Մշակույթ

Հայաստանի պատմության թանգարանը մեր երկիրը հնագույն ժամանակներից լավագույնս բնորոշող նմուշները կցուցադրի Ակրոպոլիսում

6 րոպեի ընթերցում

Հայաստանի պատմության թանգարանը մեր երկիրը հնագույն ժամանակներից լավագույնս բնորոշող նմուշները կցուցադրի Ակրոպոլիսում

Հայաստանի պատմության և Ակրոպոլիսի թանգարանների տնօրեններն ամիսներ առաջ Հունաստանում հուշագիր էին ստորագրել՝ ազդարարելով համագործակցության մեկնարկը։

Հուշագիրը գործնականում շունչ կստանա խոշոր և խորհրդանշական ցուցադրությամբ. նոյեմբերի 19-ին Հայաստանի պատմության թանգարանը «Հնագույն Հայաստան» խորագրով ցուցահանդեսով կներկայանա Ակրոպոլիսի թանգարանում՝ թե՛ հույների, թե՛ այլազգի զբոսաշրջիկների համար բացահայտելով մեր երկրի պատմությունն ու մշակույթը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Նժդեհ Երանյանն ընդգծեց՝ «Հնագույն Հայաստան»-ը ներկայացնելու է Հայաստանը լայն կոնտեքստում՝ սկսած քարի դարից մինչև քրիստոնեություն։

«Մեր հավաքածուի 170-ից ավելի առարկա երեք ամսով ցուցադրելու ենք Ակրոպոլիսի  հեղինակավոր թանգարանում։ Այն աշխարհի ամենաշատ այցելվող թանգարաններից է. շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում։ Հայաստանը թանգարանում ներկայացվելու է շատ կարևոր դիտանկյունով։ Դա և՛ մեր թանգարանի, և՛ մեր երկրի համար մեծ նշանակություն ունի, նպաստում է մեր ճանաչելիության բարձրացմանը»,-նշեց Երանյանն ու հավելեց՝ ցուցադրության շրջանակում նաև պատկերագիրք է հրատարակվելու։

Նրա խոսքով՝ ցուցադրությունն անդրադառնում է նաև հայ-հունական կապերին հնագույն ժամանակներում, որպեսզի և՛ տեղացիների, և՛ օտարների համար հասկանալի լինի, թե ինչ հարաբերություններ են ունեցել Հայաստանն ու Հունաստանը։

Պատմության թանգարանը միջազգային համագործակցությունների շրջանակում հոկտեմբերի 9-ին Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում մեկնարկել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

Այն անդրադառնում է Հայաստանի և Կիպրոսի ընդհանուր քրիստոնեական ժառանգությանը, ինչպես նաև երկու երկրների պատմամշակութային կապերին։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված չորս բացառիկ նմուշներ ներկայացնում են հայկական մշակույթի, եկեղեցական արվեստի և պետական ավանդույթի տարբեր դրսևորումներ։ Ցուցադրությունում առանձնահատուկ տեղ ունի Սուրբ Մակարի վանքից ծագող հայկական Ավետարանը, որը Կիպրոսի Հայոց թեմի համաձայնությամբ մշտապես ցուցադրվում է Բյուզանդական թանգարանում և հիմք է հանդիսացել ցուցադրության գաղափարի համար։

Հայաստանի պատմության թանգարանը ոչ միայն նմուշները ցուցադրում է արտերկրի հեղինակավոր թանգարաններում, այլև պարբերաբար հանդես է գալիս որպես հյուրընկալող կողմ։ Երկու տարի առաջ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը, որի շրջանակում մի շարք նմուշների կողքին ներկայացվեցին Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը, ավելի ուշ Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ թանգարանում բացվեց «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունը, շաբաթներ առաջ Բեռլինի թանգարանային կղզու հետ համագործակցությամբ Երևանում բացվեց «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» խորագրով միջազգային ցուցադրությունը։

Նժդեհ Երանյանը կարևորեց նաև 2026 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի պատմության թանգարանում բացված «Անի․ միջնադարյան հայկական մայրաքաղաքի հազար ու մեկ վերապրումները» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում ցուցադրվում են Անիի հնավայրից պահպանված թանգարանային հավաքածուներ, բնօրինակ մշակութային արժեքներ, արխիվային լուսանկարներ, գեղարվեստական ստեղծագործություններ, հրատարակություններ, վավերագրական ֆիլմեր և այլ նյութեր։ Նմուշներից մի քանիսը ցուցադրվում են առաջին անգամ: Դրանք ներկայացնում են Անիի ուսումնասիրման, պահպանության, վերաիմաստավորման և պատմական հիշողության տարբեր դրսևորումները։

Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի, Լայպցիգի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնիցի ինստիտուտի (GWZO), Բեռլինի Ազատ համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի և այլ գործընկերների համագործակցությամբ։

«Այս ցուցահանդեսները շատ կարևոր են ոչ միայն այցելուների աշխարհայացքի ընդլայնման, այլև մշակութային դիվանագիտության համար։ Նմանատիպ մշակութային միջոցառումներով ոչ միայն համագործակցող թանգարանների, այլև երկրների հարաբերություններն են զարգանում, բայց ես հատկապես ցանկանում եմ ընդգծել թանգարանագիտական առաջխաղացումը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր թանգարանն ունի միջազգային ցուցահանդեսներ ընդունելու, կապերի զարգացման արդյունքում նոր հնարավորություններ ձևավորելու, մասնագիտական այցեր կազմակերպելու պայմաններ»,-նշեց Երանյանը։

Նա տեղեկացրեց՝ մինչև տարեվերջ մի քանի այլ ցուցադրություններ ևս կլինեն, սակայն դեռ չեն կարող բացել փակագծերը։

«Հայաստանի պատմության թանգարանն իր տարածքով, հավաքածուներով և ցուցադրություններով միջազգային թանգարաններին հավասար է ներկայանում, և այցելուներին անակնկալներ են սպասվում։ Կարծում եմ՝ նրանք կհետևեն մեզ և թանգարան կգան հետաքրքիր ցուցադրությունների և տեղեկությունների հետևից»,-եզրափակեց Նժդեհ Երանյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում