ԱՄՆ-ն միջանկյալ ընտրություններից առաջ հարվածել է Իրանին
2 րոպեի ընթերցում

Պայթյուններ են լսվել Իրանի հարավում գտնվող Ղեշմ կղզում, որը գտնվում է Հորմուզի նեղուցում, ինչպես նաև Պարսից ծոցի ափին գհվող Բենդեր Լենգե քաղաքի մերձակայքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
Նշվում է, որ գիշերը նախ պայթյունի ձայներ են լսվել երկրի հարավում գտնվող Ղեշմում, իսկ որոշ ժամանակ անց՝ Բենդեր Լենգեի ափին՝ ծովում։
Մինչ այդ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում՝ Ղեշմ կղզու մերձակա ջրերում, էլեկտրոնային պատերազմի միջոցներով վերահսկողություն է հաստատել ամերիկյան երկու MQM-170 անօդաչու թռչող սարքի նկատմամբ։
Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները CBS News-ին հայտնել են, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Ղեշմ կղզուն։ Նրանք հարվածները բնութագրել են որպես «սահմանափակ»՝ հավելելով, որ դրանք հասցվել են՝ ի պատասխան ԻՀՊԿ-ի կողմից ամերիկյան օդանավի վրա կրակոցների։
Այս նոր էսկալացիան տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին։
Նոյեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ չի շտապում Իրանին հարվածներ հասցնելու հարցում։ Նա նաև հայտարարել էր, որ «գուցե, կարիք լինի գնալ Քոլանգ (անգլ.՝ Պիկաքս) լեռան հետևից», որտեղ, ըստ ԱՄՆ-ի, գտնվում է իրանական գաղտնի միջուկային օբյեկտ։ Թրամփը Fox News-ին հայտնել էր, որ դա «մեծ բան չէ» և կարելի է ավարտել «մեկ ժամում»։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրահանգել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով, սակայն միևնույն ժամանակ կարգադրել է պատասխանել ցանկացած սպառնալիքի՝ առանց որևէ աշխարհագրական սահմանափակման։