Մշակույթ

«Զուգահեռներ»-ը՝ գրական կապերի ամրապնդման հարթակ. փառատոնը Երևանում հյուրընկալել էր Փիթեր Բալաքյանին և այլ հեղինակավոր գրողների

10 րոպեի ընթերցում

«Զուգահեռներ»-ը՝ գրական կապերի ամրապնդման հարթակ. փառատոնը Երևանում հյուրընկալել էր Փիթեր Բալաքյանին և այլ հեղինակավոր գրողների

«Զուգահեռներ» միջազգային գրականության փառատոնն իր շուրջ էր համախմբել գրողների, բանաստեղծների, թարգմանիչների և փառատոնների կազմակերպիչների ամբողջ աշխարհից՝ մշակույթների, գրականության և լեզուների միջև անսպասելի և հաճախ անտեսանելի զուգահեռները բացահայտելու նպատակով:

Նոյեմբերի 17-22-ը Երևանում և Գյումրիում անցկացված փառատոնն ընթերցումների, քննարկումների և մասնագիտական ​​​​հանդիպումների միջոցով ուսումնասիրում էր գրական պատմությունների, պատումների ընդհանուր կողմերն ու հակադրությունները և ստեղծում նոր գործնական կապեր։ 

Փառատոնը նախաձեռնել էր «Արի» գրականության հիմնադրամը։ «Զուգահեռներ»-ի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարհոյանն ասաց՝ առաջին փառատոնը նվիրված է Հայաստանի և Շոտլանդիայի մշակութային և գրական զուգահեռներին։

«Ամեն ինչ սկսվեց Շոտլանդիայից. մասնակցում էի Էդինբուրգի գրքի միջազային փառատոնին, որից հետո հնարավորություն կար հայ-շոտլանդական թեմայով որևէ նախագիծ իրականացնել։ Բրիտանական խորհրդի աջակցությամբ որոշեցինք նախաձեռնել «Զուգահեռներ» փառատոնը։ Փորձելու ենք գտնել այն զուգահեռները, որոնք կան հայ-շոտլանդական, ինչպես նաև այլ երկրների գրականության միջև։ Շոտլանդիայից հինգ հյուր ունենք, ևս տասը հյուր՝ այլ երկրներից։ Պանելային քննարկումների, զրույցների, ընթերցումների միջոցով ընդգծելու ենք զուգահեռների գաղափարը՝ փորձելով ապացուցել, որ բոլոր մշակույթների մեջ հնարավոր է նմանություններ գտնել»,-նշեց Աշխարհոյանը։

Փառատոնի նպատակներից էր հայկական գրական դաշտում հետաքրքրություն առաջացնել շոտլանդական և այլ երկրների ժամանակակից գրականության նկատմամբ, այդ գրականությունը հայերեն թարգմանելու առիթ ստեղծել, հայ հեղինականերին էլ հնարավորություն տալ կապեր հաստատել օտար հրատարակիչների, փառատոնների կազմակերպիչների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ և հայ գրականությունը ներկայացնել միջազգային հարթակներում։

Արևիկ Աշխարհոյանը շատ կարևորեց փառատոնի աջակիցների դերը միջոցառումների կազմակերպման գործում՝ ընդգծելով, որ, ի թիվս տասնյակ աջակիցների, իրենց կողքին է Ամերիաբանկը, որի օգնությամբ իրականացրել են «Երիտասարդ գրողների գրական մրցույթ»-ը՝ նախատեսված 18-24 տարեկան հեղինակների համար, որոնք պետք է անդրադառնային բնապահպանական թեմաների։ Մրցույթը եզրափակվել է, հաղթողների անունները հրապարակվել են նոյեմբերի 21-ին։ Մրցանակներ  են շնորհվել երեք անվանակարգում։

«Մեզ համար կարևոր է լինել այն նախաձեռնությունների կողքին, որոնք նպաստում են երիտասարդների զարգացմանը, նոր գաղափարների առաջխաղացմանն ու ստեղծարար ներուժի բացահայտմանը։ Ուրախ ենք միանալ «Զուգահեռներ» միջազգային գրականության փառատոնին և աջակցել դրա շրջանակում անցկացվող «Երիտասարդ գրողների գրական մրցույթ»-ին»,- նշեց Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդագրության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը:

Փառատոնի հատուկ հյուրն էր ամերիկահայ բանաստեղծ, արձակագիր Փիթեր Բալաքյանը։ Նա բանաստեղծությունների ինը ժողովածուի հեղինակ է, այդ թվում՝ «Օզոնային օրագիր» գրքի, որն արժանացել է 2016 թվականի Պուլիցերյան մրցանակի։

Բալաքյանի «Այրվող Տիգրիսը. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» աշխատությունն արժանացել է 2005-ի Ռաֆայել Լեմկինի մրցանակի, եղել է New York Times-ի նշանավոր գիրք և ազգային բեսթսելեր: Հեղինակի հուշագրությունը՝ «Ճակատագրի սև շունը», արժանացել է 1998-ին PEN/Martha Albrand մրցանակի «Հուշագրության արվեստի համար» և եղել է New York Times-ի, LA Times-ի և Publisher’s Weekly-ի տարվա լավագույն գիրքը:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տասնյակ լեզուներով՝ հայերեն, բուլղարերեն, ֆրանսերեն, հոլանդերեն, հունարեն, գերմաներեն, եբրայերեն, ռուսերեն և թուրքերեն:

«Արի» գրականության հիմնադրամը «Զուգահեռներ» փառատոնի շրջանակում հայերեն է հրատարակել Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը (թարգմանիչ՝ Հովահննես Գալստյան) և «Օզոնային օրագիր» բանաստեղծությունների ժողովածուն (թարգմանիչ՝ Կարեն Ղարսլյան)։ Հուշագրության հրատարակության մեջ ներառվել են Բալաքյանի ընտանիքի արխիվային լուսանկարները, որոնց միջոցով ներկայացվում է  մի ամբողջ սերնդի պատմությունը։

Շատ տարիներ առաջ «Ճակատագրի սև շունը» թարգմանվել է հայերեն, սակայն տպաքանակը վաղուց սպառվել էր, իսկ գրքի կարևորությունը դեռևս շատ ակտուալ է։

Փիթեր Բալաքյանը, որը փառատոնի շրջանակում դասախոսություններով է հանդես եկել Հայաստանի ամերիկյան և Երևանի պետական համալսարաններում, ևս ներկա էր փառատոնի բացման պաշտոնական արարողությանը։ Նա անդրադարձավ փառատոնի՝ «Իմ սիրտը լեռերում է» սարոյանական խորագրին՝ նշելով, որ լեռնաշխարհը ծնում է առասպել և ավանդազրույց, զգացում և երևակայություն։ Ըստ Բալաքյանի՝ լեռնաշխարհը՝ որպես տարածության ու մեկուսացման վայր, իր խստությամբ սնում է համայնքային ոգին ու ազգային ինքնությունը։ Հեղինակը շեշտեց, որ և՛ հայ, և՛ շոտլանդացի լեռնականները պայքարել են իրենց հակառակորդների դեմ՝ ազգային ինքնությունը պահպանելու համար։

«Ռոբերտ Բըրնսի «Իմ սիրտը լեռներում է» սիրված ստեղծագործությունը տրամադրության, բնազդի, շոտլանդական հոգում ապրող վայրի կարոտի գաղափարի խորհրդանիշ է։ Հայերենում ունենք մի գեղեցիկ ու բազմաշերտ բառ՝ կարոտ, որը նշանակում է տենչ, ցանկություն, հայրենաբաղձություն սիրելի մարդու և հարազատ հողի հանդեպ։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Սարոյանի «Մարդը, ում սիրտը լեռներում էր» պատմվածքը և դրա հիման վրա գրված «Իմ սիրտը լեռներում է» պիեսը Բըրնսի շոտլանդական երգերի ու նրա պատկերի յուրօրինակ մշակումն է»,-հիշեցրեց Փիթեր Բալաքյանն ու հավելեց՝ Սարոյանի պատմվածքի գլխավոր հերոսը տարեց շոտլանդացի դերասան Ջասփեր Մաքգրեգորն է, որը կարոտում է իր լեռնաշխարհը, մյուս հերոսը սովահար բանաստեղծ է, որի ազգությունը չի նշվում, բայց պատմվածքը գրել է երիտասարդ Սարոյանը, որը տարված էր իր նախնիների կորսված լեռնաշխարհով։

Փիթեր Բալաքյանի խոսքով՝  կողք կողքի դնելով շոտլանդացի երաժշտին և սովահար բանաստեղծին՝ Սարոյանն ընթերցողներին դրդում է մտածել արվեստագետի ծննդավայրի և մշակույթի մասին։  «Լեռնաշխարհի պատկերը թե՛ բացահայտ է, թե՛ ծածկագրված։ Շոտլանդական և հայկական լեռնաշխարհները սրտի ու մտքի  վայրեր են, կարոտի, հակամարտության ու բարդության, պատմության, ինչպես նաև ցնծության և գեղեցկության գոտիներ։  Այս պատմվածքի երկու արվեստագետները սահմանային կերպարներ են, որ դժվար ժամանակներում հազիվ են գոյատևում։ Պատմվածքում 1914 թվականն է, բայց այն գրվել է Մեծ ճգնաժամի ամենաթեժ շրջանում։ «Իմ սիրտը լեռներում է» պատկերը միավորում է Ռոբերտ Բըրնսի՝ շոտլանդական լեռնաշխարհի մասին ազգային բանաստեղծությունը և հայ-ամերիկացի գրողի՝ 1936 թվականին գրված այս առակը։ Ինչպե՞ս է  սիրտը լեռներում է, իմ սիրտը այնտեղ չէ պատկերը դրսևորվում մեր երկու մշակույթներում։ Եկեք առաջիկա օրերին միասին մտորենք այս հարցերի շուրջ»,-իր ազդեցիկ խոսքը եզրափակեց Փիթեր Բալաքյանը։

Փառատոնին ներկա էր նաև StAnza Շոտլանդիայի պոեզիայի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռայան Վան Ուինքլը։ Նա ընդգծեց՝ թե՛ իր, թե՛ շոտլանդացի հեղինակների համար մեծ պատիվ է փառաոնի պատվո հյուրը լինել։ «Երբ ասում ենք զուգահեռ երկիր,  նկատի ունենք այն, որ այս ընթացքում քննարկելու ենք գրականության, մշակույթի և այլ ոլորտների ընդհանրությունները, այս օրվա պարագայում ընդհանրություններ կան նաև երկու երկրների եղանակային պայմանների միջև։ Խոնավ եղանակը թույլ է տալիս մեզ զգալ ինչպես տանը»,-ասաց Վան Ուինքլը։

Նա «Զուգահեռներ»-ը շատ յուրօրինակ և հավակնոտ փառատոն համարեց և հավելեց՝  իրենք անչափ ուրախ են փառատոնի մի մասը կազմել։ Ոգևորված էր նաև հայ հեղինակների հետ հանդիպելու հնարավորությունից։  

Փառատոնին մասնակցում էին գրողներ ոչ միայն Շոտլանդիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից, այլև Լեհաստանից, Եգիպտոսից, Վրաստանից, Իսպանիայից, Նորվեգիայից և Թուրքիայից։ Կազմակերպիչները հույս ունեն, որ «Զուգահեռներ»-ը շարունակական կլինի և տարեցտարի կընդլայնի աշխարհագրությունը։

 

Լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում