Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով
5 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության միջազգային համաժողովը (COP17), որը հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում է համախմբել ոլորտի ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, կանաչ գոտու միջոցով հասարակության լայն շրջանակին նաև մշակույթի հետ առնչվելու հնարավորություն է ընձեռում։
Օրեր առաջ մշակութային հարթակում հյուրընկալվել էր երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, որը հանդես եկավ «Երգն ու բնությունը» խորագրով համերգով։ Պետրոսյանը ներկայացավ կոմիտասյան երգերով, պատմեց Կոմիտասի, նրա ստեղծագործությունների, բնության և մարդու հարաբերությունների մասին՝ երգով հորդորելով պահպանել բնությունը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պետրոսյանը պատմում է՝ երբ սկսել է ուսումնասիրել կոմիտասյան ժառանգությունը, ինչ-որ պահից զգացել է, որ շատ ավելի է կապվում բնության ամենատարբեր երևույթների հետ՝ ճնճղուկ, ծառ, ծաղիկ, անձրև և այլն։ «Հասկացա, որ այդ ամենը նրանից է, որ բնության երգերն եմ շատ լսում՝ «Անձրևն եկավ շաղալեն», «Շողեր ջան», «Հոյ նազան», «Երկինքն ամպել ա», «Հով արեք, սարեր ջան» և այլն։ Շատ են այն երգերը, որոնցում ներկա է բնությունը։ Ժողովրդական երգի հիմքում սերն է. կարող է լինել սերը դեպի նորածին երեխան, երբ մայրը սկսում է նրա համար օրորոցայիններ երգել, կարող է լինել շինականի գութաներգը, որը սեր է աշխատանքի, հողի նկատմամբ, «Անձրևն եկավ շաղալեն» երգում սիրո հիացական վերաբերմունքն է բնության նկատմամբ։ Կոմիտասն ասում է՝ երգը հոգու հայելին է։ Այդ հայելում մենք տեսնում ենք մարդ-բնություն փոխհարաբերությունները, որոնք հոգատար են, սիրառատ են, միայն սեր ու գուրգուրանք, ոչ մի վնաս։ Եթե հայելու մյուս կողմը նայենք, կտեսնենք՝ կան մարդիկ, որոնք բնության հանդեպ հոգատար են, և կան մարդիկ, որոնք ագահորեն շահագործում են բնությունը։ Այդպես է ամբողջ աշխարհում»,-նշում է Հայկը։

Նա կարծում է՝ ինչ-որ կետում մարդ-բնություն կապն աղճատվել է. մարդը տրվել է ագահությանը, իսկ կոմիտասյան երգերում բնության նկատմամբ մաքուր, պարզ վերաբերմունքն է, որում չկա պաթոս։ «Ինչպե՞ս է երեխան ճնճղուկ, սիրուն ծաղիկ տեսնելիս ուրախանում։ Այդ պարզ, մաքուր զգացմունքը կարող ենք վերագտնել այս երգերի միջոցով և բովանդակային իմաստով հիմնովին փոխել ու բարելավել մեր վերաբերմունքը բնության նկատմամբ»,-հավատացնում է երգիչն ու հավելում՝ դա ճանապարհ է, որը մեկ օրում անցնել հնարավոր չէ, բայց, երբ սկսենք երգել մեր երգերը, մեր մեջ կրել այդ երգերի փիլիսոփայությունը, ամեն բան կփոխվի։
Պետրոսյանը հիշում է «Վիրավոր լորիկ» երգը, որում հեղինակն օգնության ձեռք է մեկնում վիրավոր լորիկին, դառնում է ցավակից մեկը՝ նրան ասելով՝ քելե, քելե, ոտքի կանգնիր, սիրավոր լորիկ ջան։ Ըստ Հայկի՝ այդ երգերով հնարավոր է մեր զգացմունքային վերաբերմունքը բարելավել բնության հանդեպ, ինչը պետք է փոխանցել նաև գալիք սերունդներին, որովհետև այս միջավայրն է մարդկանց ապրելու պարտադիր պայմանը։
«Ինձ համար շատ կարևոր է հնչեցնել Կոմիտասի երգերը, որոնք շատ սիրում եմ։ Ի՞նչ է մշակույթն իր բովանդակությամբ. այն կյանքի փիլիսոփայությունն է, հարաբերվելու տարբերակ է»,-նշում է երգիչը։
Երկու տարվա ընթացքում Հայկ Պետրոսյանը կոմիտասյան ծրագրով հանդես է եկել գյուղերում, դպրոցներում, մանկապարտեզներում, ճամբարներում, թատրոններում, մեծ ու փոքր բեմերում։ Նրա հանդիսատեսը տարբեր է։ Ասում է՝ այդպես է, քանի որ կոմիտասյան երգերը բոլորինն են։ «Իմ հանդիսատեսը հայ ժողովուրդն է, կապ չունի, թե սոցիալական ինչ շերտից է մարդը, կապ չունի նրա նույնիսկ կրթական մակարդակը։ Կոմիտասյան երգը հավասարապես բոլորինն է»,-ընդգծում է նա։

Հայկը հաճախ է հանդիպում նաև դպրոցականների և ուսանողների հետ։ Այդ հանդիպումները շատ է սիրում, որովհետև նրանց հետ ինքն էլ է ավելի երիտասարդանում։ Նշում է՝ երեխաների հետ կարող է ավելի անմիջական լինել։ «Զարմանալին այն է, որ նրանք շատ ընկալունակ են, միանգամից զգում են աշխարհը։ Բնության հետ կապը նրանց մեջ կա, պարզապես պետք է արթնացնել այն։ Երգը մեզ կարող է բերել մի միջավայր, որում միմյանց նկատմամբ ավելի անկեղծ կլինենք, ավելի հարազատ կլինենք։ Երգի աշխարհը կարող ենք նաև կախարդական համարել, քանի որ հիմքում, ինչպես արդեն ասացի, զգացմունքն է»,-եզրափակում է Հայկ Պետրոսյանը։
COP17-ի շրջանակում Հայկ Պետրոսյանի հաջորդ ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին կրկին կանաչ գոտում, որը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է։
