Մշակույթ

«Մեկը երկուսի համար». Պարոնյանի անվան թատրոնում առաջնախաղ է սպասվում

2 րոպեի ընթերցում

«Մեկը երկուսի համար». Պարոնյանի անվան թատրոնում առաջնախաղ է սպասվում

«Մեկը երկուսի համար» կատակերգական ներկայացումը, որը հասցրել է սիրվել ՌԴ-ում և ԱՄՆ-ում, կհանձնվի Հայաստանի հանդիսատեսի դատին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրության առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Պիեսի հեղինակն ու բեմադրիչը Համլետ Ղալեչյանն է, կոմպոզիտորը՝ Արթուր Մկրտչյանը։ Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արման Նավասարդյանն ու Աշոտ Քեշչյանը:

Ներկայացման պատմության կենտրոնում Մոսկվա արտագնա աշխատանքի մեկնած Արմենակն է, որն առողջական խնդիրների պատճառով հայտնվում է հիվանդանոցում։ Թյուրիմացության հետևանքով նրան ընդունում են մեկ այլ հիվանդի՝ սփյուռքահայ գործարար Արմենի փոխարեն։

Հիվանդանոցում հայտնված բոլորովին տարբեր աշխարհայացք ունեցող տղամարդկանց հանդիպումը դառնում է բազմաթիվ կատակերգական իրավիճակների պատճառ։ Հայրենիքի, ընտանիքի, հարաբերությունների, կյանքի և մարդկային արժեքների շուրջ նրանց անվերջ վեճերն աստիճանաբար վերածվում են ոչ միայն զվարճալի երկխոսությունների, այլև միմյանց աշխարհայացքը փոխող հարաբերության։

Եթե Արմենը կյանքին ու հարաբերություններին մոտենում է հաշվենկատ և պրագմատիկ դիրքերից, ապա Արմենակի անկեղծությունն ու մարդկային պարզությունն աստիճանաբար ազդում են նրա մտածելակերպի վրա։ Երկու հերոսների հակադրության միջոցով ներկայացումը հումորի լեզվով անդրադառնում է հայրենիքից հեռանալու, ընտանիքի, մարդկային հարաբերությունների և արժեքների թեմաներին։

«Մեկը երկուսի համար» ներկայացման երկխոսություններն ու բեմական իրավիճակները համադրված են սոցիալական և մարդասիրական թեմաների հետ՝ ստեղծելով ներկայացում, որը նախատեսված է տարբեր սերունդների հանդիսատեսի համար։

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում