Սփյուռք

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

6 րոպեի ընթերցում

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը, որի նպատակն է քննարկել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկան ու ապագան, Հայաստանի զարգացման առաջնահերթությունները և համատեղ համագործակցության հնարավորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի բացմանն ունեցած ելույթում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ միայն ընդհանուր պատմության և ազգային ինքնության, այլև ընդհանուր նպատակների, փոխադարձ վստահության և գործնական համագործակցության հիման վրա։

«Մենք հավաքվել ենք Հայաստանում աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկան և ապագան, կիսվելու ներկայի մեր գնահատականներով և ծրագրելու ապագայի համատեղ անելիքները։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ամենօրյա աշխատանքի, հայկական համայնքներ կատարած այցելությունների և մեր հայրենակիցների հետ անմիջական շփումների ընթացքում մենք շարունակաբար համոզվում ենք, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ միայն ընդհանուր պատմության և ազգային ինքնության, այլև իրականության, ընդհանուր նպատակների, փոխադարձ վստահության և գործնական համագործակցության հիման վրա»,- ասաց Սինանյանը։

Նրա խոսքով՝ սփյուռքը բազմազան է, և աշխարհասփյուռ հայերն ունեն տարբեր փորձառություններ, պատկերացումներ, երբեմն նաև էապես տարբերվող ընկալումներ ու մոտեցումներ։ Սակայն նպատակը բոլոր հարցերում համակարծիք լինելը չէ, այլ այդ բազմազանությունը կառուցողական երկխոսության և արդյունավետ համագործակցության վերածելը։

«Մեր մոտեցումը հետևյալն է՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունների առանցքում Հայաստանի Հանրապետությունն է՝ իր ինքնիշխանությամբ, պետականությամբ, ժողովրդավարական ինստիտուտներով և առաջնահերթություններով։ Մենք կարող ենք և պարտավոր ենք համախմբվել ինքնիշխան, խաղաղ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության կառուցման և պահպանման, ինչպես նաև համայնքների ամրապնդման նպատակի շուրջ»,- ընդգծեց գլխավոր հանձնակատարը։

Զարեհ Սինանյանը նաև անդրադարձավ Հայաստան-սփյուռք հարաբերություններում փոխադարձության կարևորությանը՝ նշելով, որ տարիներ շարունակ այդ հարաբերությունների մասին խոսելիս հիմնականում ուշադրություն է դարձվել այն հարցին, թե ի՞նչ կարող է սփյուռքը տալ Հայաստանին։ Մինչդեռ, նրա համոզմամբ, նույնքան կարևոր է նաև հակառակ հարցը՝ ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել աշխարհասփյուռ հայությանը։

«Մենք ցանկանում ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանը դիտարկեն ոչ միայն որպես իրենց արմատների և ինքնության պահպանման վայր, այլև որպես երկիր, որտեղ հնարավոր է արժանավայել ապրել, աշխատել, կրթություն ստանալ, ստեղծագործել, ներդրումներ կատարել և կառուցել սեփական ապագան։ Մենք ուզում ենք, որ հատկապես սփյուռքի մեր հայրենակիցների համար Հայաստանը դառնա իրենց տունը և սեփական ապագան կերտելու իրական հնարավորություն։

Հայաստանի Հանրապետության կառավարության ամենօրյա աշխատանքն ուղղված է Հայաստանի կայուն և անվտանգ զարգացմանը։ Մեր նպատակն է կերտել այնպիսի պետություն, այնպիսի Հայաստան, որտեղից ոչ միայն տեղաբնակները չեն ցանկանա հեռանալ, այլև սփյուռքի մեր հայրենակիցները կցանկանան ապրել»,- ասաց նա։

Սինանյանի խոսքով՝ իրականացվող բարեփոխումներն արդեն իսկ տալիս են իրենց արդյունքները, որոնց մասին վկայում են ոչ միայն թվերն ու ցուցանիշները, այլև քաղաքացիների առօրյա կյանքում տեղի ունեցող փոփոխությունները։ Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ այդ նպատակին հասնելու ճանապարհը երկար և դժվար է, և այն հաղթահարելու գործում սփյուռքն ունի իր ուրույն դերը։

«Իսկ ինչպե՞ս ենք միասնաբար անցնելու այդ ճանապարհը, ի՞նչ դեր է նախատեսված յուրաքանչյուրիս համար։ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը հենց այս հարցերին պատասխաններ տալուն միտված երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ է։

Առաջիկա օրերին մենք միասին քննարկելու ենք Հայաստանի զարգացման առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումները, տնտեսությունը, նորարարությունը, կրթությունը, մշակույթը, գիտությունը և բազմաթիվ այլ թեմաներ, որոնցում սփյուռքի գիտելիքները, փորձն ու ներուժը կարող են կարևոր դեր ունենալ»,- նշեց գլխավոր հանձնակատարը։

Նա առանձնահատուկ ընդգծեց, որ գագաթնաժողովի նպատակը միայն քննարկումների կազմակերպումը չէ։ Ըստ Սինանյանի՝ միջոցառման հաջողությունը չպետք է չափել մասնակիցների թվով, անցկացված միջոցառումներով կամ ելույթներով։ Առավել կարևոր է, թե ինչ արդյունքներ կարձանագրվեն հանդիպումներից հետո։

«Մեզ համար շատ ավելի կարևոր է, թե ի՞նչ է տեղի ունենալու այդ հանդիպումներից հետո, ո՞ր գաղափարները կվերածվեն նախաձեռնությունների, ի՞նչ նոր գործընկերություններ կձևավորվեն և ի՞նչ գործնական արդյունքներ դրանք կտան։ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդումն անշուշտ չի կարող սահմանափակվել մեկ միջոցառման շրջանակներով և անցկացված քննարկումներով։ Այն պահանջում է ամենօրյա, հետևողական և երկարաժամկետ աշխատանք»,- ասաց նա։

Եզրափակելով ելույթը՝ Զարեհ Սինանյանը գագաթնաժողովի մասնակիցներին կոչ արեց ակտիվորեն ներգրավվել քննարկումներում, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, կիսվել փորձով և ներկայացնել առաջարկներ։

«Մենք բաց ենք անկեղծ երկխոսության համար և համոզված ենք, որ այն պետք է վերածվի կոնկրետ քայլերի և համատեղ աշխատանքի։ Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք, բովանդակալից քննարկումներ և, ամենակարևորը, գործնական արդյունքներ»,- ասաց նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում