Իրավունք

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը նոյեմբերի 9-ին Վրաստանից տեղափոխվել է Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Տղամարդուն հոկտեմբերի 8-ին հայտնաբերել և ձերբակալել են Թբիլիսիում՝ Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների ամիսներ տևած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։ Նրան Հայաստան են տեղափոխել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։

Տղամարդը հետախուզվում էր սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք ու զինամթերք ձեռք բերելու և կրելու մեղադրանքներով։ Նրան առաջադրված մեղադրանքներից մեկը վերաբերում է 2026 թվականի փետրվարին Աջափնյակում հրազենի գործադրմամբ կատարված սպանությանը։

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Աջափնյակի դեպքի առնչությամբ հետախուզվող մյուս անձանց ոստիկանները հայտնաբերել էին դեռևս հուլիսին։

Դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 18-ին՝ Երևանի Աբելյան փողոցի բակերից մեկում։ Վիճաբանության ընթացքում կրակոցներ են հնչել։ Հրազենային և դանակի վնասվածքներով մի քանի անձ տեղափոխվել է բուժհաստատություններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա տղամարդը, հիվանդանոցում մահացել է։

Փետրվարի 20-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ գործով 12 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Քննության շրջանակում Երևանի ավելի քան 40 հասցեներում խուզարկություններ էին կատարվել։ Փետրվարի 23-ին ՔԿ-ն հայտնել էր, որ գործով մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, հինգի նկատմամբ՝ տնային կալանքը։

Հուլիսի 15-ին ոստիկանները Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերել և ձերբակալել էին նույն գործով հետախուզվող ևս երկու տղամարդու՝ 39-ամյա և 31-ամյա։ Նրանց նկատմամբ ևս որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում