ուղարկել նոր քննության։ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինվել էր վարչական հսկողությամբ, և նա ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճում։ Նրա նկատմամբ կիրառված 5 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը թողնվել էին անփոփոխ։
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ էին ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, այնպես էլ Դավիթ Համբարձումյանի պաշտպանները։ Վերջիններս վիճարկել էին մեղադրանքի ապացուցվածությունը և պահանջել արդարացման դատական ակտ կայացնել։ Վճռաբեկ դատարանը, սակայն, գտել է, որ առաջին ատյանի դատարանը Համբարձումյան եղբայրների արարքներին տվել է հիմնավորված քրեաիրավական գնահատական, իսկ Վերաքննիչ դատարանը գործը նոր քննության ուղարկելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում։