COP17-ի բանակցություններում Հայաստանը փորձում է կոնսենսուս ձևավորել շահագրգիռ կողմերի միջև
7 րոպեի ընթերցում

«Մերիդիան» էքսպո կենտրոնում ակտիվորեն ընթանում են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բանակցային գործընթացն ու հարակից միջոցառումները։ Հոկտեմբերի 27-28-ին նախատեսված նախարարական հատվածում ակնկալվում է քննարկումների ինտենսիվության աճ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ նշելով, որ միջոցառումների շրջանակում ՀՀ կառավարության ներկայացուցիչները՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի, շրջակա միջավայրի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների գործընկերների հետ, մասնակցում են տարբեր թեմատիկ քննարկումների՝ անդրադառնալով ինչպես COP17-ի գլոբալ օրակարգին, այնպես էլ Հայաստանի համար կարևոր հարցերին։

«Ինչպես նշեցի, զուգահեռաբար ընթանում են նաև բանակցային գործընթացները։ Մեր ներկայացուցիչները հետևում են բանակցություններին, շարունակում տարբեր շահագրգիռ կողմերի հետ քննարկումները՝ այդ թվում բանակցային սենյակներից դուրս, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կոնսենսուս ձևավորելու նպատակով»,- նշեց նախարարի տեղակալը՝ համաժողովի ընթացիկ աշխատանքները գնահատելով դրական։
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ առաջիկա օրերին հնարավոր կլինի որոշումներ ընդունել, իսկ հոկտեմբերի 27-28-ին կայանալիք նախարարական հատվածում քննարկումներն ավելի կակտիվանան ինչպես ընդհանուր թեմաների, այնպես էլ բանակցային գործընթացների շուրջ։

«Հուսանք՝ Հայաստանի Հանրապետության և գլոբալ մակարդակով COP17-ի բոլոր կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կհասնենք կոնսենսուսի և կունենանք ցանկալի արդյունք»,- նշեց Աբիսողոմոնյանը:
Նա ընդգծեց, որ բանակցային գործընթացում Հայաստանը առաջնորդվում է բոլոր շահագրգիռ կողմերի միջև կոնսենսուս ձևավորելու սկզբունքով։ Այդ պատճառով աշխատանքի զգալի մասն իրականացվում է բանակցային սենյակներից դուրս։
«Սենյակների ներսում մենք հետևում ենք գործընթացներին, նախանշում խնդրահարույց հարցերն ու շահագրգիռ կողմերին և փորձում արդեն բանակցությունների սենյակից դուրս հասնել կոնսենսուսի։ Հաճախ առաջարկում ենք կամրջող ձևակերպումներ, երբեմն էլ փոքր խմբերով քննարկումներ ենք կազմակերպում շահագրգիռ կողմերի միջև՝ ցանկալի արդյունքների հասնելու համար»,-ասաց նա։

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը՝ որպես COP17-ի նախագահող երկիր, կարևոր դեր ունի կոնսենսուսի ձևավորման գործում։ Արդեն մեկնարկել են օրակարգի բոլոր թեմաների շուրջ բանակցությունները։ Որոշ հարցեր քննարկվում են աշխատանքային խմբերում, իսկ մյուսների շուրջ ձևավորվել են կոնտակտային խմբեր՝ քննարկումներն առաջ մղելու նպատակով։
«Կան նաև առաջնահերթություններ և նոր թեմաներ, որոնք առաջնային են դառնում։ Օրինակ՝ գլոբալ վերանայման հետ կապված հարցերը, որոնք յուրահատուկ են դարձնում Հայաստանում անցկացվող COP17-ը։ Դրա շրջանակում պետք է ընդունվի «Երևանյան ուղի» նախաձեռնությունը, որը պետք է նախանշի Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման հետագա անելիքները»,– նշեց նա։

Միաժամանակ, նրա գնահատմամբ, ֆինանսական հարցերը, բնիկ ժողովուրդներին առնչվող թեմաները և օրակարգի մյուս ուղղությունները նույնպես կարևոր են, քանի որ ընդունվող որոշումները հետագայում արտացոլվելու են 196 կողմերի օրենսդրության մեջ և պարտադիր են լինելու նրանց համար։
Հայաստանը առաջիկա երկու տարիներին շարունակելու է նախագահել COP17-ը։ Այդ ընթացքում անհրաժեշտ կլինի շարունակել ջանքերը՝ Հայաստանում ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ։
«Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն ձեռքբերումներից մեկը կլինի «Երևանյան ուղի» նախաձեռնությունը, ուստի պետք է շարունակենք աշխատանքը բոլոր կողմերի հետ, որպեսզի Հայաստանում անցկացվող COP17-ի շրջանակում գրանցված արդյունքները հետագայում կյանքի կոչվեն և նպաստեն կենսաբազմազանության ոլորտում առկա խնդիրների ու մարտահրավերների լուծմանը»,- ասաց նա։
Աբիսողոմոնյանը նաև առանձնացրեց Հայաստանի նախաձեռնությունները, որոնք նախատեսվում է ներկայացնել առաջիկա օրերին՝ նախարարական հատվածի շրջանակում։ Դրանք վերաբերում են կենսաբազմազանության համար վնասակար խթաններին, տեխնոլոգիաներին, լեռներին և քաղցրահամ ջրերին, ինչպես նաև պահպանվող տարածքներին։
Նրա խոսքով՝ այս թեմաները մի կողմից առնչվում են գլոբալ կենսաբազմազանության օրակարգին և վերանայման գործընթացին, մյուս կողմից՝ կարող են նպաստել տարբեր երկրների համար կարևոր խնդիրների լուծման ուղիների որոնմանը։

«Այս նախաձեռնությունները և դրանց շրջանակում առկա քննարկումները փորձելու են առաջարկել այնպիսի ուղիներ, որոնք կօգնեն այդ երկրներին հաղթահարել առկա մարտահրավերները։ Դրանց հաջողության դեպքում Հայաստանը երկարաժամկետ ազդեցություն կարող է ունենալ կենսաբազմազանության ոլորտում հետագա աշխատանքների վրա»,- ընդգծեց նա։
Նախարարի տեղակալը , որ հոկտեմբերի 27-28-ին նախատեսված նախարարական հատվածին մասնակցելու համար այս պահին հաստատում է ներկայացրել ավելի քան 70 նախարարական մակարդակի ներկայացուցիչ, շուրջ 40 փոխնախարար, ընդհանուր առմամբ բարձրաստիճան պատվիրակությունների ընդհանուր թիվը հասնում է 150-ի։
«Կարծում եմ՝ սա աննախադեպ ցուցանիշ է թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ կենսաբազմազանության COP-երի շրջանակում մասնակցության տեսանկյունից»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ նախարարների մասնակցությունը քաղաքական մակարդակով խթան կհանդիսանա ընթացիկ քննարկվող հարցերի լուծման համար։ Նախարարական հատվածը կազմակերպվում է համաժողովի վերջին օրերին հենց այն նպատակով, որ բանակցային գործընթացում առաջացած խնդիրների վերաբերյալ հնարավոր լինի քաղաքական լուծումներ առաջարկել, իսկ ընթացիկ հարցերը ստանան համապատասխան մակարդակի աջակցություն։
Անդրադառնալով Հայաստանի հիմնական ուղերձին՝ Աբիսողոմոնյանը նշեց, որ կենսաբազմազանության հարցերն անմիջականորեն առնչվում են մարդկանց առօրյային, ուստի դրանց պետք է մեծ ուշադրություն դարձնել։
«Ցանկալի արդյունք կլինի, եթե Հայաստանում անցկացվող COP17-ի արդյունքները հետագայում ազդեցություն ունենան կենսաբազմազանությանն առնչվող հարցերի լուծման գործում՝ ինչպես համաժողովի ընթացքում, այնպես էլ դրանից հետո»,– եզրափակել է նա։
