Իրավունք

Քրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք. երեք օտարերկրացի կալանավորված է

2 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք. երեք օտարերկրացի կալանավորված է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ օտարերկրյա քաղաքացի մի խումբ տղամարդիկ ծեծի և սպառնալիքի միջոցով ստիպում են օտարերկրացի կանանց զբաղվել մարմնավաճառությամբ և վերցնում այդ ճանապարհով ստացված գումարը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ օտարերկրացի տղամարդիկ, նախնական համաձայնությամբ և խմբի կազմում, շահագործման նպատակով հավաքագրել են այլ երկրներում ապրող կանանց ու աղջիկների և բարձր վարձատրվող օրինական աշխատանքի կեղծ խոստումով կազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան։ Բացահայտվել է նման երկու դեպք։

Մի դեպքում կանայք տեղափոխվել են Երևանի հյուրանոցներից մեկը, որտեղ օտարերկրացի մի տղամարդ, օգտագործելով կանանց անօգնական և խոցելի վիճակը, բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել է նրանց՝ գումարի դիմաց սեռական ծառայություններ մատուցել իր հայրենակից տղամարդկանց։

Նմանատիպ երկրորդ դեպքում սեռական շահագործումը կազմակերպվել էր Ջրվեժ գյուղում։ Այստեղի առանձնատներից մեկում օտարերկրացի երկու տղամարդ առանձին սենյակներում մեկուսացրել են խաբեությամբ Հայաստան տեղափոխված կանանց՝ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ և վերցրել այդ ճանապարհով ստացված գումարը։

Օպերատիվ տվյալներն իրացվել են նոյեմբերի 16-ին։ Հիշյալ հյուրանոցից և Ջրվեժ գյուղի առանձնատնից մի խումբ անձինք տեղափոխվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ Մարդու թրաֆիքինգի և շահագործման ենթադրյալ զոհերից ընդունվել են հաղորդումներ։ Օտարերկրացի երեք տղամարդիկ ձերբակալվել են։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օտարերկրացի տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում