ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ
1 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են Հայաստանի հուշարձանների վերականգնման պետական հատկացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում այս մասին հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Եթե 2022 թվականին այդ նպատակով տրամադրվել է 213 մլն դրամ, ապա 2025 թվականին ֆինանսավորումը հասել է 1.386 մլրդ դրամի՝ աճելով շուրջ 6.5 անգամ։ Իսկ 2027 թվականին հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսվում է շուրջ 1.79 մլրդ դրամ»,– նշել է նախարարը՝ մանրամասնելով, որ աշխատանքներ կիրականացվեն 21 հուշարձանում, որոնցից 13-ում կշարունակվեն արդեն մեկնարկած ծրագրերը, իսկ 8-ում կսկսվեն նոր աշխատանքներ։
Մինչև 2031 թվականի ավարտը նախատեսվում է վերականգնել ևս 40 հուշարձան։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանում վտանգված հուշարձանների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ուստի անհրաժեշտ է պահպանել վերականգնման աշխատանքների տեմպը։
Միաժամանակ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնման աշխատանքներ են իրականացվում ևս 9 պատմամշակութային հուշարձանում։