Ռուսաստան

Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

3 րոպեի ընթերցում

Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Զապորոժիեի մարզի Կամիշևախա բնակավայրում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը։

Ըստ նրա գրառման՝ ևս 5 մարդ վիրավորվել է, 48 մարդ անհետ կորած է։

«Ողբերգության մասշտաբները սարսափելի են.... Դեպքի վայրում ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ», - հավելել է նա։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին Telegram-ում հայտնել է, որ ռուսական կողմն ավիառումբերով մի քանի հարված է հասցրել դպրոցի շենքին, որտեղ այլևս դասեր չեն ընթանում, սակայն շենքն օգտագործվում է ամեն երկուշաբթի մարդկանց մարդասիրական օգնություն բաժանելու համար։ Բացի այդ, այնտեղ գործում է ապաստարան։ Ըստ Զելենսկու՝ մի քանի ավիառումբով առաջին հարվածը հասցվել է, երբ մարդիկ ժամանել են, այնուհետև ավիառումբերով երկրորդ հարվածն է հասցվել ապաստարանին։

Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին նույնպես հայտնել է, որ Ռուսաստանը Կամիշևախա բնակավայրում «նպատակային հարված է հասցրել դպրոցին», որտեղ մարդասիրական օգնություն էր բաժանվում տեղի բնակիչներին։ Նրա խոսքով՝ առաջին հարվածից հետո մարդիկ պատսպարվել են ապաստարանում, որից հետո ևս 9 ավիառումբով հարված է հասցվել ապաստարանին։

Ռուսաստանն առայժմ չի մեկնաբանել Կամիշևախային հարվածը։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Խարկովում բուժհաստատության, որի հետևանքով 62 մարդ է վիրավորվել։ 200 բուժառու տարհանվել է։

Դնեպրում առավոտյան հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 17 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել են ամբուլատոր կենտրոնի շենքը և քաղաքի հիվանդանոցներից մեկը։

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 856 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաևը Telegram-ում հայտնել է, որ ԱԹՍ-ներից 124-ը թիրախավորել են Յարոսլավլի մարզում նավթավերամշակման գործարանը։ Ըստ նահանգապետի՝ ենթակառուցվածքին վնասներ են հասցվել, հրդեհ է բռնկվել։ 2 մարդ վիրավորվել է։ Վնասվել են նաև բազմաբնակարան և մասնավոր տներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում