Մշակույթ

Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը

Կյանքի 90-րդ տարում մահացել է անվանի երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունն ու ցավակցում է Բուդաղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին։

Արմեն Բուդաղյանը ծնվել է 1936 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, իսկ 1963-ին՝ երաժշտագիտության բաժինները։ Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ որպես երաժշտագետ։ 1970-ին Լենինգրադի կոնսերվատորիայում պաշտպանել է թեկնածուական թեզ «Ջութակի սոնատի զարգացման ուղիները Հայաստանում» թեմայով։

1963 թվականից վարել է համերգ-դասախոսություններ մանկապատանեկան լսարանի համար («Դպրոցականի ֆիլհարմոնիա»)։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում երաժշտության պատմություն է դասավանդել, դասավանդել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Արմեն Բուդաղյանի երաժշտագիտական գործունեությունը վերաբերում է հայ երաժշտության ուսումնասիրություններին (ԵՊԿ պատմություն, կոմպոզիտորներին և երաժշտագետներին վերաբերող մենագրություններ)։

Նրա հոդվածներից են՝ «Հրաչյա Բոգդանյան», 1994, «Ալեքսանդր Չաուշյան», 1995, «Կարպ Սավելևիչ Դոմբաև», 1996, «Ջութակահար Հակոբ Վարդանյանը», 1998, «Ալեքսանդր Հարությունյան։ Հուշեր», 2000,  «Կ. Ս. Սարաջևը և նրա անվան Մոսկովյան սիմֆոնիկ նվագախումբը», 2002, «Էդվարդ Միրզոյան. «Ֆրագմենտներ» », 2005,  «Վահե Ահարոնյան», 2011 (ռուսերեն), «Լևոն Զորյան», 2012 (ռուսերեն)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում