Մարզեր

Գյումրիում անցկացվեց «Շիրակը՝ Հյուսիսային Հայաստանի բանահյուսական և ազգագրական դրսևորումների կենտրոն» միջազգային գիտաժողովը

4 րոպեի ընթերցում

Գյումրիում անցկացվեց «Շիրակը՝ Հյուսիսային Հայաստանի բանահյուսական և ազգագրական դրսևորումների կենտրոն» միջազգային գիտաժողովը

Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ Գյումրիում նոյեմբերի 6-7-ը անցկացվեց «Շիրակը՝ Հյուսիսային Հայաստանի բանահյուսական և ազգագրական դրսևորումների կենտրոն» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին 12 գիտական, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։ Միջազգային մասնակիցների թվում էին Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի» համալսարանի (Բուլղարիա), Քարլթոնի քոլեջի (ԱՄՆ), Իլիայի պետական համալսարանի (Վրաստան), Բրիստոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) և Բանարասի համալսարանի (Հնդկաստան) ներկայացուցիչները։

Հայաստանը ներկայացրին Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչները։

Գիտաժողովն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Կարս-Շիրակ տարածաշրջանի բանահյուսական ժառանգությունը» գիտական նախագծի շրջանակում։ Նախագծի ղեկավար՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Մատիկյանը «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց, որ  միջոցառումն առանձնահատուկ խորհուրդ ուներ՝ այն նվիրված էր նախագծային խմբի անդամ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, բանագետ Մարինե Խեմչյանի հիշատակին։ Նրա գիտական գործունեության կարևոր ուղղություններից մեկը Շիրակի վիպական բանահյուսության ուսումնասիրությունն էր։

Գիտաժողովի աշխատանքները մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, կազմկոմիտեի նախագահ Արմեն Հայրապետյանը և գիտական նախագծի ղեկավար Հասմիկ Մատիկյանը։ Նրանք կարևորեցին Շիրակի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման, հայագիտական նյութերի գիտական արժևորման ու հանրահռչակման, ինչպես նաև միջազգային մասնագիտական համագործակցության ընդլայնման նշանակությունը։

Գիտաժողովի գիտական ծրագիրն ընդգրկեց պատմության, հնագիտության, ճարտարապետության, բանագիտության և ժողովրդագիտության ոլորտներին առնչվող բազմաբնույթ հետազոտություններ։ Զեկուցումների թեմատիկ ընդգրկումը ներկայացրեց Շիրակի և Կարսի պատմամշակութային տարածքի ժառանգության ուսումնասիրման միջգիտակարգային բնույթը՝ համադրելով պատմական սկզբնաղբյուրների քննությունը, ճարտարապետական ուսումնասիրությունները, դաշտային ազգագրական նյութերի և բանավոր ավանդույթների վերլուծությունը։

Պատմության, հնագիտության և ճարտարապետության բաժնի նիստը նախագահեց ճարտարապետության թեկնածու Դավիթ Նահատակյանը։ Քննարկումների առանցքում Հայաստանի պատմության, պատմամշակութային ժառանգության և ճարտարապետական միջավայրի ուսումնասիրման տարբեր հիմնահարցերն էին։ «Բանահյուսություն և ժողովրդական մշակույթ» բաժնի նիստերը նախագահեցին Հասմիկ Մատիկյանն ու Լուսինե Ղռեջյանը։ Բաժնի գիտական քննարկումներն ընդգրկեցին բանավոր ավանդույթի, ժողովրդական պատումների, հեքիաթների, երգարվեստի, ավանդական կենցաղի և մշակութային հիշողության ուսումնասիրության տարբեր ուղղություններ։

Գիտաժողովի կարևոր արդյունքներից դարձավ զեկուցումների հիմնադրույթների արդեն իսկ հրատարակված ժողովածուն, որն ամփոփեց մասնակիցների հետազոտությունների հիմնական դրույթները հայերենով և անգլերենով։   Նախաձեռնության շարունակությամբ 2027 թվականին նախատեսվեց հրատարակել նաև միջազգային գիտական հոդվածների ժողովածու, որը նոր հնարավորություններ կստեղծի գիտական երկխոսության խորացման և ձևավորված համագործակցային կապերի ընդլայնման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում