Հայաստան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

4 րոպեի ընթերցում

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Երևանում անցկացվող Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին հանդիպելու, փորձով փոխանակվելու և ավելի լավ ճանաչելու հայկական մշակույթի բազմազանությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Գլենդել քաղաքի արվեստի և մշակույթի հանձնաժողովի նախագահ, քաղաքական հարցերով խորհրդատու և փաստաբան Սևանա Ծատուրյանը:

«Ես այստեղ եմ եկել առանց որևէ նախնական ակնկալիքի։ Իմ հիմնական նպատակն էր մասնակցել քննարկումներին, հանդիպել ու զրուցել տարբեր մարդկանց հետ, ավելին իմանալ սփյուռքի տարբեր հատվածներում հայկական մշակույթի մասին։ Ես ծնվել և մեծացել եմ Լոս Անջելեսում, սովորել եմ Սան Ֆրանցիսկոյում և բավական լավ պատկերացում ունեմ Միացյալ Նահանգներում մեր մշակույթի մասին։ Սակայն ցանկանում էի ավելի շատ տեղեկանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհի մյուս երկրների հայկական համայնքներում»,-ասաց Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում հնարավորություն է ունեցել հանդիպելու տարբեր երկրներից ժամանած հայերի, որոնց հետ նախկինում երբևէ չէր շփվել։

«Այստեղ հանդիպել եմ Դանիայից ժամանած հայերի։ Նախկինում երբեք չէի հանդիպել Դանիայում բնակվող հայի։ Այստեղ հանդիպել և շփվել եմ նաև Նիդեռլանդներից, Բելգիայից, աշխարհի տարբեր հատվածներից ժամանած և, իհարկե, Հայաստանից մասնակիցների հետ։ Հանդիպել եմ նաև հայրենադարձների, որոնք վերադարձել են Հայաստան։ Նրանց հետ զրուցել եմ մշակույթի և արվեստի մասին և փորձել եմ հասկանալ, թե ինչպես են նրանք ընկալում հայկական ինքնությունն ու արժեքները։ Սա իսկապես շատ հաճելի փորձառություն է: Մենք համախմբվել ենք ընդհանուր նպատակի շուրջ՝ քննարկելու և հասկանալու, թե ինչ կարելի է անել ապագայում»,- նշեց նա։

Ծատուրյանի համար սա Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու առաջին փորձառությունն է։ Նա ընդգծեց, որ ուրախ է միջոցառմանը  մասնակցելու հրավեր ստանալու համար։

«Հայաստան հաճախ եմ գալիս՝ ամեն տարի։ Ես սիրում եմ այստեղ գալ։ Հայաստանն ինձ համար միանշանակ տուն է, ուստի այստեղ գտնվելն ինձ համար նորություն չէ»,- ասաց նա:

Ծատուրյանի համոզմամբ՝ նման հանդիպումների կարևորությունը նաև այն է, որ հնարավորություն են տալիս անմիջական կապեր հաստատելու այնպիսի մարդկանց հետ, որոնց առօրյա կյանքում կամ նույնիսկ համացանցի միջոցով հանդիպելը դժվար կլիներ։

«Նման մարդկանց հետ կապ հաստատելը հեշտ չէ։ Իսկ այստեղ մենք հնարավորություն ունենք դեմ առ դեմ շփվելու, յուրաքանչյուրին անհատապես ճանաչելու։ Սա հիանալի միջոց է ընդլայնելու իմ պատկերացումները հայկական մշակույթի մասին՝ որպես հայ»,-ընդգծեց նա։

Խոսելով սփյուռքահայության բազմազանության մասին՝ Ծատուրյանը նշեց, որ տարբեր երկրներում բնակվող հայերն ունեն տարբեր կենսափորձ, աշխարհայացք և մշակութային ընկալումներ, որոնց ծանոթանալը շատ արժեքավոր է։

«Ես հանդիպում եմ մարդկանց, նրանց հետ քննարկում իրենց երկրների քաղաքականությունը, թե ինչ է իրենց համար նշանակում հայ լինելը, ինչով են զբաղվում կյանքում։ Հայերը չափազանց բազմազան են։ Չկա մեկ բառ, որով հնարավոր լինի բնութագրել հային։ Մենք բազմամշակութային և բազմազան համայնք ենք, և այս գագաթնաժողովը հիանալի հնարավորություն է ավելի լավ ճանաչելու միմյանց, հասկանալու, թե ովքեր ենք մենք և ինչով ենք զբաղվում»,-եզրափակեց Սևանա Ծատուրյանը:

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը, որի առանցքային նպատակը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է, պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 5-ին։ Մասնակցում է  աշխարհի շուրջ 55 երկրի մոտ 800 ներկայացուցիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում