Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն
3 րոպեի ընթերցում

Թբիլիսիի պատմական Ներսիսյան դպրոցում (ներկայումս՝ Կովկասի ինստիտուտ) կայացել է «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը և վրացի արվեստագետների հետ նրա կապերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացված համանուն ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն էր։ Ցուցահանդեսը ներկայացնում է Քոչարի արվեստի բազմաշերտությունը, նրա նորարարական մոտեցումներն ու ստեղծագործական ժառանգության տարբեր դրսևորումները։
Դասախոսությամբ հանդես են եկել Երվանդ Քոչար թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը և թանգարանի ցուցադրությունների բաժնի վարիչ Աշոտ Մարաբյանը։ Նրանք ներկայացրել են արվեստագետի կյանքի և ստեղծագործական ուղու կարևոր դրվագներն՝ անդրադառնալով հատկապես Թիֆլիսի և Փարիզի տարիներին, նրա նորարարական «Տարածական նկարչության» (Peinture dans l'espace) հայեցակարգին և հայ-վրացական մշակութային առնչություններին։

Կարինե Քոչարն իր խոսքում կարևորել է Թբիլիսիի նշանակությունը Երվանդ Քոչարի կենսագրության և ստեղծագործական ձևավորման համատեքստում՝ ընդգծելով, որ քաղաքը ոչ միայն նրա ուսումնառության տարիների միջավայրն էր, այլև մշակութային այն տարածքը, որտեղ ձևավորվել են արվեստագետի հետագա ստեղծագործական ուղու համար կարևոր կապեր։ Դասախոսության առանձին հատված նվիրված էր Երվանդ Քոչարի և վրացի արվեստագետներ Լադո Գուդիաշվիլիի, Դավիթ Կակաբաձեի ու Էլենե Ախվլեդիանիի ստեղծագործական առնչություններին։ Ներկայացվել են նրանց միջև եղած գեղարվեստական և մշակութային ընդհանրությունները՝ ընդգծելով հայ և վրաց արվեստի պատմական երկխոսությունը։
Կարինե Քոչարը հատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը՝ միջոցառման կազմակերպմանն ու մշակութային նախաձեռնության իրականացմանն աջակցելու, ինչպես նաև հայ-վրացական մշակութային համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերի համար։
Մմիջոցառման անցկացումը Ներսիսյան դպրոցում խորհրդանշական էր նաև այն առումով, որ հենց այս կրթօջախում է ուսանել Երվանդ Քոչարը։ Ցուցահանդեսն ու դրան հաջորդած դասախոսությունը կարևոր քայլ են հայ մեծ արվեստագետի ժառանգությունը վրաց հանրությանը ներկայացնելու, հայ-վրացական մշակութային կապերն ամրապնդելու և երկու ժողովուրդների ընդհանուր մշակութային պատմությունը հանրահռչակելու ուղղությամբ։
