Մշակույթ

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը. Երևանը պատրաստ է հերթական փառատոնին

5 րոպեի ընթերցում

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը. Երևանը պատրաստ է հերթական փառատոնին

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։

Երևանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային թատերական փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Գալյա Նովենց» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ և կտևի նոյեմբերի 4-10-ը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իր ելույթում նշեց, որ փառատոնային կյանքի համատեքստում Շեքսպիրյան փառատոնը շատ կարևոր նշանակություն ունի։

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

«Երբ տեսնում ենք, թե որ թատրոններում են կազմակերպվում ներկայացումները, իսկույն պարզ է դառնում, որ դրանցում ստեղծվում է ուրույն թատերական միջավայր և հաստատվում են համագործակցության նոր շրջանակներ։ Փառատոնն ամեն տարի ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Քննարկումների ընթացքում անընդհատ նոր բան գտնելու ցանկություն կա, որովհետև այս փառատոնը Հայաստանի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է և շարունակում է բարձր պահել այն նշաձողը, որն ուներ 18 տարի առաջ։ Դրամատիկական թատրոնի ստեղծագործական խումբն այսօր աշխատում է նոր ավյունով ու եռանդով։ Մեր թատերասեր հանրությունն իր արժանի գնահատականը կտա՝ փառատոնի օրերին դահլիճները լեփ-լեցուն պահելով»,- ասաց Վիրաբյանը։

Փառատոնի տնօրեն Կարո Բալյանը նշեց, որ Շեքսպիրյան փառատոնի անցկացման առթիվ եղել են երկար ու հիմնավոր քննարկումներ, որովհետև նման միջոցառումներն, ըստ նրա, երկրի թատերական կյանքի արտացոլումն են։

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

«Այս տարի փառատոնի շրջանակում աչքի է զարնում այն իրողությունը, որ հայկական թատրոնները պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ են, քան հրավիրված կողմերը։ Մեր նպատակը նոր կամուրջների ստեղծումն է, որպեսզի թվով ավելի շատ հյուրեր ժամանեն Հայաստան, իսկ մենք կարողանանք հայկական պրոդուկտն ուղղորդել դեպի միջազգային ասպարեզ՝ իրականացնելով նաև մասնագետների փոխայցեր։ Երևանում ոչ միայն ներկայացվելու է աշխարհի տարբեր մշակութային դպրոցների ներկայացուցիչների արվեստը, այլև սերտ կապեր են հաստատվելու՝ փառատոնի հետագա ընթացքն ավելի ընդգրկուն դարձնելու համար»,- ասաց Բալյանը։    

Հայ-շեքսպիրյան միության նախագահ Հասմիկ Սեյմուրը նշեց, որ իրենք երկրորդ տարին անընդմեջ համագործակցում են փառատոնի հետ։

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

«Ես փորձում եմ շեքսպիրագիտության պատասխանատվությունն ինձ վրա վերցնել, հետևաբար փառատոնի կազմակերպչի հետ որոշեցինք այս կարևոր իրադարձության շրջանակում անցկացնել կլոր սեղան՝ օտարերկրյա շեքսպիրագետների մասնակցությամբ և դրանով իսկ թարմացնել առկա կապերը։ Այս տարի նշելու ենք մեր միության հիմնադրման տասնամյակը։ Փառատոնի կապակցությամբ Երևան են ժամանելու Հունգարիայի, Լեհաստանի Շեքսպիրյան միությունների նախագահները, Եվրոպական փառատոնների ցանցի ղեկավարը, մի քանի բեմադրիչներ, որոնք պետք է մասնակցեն կլոր սեղանին։ Դիտելու ենք վեց ներկայացում։ Ցանկանում ենք, որ մեր հյուրերը հնարավորինս շատ դիտեն հատկապես հայկական ներկայացումներ։ Ուրախալի է, որ փառատոնը կմեկնարկի դրամատիկական թատրոնում՝ «Համլետ»-ի  բեմադրությամբ»,- ասաց Սեյմուրը։

Վորոնեժի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Անդրեյ Վասիլևը նշեց, որ երկրորդ անգամ անընդմեջ հրավեր է ստացել՝ մասնակցելու փառատոնին և հավելեց, որ հայ գործընկերների բեմադրած «Հատակում» պիեսը մեծ հաջողությամբ ներկայացվել է ռուսաստանյան մի քանի քաղաքների բեմերում։

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

«Տեսնելով այդ ամենը՝ հաջորդ տարի Կարո Բալյանին հրավել ենք մեզ մոտ նոր ներկայացումներով։ Ես իսկապես բարձր եմ գնահատում հայկական ներկայացումների որակն ու փառատոնի մասնակից ռեժիսորների մակարդակը։ Այս տարի նպատակն այլ է՝ ծանոթանալ ոչ միայն թատերական գործիչների հետ, այլև նրանց հրավիրել Ռուսաստան, որպեսզի մասնակցեն մեր ներկայացումների բեմադրման աշխատանքներին»,- ասաց Վասիլևը։

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Գրիգոր Խաչատրյանն էլ նշեց, որ դրամատիկական թատրոնը միշտ շեքսպիրյան թեմատիկայով երկուսից պակաս ներկայացում չի ունեցել։

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

«Անվանի թատերագետները ոչ վաղ անցյալում մեզ նույնիսկ անվանում էին շեքսպիրյան թատրոն։ Շատ ուրախ ենք, որ շեքսպիրյան թատերական փառատոնը մեկնարկելու է մեր թատրոնում նախանշված ներկայացմամբ։ Գնահատում ենք փառատոնը, որովհետև այն կոչված է մեզ ծանոթացնելու արտասահմանյան գործընկերների հետ։ Առհասարակ դասականի հանդեպ նման վերաբերմունքը չափազանց գնահատելի է, քանզի տալիս է հնարավորություն՝ տեսնելու բեմադրիչի և ստեղծագործական կազմի հասունությունը, նրա վերաբերմունքն անցյալի, ներկայի ու ապագայի հանդեպ»,- ասաց Խաչատրյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում