Հռոմում ներկայացվել է Թալալ Խրայիսի մասին «Լրագրողի պատմությունը» գիրքը
12 րոպեի ընթերցում

Լիբանանցի լրագրող Թալալ Խրայիսի կյանքի և մասնագիտական ուղու մասին պատմող «Լրագրողի պատմությունը» («Storia di un reporter») գիրքը ներկայացվել է Հռոմում՝ քաղաքական, դիվանագիտական և լրագրողական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած շնորհանդեսին։
Գիրքը Թալալ Խրայիսի կյանքի պատմությունն է՝ Անդրեա Կուկոյի հետ զրույցների հիման վրա։ Իտալական Difesa Online հրատարակչության լույս ընծայած գրքում լրագրողը վերհիշում է իր կյանքի ու մասնագիտական գործունեության կարևոր դրվագները, պատմում տարբեր երկրներում իր աշխատանքային փորձառության, պատերազմների, քաղաքական զարգացումների, հանդիպումների և տասնամյակների ընթացքում կուտակած հիշողությունների մասին։ Գրքի նախաբանը գրել է Իտալիայի սենատոր Ստեֆանիա Կրաքսին:

Նոյեմբերի 3-ին Հռոմում՝ Պալացցո Գրացիոլիի պատմական շենքում գործող Իտալիայի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի կենտրոնակայանում, միջոցառմանը ներկա էին Իտալիայի քաղաքական, դիվանագիտական և լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում էին սենատոր Ստեֆանիա Կրաքսին, Իտալիայում Լիբանանի դեսպան Կարլա Ջազարը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Իտալիայում Եմենի դեսպան Ասմահան Աբդուլհամիդ Ալ-Թաքին, Իտալիայի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի նախագահ, Associated Press-ի թղթակից Պատրիսիա Թոմասը, «Ագենզիա Նովա» լրատվական գործակալության տնօրեն Ֆաբիո Սկվիլանտեն և գրքի կազմման աշխատանքներն իրականացրած Անդրեա Կուկոն։
Հանդիպումը գրքի շնորհանդեսից ավելին էր։ Այն առիթ դարձավ արժևորելու լրագրողի մասնագիտական ուղին, նրա վկայությունները պատմական իրադարձությունների մասին, ինչպես նաև այն մարդկային հարաբերություններն ու կապերը, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում՝ տարբեր երկրներում և տարբեր հասարակությունների հետ աշխատելու արդյունքում։
Ստեֆանիա Կրաքսի․ լրագրողի անձնական պատմությունը՝ Մերձավոր Արևելքի պատմության համատեքստում
Գրքի նախաբանի հեղինակ, Իտալիայի սենատոր Ստեֆանիա Կրաքսիի ելույթը միջոցառման կարևոր դրվագներից էր։ Նա Թալալ Խրայիսի կյանքի պատմությունը դիտարկեց Մերձավոր Արևելքի պատմական ու քաղաքական զարգացումների համատեքստում՝ անդրադառնալով տարածաշրջանի առանցքային խնդիրներին և Միջերկրածովյան տարածաշրջանում Իտալիայի արտաքին քաղաքականության շարունակականության ու երկարաժամկետ մոտեցման կարևորությանը։
Նրա գնահատմամբ՝ գիրքը միայն լիբանանցի լրագրողի կենսագրությունը չէ։ Այն ներկայացնում է նաև մի ամբողջ ժամանակաշրջան՝ իր հակամարտություններով, քաղաքական իրադարձություններով, մարդկային ճակատագրերով և միջազգային հարաբերությունների բարդություններով։ Խրայիսը ոչ միայն լուսաբանել է այդ իրադարձությունները, այլև եղել է դրանց անմիջական ականատեսը, շփվել դրանց մասնակիցների հետ և իր մասնագիտական գործունեության միջոցով արձանագրել ժամանակի վկայությունները։
Իր հերթին Թալալ Խրայիսը հիշել է Բեյրութում անցկացրած մանկությունը, լրագրության աշխարհում իր առաջին քայլերը և հայ համայնքի հետ ունեցած կապը։ Նա անդրադարձել է նաև ժամանակակից լրագրության խնդիրներին՝ կարևորելով այն երկրների պատմության, քաղաքական ու հասարակական իրողությունների խորքային իմացությունը, որոնց մասին պատմում են լրագրողները։
Հանդիպումը վարել է Իտալիայի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի նախագահ, Associated Press-ի թղթակից Պատրիսիա Թոմասը։

Կարլա Ջազար․ մասնագիտական վաստակն ու մարդկային նկարագիրը
Իտալիայում Լիբանանի դեսպան Կարլա Ջազարն իր ելույթում անդրադարձել է Թալալ Խրայիսի լրագրողական գործունեությանը և միջազգային ասպարեզում լիբանանյան ու արաբական թեմաների լուսաբանման գործում նրա ունեցած ներդրմանը։
Դեսպանը կարևորել է Խրայիսի դերը ժողովուրդների միջև երկխոսության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ նրա մասնագիտական գործունեությունը մշտապես կապված է եղել ոչ միայն տեղեկատվություն փոխանցելու, այլև մարդկանց ու հասարակությունների միջև փոխըմբռնում ձևավորելու ձգտման հետ։
Նրա խոսքում անդրադարձ է եղել նաև Խրայիսի մարդկային նկարագրին, գործընկերների հետ հարաբերություններին և մասնագիտական պարտականություններից անդին մարդկանց կողքին լինելու պատրաստակամությանը։
Խրայիսի միջազգային գործունեությունը չի խզել նրա կապը Լիբանանի և արաբական աշխարհի հետ։ Ընդհակառակը՝ տարբեր երկրներում աշխատելու տարիներին այդ կապը շարունակել է մնալ նրա լրագրողական ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը։

Վլադիմիր Կարապետյան․ Հայաստանի հետ կապը՝ որպես գիտակցված ընտրություն
Միջոցառման ընթացքում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Թալալ Խրայիսի և Հայաստանի միջև ձևավորված երկարամյա կապին։
Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր ելույթում ընդգծել է, որ Խրայիսի կապը Հայաստանի և հայ ժողովրդի հետ չի սահմանափակվում լրագրողական հետաքրքրությամբ։ Այն տարիների ընթացքում ձևավորված գիտակցված ընտրության, պատմական հիշողության նկատմամբ հարգանքի և հայ ժողովրդի հանդեպ անկեղծ նվիրվածության արդյունք է։

Այս կապի սկիզբը դեսպանը հասցրել է Խրայիսի պատանեկության տարիներ, երբ ապրում էր Բեյրութում։ Այդ ժամանակից ի վեր հայ ժողովրդի պատմությունն ու ճակատագիրը դարձել են նրա մտավոր, հասարակական և լրագրողական հետաքրքրությունների կարևոր ուղղություններից մեկը։
Տարիների ընթացքում այդ հետաքրքրությունը վերածվել է հետևողական աշխատանքի։ Այն արտահայտվել է հայկական թեմաներով նրա հրապարակումներում, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև հայ և իտալացի ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանն ուղղված գործունեության մեջ։
Դեսպանը հիշեցրել է նաև Խրայիսի գործունեության կարևոր հանգրվաններից մեկը․ 2023 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նրան պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
Պետական պարգևը տարիների հետևողական աշխատանքի և հայ ժողովրդի հետ ձևավորված առանձնահատուկ կապի գնահատանքի արտահայտություն էր։
Նարինե Նազարյան. Բարությունը բարության շղթա է ստեղծում
Այս համատեքստում առանձնահատուկ խորհուրդ ունի նաև գրքում տեղ գտած «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանի հեղինակային նախաբանը՝ «Հայ՝ ընտրությամբ» («Armeno per scelta») խորագրով։ Այն ներկայացնում է Թալալ Խրայիսի՝ հայ ժողովրդի հետ կապի ձևավորման պատմությունը՝ Բեյրութի հայ համայնքից և հայկական «Զարթոնք» թերթի խմբագրությունից մինչև Հայաստանի հետ երկարամյա համագործակցություն ու բարեկամություն։ Այն պատմություն է մի կապի մասին, որը չի պայմանավորվել ծագմամբ, այլ ձևավորվել է կյանքի ընթացքում՝ մարդկանց, ճակատագրերի, արժեքների և գիտակցված ընտրության միջոցով։
«Ես էթնիկ հայ չեմ, բայց ես հայ եմ ընտրությամբ»,- այս խոսքերը, որոնք դարձել են նաև նախաբանի գաղափարական առանցքը, լավագույնս բնորոշում են Խրայիսի վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։
Նախաբանում ընդգծվում է նաև, որ մեկ մարդու կյանքում ժամանակին ցուցաբերված վստահությունն ու աջակցությունը կարող են վճռորոշ նշանակություն ունենալ նրա հետագա ճանապարհի համար, իսկ ստացած բարությունը տարիներ անց վերածվել պատասխանատվության և սեփական ներդրումն ունենալու գիտակցման։ Այս իմաստով Խրայիսի պատմությունը նաև այն մասին է, թե ինչպես է անձնական ընտրությունը դառնում առաքելություն, իսկ տարիների աշխատանքը՝ ժառանգություն։

Ասմահան Ալ-Թաքին․ լրագրողի մասնագիտական գործունեության մարդկային կողմը
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Իտալիայում Եմենի դեսպան Ասմահան Աբդուլհամիդ Ալ-Թաքին, որի գնահատմամբ՝ Խրայիսի լրագրողական գործունեությունը չի սահմանափակվում աշխատանքային պարտականությունների կատարմամբ։ Նա մշտապես կապի մեջ է գործընկերների հետ, հետևում է իրեն հուզող խնդիրներին, պատրաստ է աջակցել դժվարության մեջ հայտնված ընկերներին և ուշադրության կենտրոնում պահել այն հարցերը, որոնք հանրային ուշադրության կարիք ունեն։
Ալ-Թաքիի ելույթը ևս մեկ անգամ ընդգծել է, որ լրագրողի արժեքը չափվում է ոչ միայն նրա պատրաստած նյութերով ու լուսաբանած իրադարձություններով, այլև այն վստահությամբ ու մարդկային հարաբերություններով, որոնք նա ձևավորում է իր գործունեության ընթացքում։
Թալալ Խրայիսը իտալա-արաբական բարեկամության «Ասսադակահ» ընկերակցության նախագահն է, ինչպես նաև Լիբանանի Ազգային լրատվական գործակալության (NNA) և Հայաստանի «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակիցը։ Տարիներ շարունակ աշխատելով Իտալիայում և Սուրբ Աթոռում՝ նա լուսաբանել է միջազգային իրադարձություններ, քաղաքական զարգացումներ և տարածաշրջանային գործընթացներ։

Գիրքը սովորական ինքնակենսագրություն չէ։ Գրքի արժեքը նաև այն է, որ անձնական հիշողությունների միջոցով ընթերցողին հնարավորություն է տալիս մոտենալ վերջին տասնամյակների պատմական իրադարձություններին՝ տեսնելով դրանք ոչ միայն քաղաքական գործընթացների, այլև դրանց միջով անցած մարդկանց աչքերով։
Լրագրողը պարզապես իրադարձությունների դիտորդ չէ։ Նա ժամանակի ականատեսն է, արձանագրողը և պատմության վկան։ Նրա հանդիպումները մարդկանց հետ, նրանց պատմություններն ու ապրումները դառնում են ոչ միայն մասնագիտական փորձառության, այլև պատմական հիշողության մաս։
Տեղեկատվության արագ հոսքի և շարունակաբար փոփոխվող մեդիա միջավայրի պայմաններում հատկապես կարևոր է չկորցնել լրագրության հիմնարար առաքելությունը՝ փաստերի ճշգրիտ արձանագրումը, խորքային ուսումնասիրությունը, պատասխանատվությունն ու պատմական հիշողության պահպանումը։
Լրագրողը տարիներ շարունակ պատմում է ուրիշների կյանքի, պայքարի, ձեռքբերումների ու դժվարությունների մասին։ Եվ երբ գալիս է պահը, որ ուրիշներն են պատմում նրա մասին, բացահայտվում է նրա աշխատանքի մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր արդյունքը՝ այն հետքը, որ նա թողել է մարդկանց կյանքում։
Հռոմում կայացած միջոցառումը հենց այդպիսի առիթ էր։ «Լրագրողի պատմությունը» ներկայացնում է Թալալ Խրայիսի անցած ճանապարհը, իսկ գրքում տեղ գտած վկայություններն ու շնորհանդեսի մասնակիցների ելույթները լրացնում են այդ պատմությունը՝ բացահայտելով այն մարդկային արժեքներն ու կապերը, որոնք տարիների ընթացքում դարձել են նրա մասնագիտական կյանքի անբաժանելի մասը։