Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հանդիպել. ՍԱՏՄ
3 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հանրությունից եկող դիտարկումներն ու անհանգստությունները, արագորեն արձագանքում է և տալիս իր գործառույթներից բխող լուծումներ, անդրադարձել է հայրենական կաթնամթերքի անվտանգության շուրջ վերջին շաբաթվա ընթացքում հանրային քննարկումներին՝ նշելով, որ կաթնամթերքի մեջ վերջին շրջանում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հանդիպել։
Կաթնամթերք արտադրող ու իրացնող կազմակերպություններում Տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է վերահսկողական միջոցառումներ, հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների ու մանրէաբանական անհամապատասխանությունների մասին արվում է պատշաճ հանրային իրազեկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ հանրային քննարկումը կենտրոնացած է հիմնականում մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշի վրա, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սերտորեն համագործակցում է պետական բոլոր կառույցների, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-հետ:
«ՀՎԿԱԿ-ը հստակեցրել է, որ ԱՑԽՄ-ի առկայությունը կարող է վկայել մանրէային աղտոտման, սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարության, ինչպես նաև մաքրման և ախտահանման գործընթացների հնարավոր թերությունների մասին։ ԱՑԽՄ խմբի ոչ բոլոր մանրէներն են ախտածին: Դրանց մի մասը բնականորեն հանդիպում է մարդու և կենդանիների աղիքային միկրոֆլորայում, ինչպես նաև շրջակա միջավայրում՝ առանց պարտադիր հիվանդություն առաջացնելու։ Միաժամանակ, այդ խմբի առանձին որոշ շտամներ կարող են առաջացնել առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել և սննդի գործոնով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Սպառողների անվտանգության ապահովումն առաջնահերթությունն է, պատկան մարմիններն անում են հնարավորը հանրության առողջությունը վտանգներից հեռու պահելու համար, աշխատում են հրապարակային և թափանցիկ՝ արագ հանրայնացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված ցանկացած խնդիր»,-ասվում է հաղորդագրության տեքստում։