Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը
2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով մշակույթի ոլորտի հիմնական ձեռքբերումներն ու առաջնահերթությունները, ընդգծել է, որ շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը։
Մինչև 2031 թվականը նախատեսվում է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկել ևս 5 հուշարձան կամ հուշարձանախումբ։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկումը ոչ միայն միջազգային ճանաչելիության, այլև կառավարման որակի բարձրացման հնարավորություն է, քանի որ կարևոր պայմաններից է նաև հուշարձանների պատշաճ կառավարման համակարգի առկայությունը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Ներկայում աշխատանքներ են իրականացվում պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի մարզի ժայռափոր բնակավայրերի հայտերի մշակման ուղղությամբ։ Նախատեսվում է առաջադրել նաև հայկական ամրոցներից մեկը: Շարունակվում են նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման աշխատանքները։
Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկա տարիներին նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում ընդգրկման ներկայացնել ևս երկու տարր։
Անդրադառնալով արդեն արձանագրված արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի կիրճում» հայտը, ինչպես նաև Իրանի հետ համատեղ ներկայացված՝ անձրևի և ջրի հետ կապված ավանդույթներին վերաբերող հայտը, որը հնարավորություն է տալիս միջազգային հարթակում հանրահռչակելու նաև Վարդավառի հայկական ավանդույթը։
Նշենք, որ խոսքը նախնական ցանկի, այլ ոչ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկի մասին է։ 1995 թվականից ի վեր, նախնական ցանկում հայկական հուշարձանների նոր հայտեր չէին ավելացվել։ Գործընթացը վերսկսվել է 2024 թվականին «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտի ընդգրկմամբ։