Իրավունք

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները նոյեմբերի 6-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Պառավաքար բնակավայրի 22-ամյա մի բնակիչ իր հորաքրոջը պատկանող չբնակեցված առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երիտասարդը Իջևան քաղաքի Մելիքբեկյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։

«Հետագա օպերատիվ միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ երիտասարդի 50-ամյա հորեղբայրը առանձնատան նկուղից վերցրել է ապօրինի պահվող զենք-զինամթերքը և տեղափոխել այլ վայր։ Քրեական ոստիկանները Պառավաքար բնակավայրում հայտնաբերել և ձերբակալել են նաև հորեղբորը։ Վերջինս հայտնել է, որ առանձնատան նկուղից վերցրել է ապօրինի պահվող զենք-զինամթերքն ու թաքցրել Պառավաքարի վարչական տարածքում գտնվող խաղողի այգիների հարակից առվակում»,-տեղեկացրին գերատեսչությունից՝ հավելելով, որ նշված վայրում հայտնաբերվել են ինքնաձիգ՝ փամփուշտներով լիցքավորված պահեստատուփով, որսորդական հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և սվին-դանակներ։

«Երկու տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում