Վրաստան

Հայ-վրացական համայնքային կապերի ամրապնդում՝ եվրոպական ինտեգրման ընդհանուր տեսլականով․ ստորագրվել է համագործակցության հուշագիր

2 րոպեի ընթերցում

Հայ-վրացական համայնքային կապերի ամրապնդում՝ եվրոպական ինտեգրման ընդհանուր տեսլականով․ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանն ընդունել է Վրաստանի համայնքների միության անդամներին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ Հայաստանի համայնքների միությունն ու Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթը միտված է երկու երկրների տեղական ինքնակառավարման համակարգերի միջև ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ 

Կարևորելով երկու կառույցների միջև ձևավորվող գործակցությունը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր ունեն նաև համայնքների միջև անմիջական կապերը։ Դրանք հնարավորություն են տալիս միջպետական համագործակցությունը հարստացնել գործնական նախաձեռնություններով, որոնց արդյունքները անմիջականորեն կարտացոլվեն բնակիչների առօրյայում։

Իր հերթին, կարևորելով Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությունը, Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Նինո Ռուխկաձեն նկատել է, որ երկու երկրներն ունեն ընդհանուր՝ եվրոպական ընտանիքին անդամակցելու նպատակ, և այս գործընթացում կարևոր դեր ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները։

Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ տարածաշրջանի զարգացումն անմիջականորեն փոխկապակցված է եվրոպական ինտեգրման գործընթացներիn՝ նշելով, որ Հայաստանն այս ուղղությամբ առաջ է շարժվում գործուն քայլերով։ Տիգրան Ավինյանը նաև ընդգծել է, որ, ինչպես նշել է ՀՀ վարչապետը, Հայաստանը պատրաստակամ է աջակցելու Վրաստանի եվրոպական ինտեգրման ձգտումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում