Հայաստան

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

3 րոպեի ընթերցում

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

Հայկական քոչարիի պես, երբ բոլորը միասին են շարժվում՝ գտնելով ընդհանուր ռիթմը, երկրները պետք է համագործակցեն նաև կենսաբազմազանության պահպանության շուրջ բանակցություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի շրջանակում կայացած բարձր մակարդակի ժողովի ընթացքում ասաց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը։

«Ինչպես հայկական քոչարին, որտեղ մարդիկ ձեռք ձեռքի տված գտնում են ընդհանուր ռիթմը, յուրաքանչյուր պարող իր տեղն ունի և իր քայլերն է անում, բայց պարը ստացվում է միայն այն ժամանակ, երբ բոլորը միասին են շարժվում, այդ ոգին է մեզ անհրաժեշտ այս բանակցություններում»,-ասաց Շոմեյքերը։

Նրա խոսքով՝ երկրները բանակցություններին մասնակցում են տարբեր ազգային հանգամանքներով, պարտավորություններով և առաջնահերթություններով, սակայն համաձայնության հասնելու համար պարտադիր չէ, որ բոլոր երկրները նույն քայլերն անեն․ անհրաժեշտ է գտնել ընդհանուր ռիթմ և միասին առաջ շարժվել։

Նա նշեց, որ  չորս տարի առաջ Մոնրեալում երկրները համաձայնության են եկել մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորուստը դադարեցնելու և այն շրջելու պատմական նպատակի շուրջ։

«Աշխարհը կրկնակի ծախսեր է կրում, երբ հանրային միջոցներն ուղղվում են բնությանը վնասող գործունեության ֆինանսավորմանը, իսկ հետագայում ստիպված է լինում վճարել քայքայված հողերի, աղտոտված ջրերի և էկոհամակարգերի դիմակայունության կորստի հետևանքների համար։ Առողջ էկոհամակարգերն են մարդկանց կենսապահովման հիմքը։ Բնության համար ավելի շատ ֆինանսավորում է անհրաժեշտ, բայց միևնույն ժամանակ առկա ֆինանսավորումը պետք է ծառայի բնության պահպանությանը»,-նշեց նա։

Կոնվենցիայի գործադիր քարտուղարի խոսքով՝ բանակցությունները վճռորոշ փուլ են մտել, և դեռևս կան քաղաքական բարդ հարցեր, որոնց լուծման համար անհրաժեշտ է առաջնորդություն։

«Երևանում ընդունվող որոշումները պետք է արտացոլեն առկա մարտահրավերների մասշտաբը և ստեղծվող հնարավորությունները։  Եկեք Երևանից հեռանանք թղթի վրա գրված որոշումներով և բնության պահպանությունն ու ֆինանսավորումն այլ կերպ դիտարկելով»,-հավելեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում