Եվրոպացի հազարավոր զինծառայողներ Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն խաղաղության դեպքում Ուկրաինայում տեղակայման համար
3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կղեկավարեն զորավարժությունները, որոնց նպատակն է ստուգել բազմազգ ուժերի՝ Ուկրաինայում տեղակայվելու պատրաստվածությունը խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Լեհաստանում նոյեմբերի 9-22-ն անցկացվելիք «Կոալիցիա» (Koalicja) անվանմամբ զորավարժություններին կմասնակցի 10-ից ավելի եվրոպական երկրից ժամանած շուրջ 2800 զինծառայող։
Ցամաքում, ծովում և օդում անցկացվելիք զորավարժությունների նպատակն է ստուգել, թե ինչպես կազմակերպել Ուկրաինա միջազգային զորախմբի տեղափոխումը, նրանց պաշտպանությունն ու մատակարարումը։ Բացի այդ, զինվորականները կմշակեն հրամանատարության և կառավարման համակարգը՝ համոզվելու, որ տարբեր երկրների ստորաբաժանումներն ունակ են արդյունավետորեն համատեղ գործել։
Մեծ Բրիտանիան զորավարժություններին կուղարկի 300 զինծառայողի և Թագավորական ռազմաօդային ուժերի երկու Typhoon կործանիչ։
Թուրքիան համաձայնել է ղեկավարել առաքելության ծովային բաղադրիչը։ Դրա վերջնական նպատակն է Սև ծովի ջրատարածքի ականազերծումը և առևտրային նավագնացության վերսկսումը։
Զորավարժություններին կմասնակցեն նաև Ֆրանսիայի, Բելգիայի, Էստոնիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Իսպանիայի, Շվեդիայի զինծառայողները։
Ուկրաինայի համար բազմազգ ուժերի (MNF-U) բրիտանացի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Թոմ Բեյթմանը զորավարժությունները որակել է որպես կարևոր քայլ քաղաքական պարտավորություններից դեպի իրական մարտական պատրաստվածություն անցնելու ճանապարհին։
Ուկրաինայի անվտանգության ապահովման նպատակով միջազգային ուժեր ստեղծելու ծրագրերը ներկայացվել էին 2025 թվականին՝ որպես եվրոպական պետությունների առաջարկած անվտանգության երկարաժամկետ երաշխիքներից մեկը։
BBC-ն նշում է, որ ըստ տարբեր պաշտոնյաների՝ Ուկրաինա ուղարկվելիք զորքերը չեն մասնակցելու հարձակողական գործողություններին, չեն իրականացնելու խաղաղապահ առաքելություններ և չեն վերահսկելու հրադադարի ռեժիմի պահպանումը։ Բացի այդ, միջազգային ուժերը չեն գործելու ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո և չեն տեղակայվելու առաջնագծում։ Պաշտոնյաների խոսքով՝ նրանց ներկայության նպատակն է ամրապնդել Ուկրաինայի անվտանգության նկատմամբ վստահությունը և աջակցել նրա զինված ուժերի վերականգնմանը։
ԱՄՆ-ը մասնակցել է այս ծրագրերի քննարկմանը, սակայն առաքելությանը չի մասնակցելու։
Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայմանը։ 2025 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ նման զինծառայողները կդառնան «օրինական թիրախներ»։