Պետք է խոսել մեր վերքերի մասին, ոչ թե առևտուր անել դրանց վրա. Դրամատիկական թատրոնի բեմում «Ես ո՞ւ եմ նման» ներկայացումն էր
10 րոպեի ընթերցում

Ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոն, որն ավելի քան 5 հարյուր պիեսի հեղինակ է, իր թեթև, հետաքրքիր գրչով այնքան է գրավել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Գրիգոր Խաչատրյանին, որ նա առաջին անգամ թատրոնում նուար դետեկտիվ ժանրի ներկայացում է բեմադրել՝ հենվելով հեղինակի «Դաժան գիշերվա քաղաքը» պիեսի վրա։
Խաչատրյանի մեկնաբանությամբ պիեսը խոսում է անհատների անձնական ողբերգությունների մասին, որոնց հիմնական պատճառը պատերազմն ու բռնություններն են։ Հանդիսատեսը շատ է ցանկանում իմանալ, թե ինչպես են զարգանալու ներկայացման գործողությունները, թե ինչպես է բացահայտվելու սպանությունը, սակայն չի մոռանում, որ բեմում հերոսներ են, որոնց խեղված ճակատագրերի պատճառներից մեկը պատերազմ կոչվող արհավիրքն է։

«Ես ո՞ւմ եմ նման» ներկայացման փակ առաջնախաղը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին։ Թե՛ ռեժիսորը, թե՛ դերակատարները հուզված էին, սակայն նաև բավարարված։
«Արմենպրես»-ի թղթակիցը ևս ներկա է եղել բեմադրության պրեմիերային ու զրուցել ստեղծագործական կազմի հետ։
Գրիգոր Խաչատրյանը Դոն Նիգրոյի արծարծած խնդրին վաղուց է ցանկացել անդրադառնալ։ «Մենք անընդհատ խոսում ենք մեր պատերազմներից, սակայն ինձ ոչ մի անգամ դուր չի եկել այդ թեմայի շուրջ անորակ պաթոսը, որն ասես կենաց լինի և ոչինչ չի տալիս։ Մի բան է պատերազմի մասնակցելը, մեկ այլ բան է պոստտրավմատիկ սթրեսային խանգարումը։ Դոն Նիգրոն այս պիեսում շատ ճիշտ է մատուցել այն հերոսներին, որոնք անցել են այդ ամենի միջով և այժմ ռեաբիլիտացիոն շրջանում են։ Ցանկանում եմ, որ մենք խոսենք մեր վերքերից, ոչ թե առևտուր անենք այդ վերքերի վրա»,-ընդգծում է Խաչատրյանը։
Նա պարբերաբար բեմադրում է և՛ դասական, և՛ ժամանակակից գործեր։ Խաչատրյանի ուրույն ձեռագիրը ճանաչելի է թատրոնի երկրպագուներին, և այդ ձեռագրի առանձնահատկություններից է մշտապես նրբորեն ընտրված երաժշտությունը։ Ռեժիսորը կարծում է՝ երաժշտությունը, լույսը ևս գործող դերակատարներ են։

«Թատրոնը դիցաբանական ուժի, մոգականության ծնունդ է, և այն խմբերը, երաժիշտները, որոնց ստեղծագործություններն օգտագործում եմ, ինձ համար դիցաբանական հերոսներ են՝ Սթիվեն Թայլեր, Ֆրեդի Մերկուրի, Ջոն Լենոն և այլք։ Այսօր հնչում էին Dire Straits խմբի ստեղծագործությունները։ Նման երաժշտություն մեկ անգամ ստեղծվել է և այլևս չի ստեղծվելու, ինչպես՝ արգոնավորդների կամ Աքիլլեսի պատմությունները։ Ես այդպես եմ ընկալում։ Dire Straits խումբն ավելի շատ է այսօրվա մասին, քան այսօրը կարող է մեր մասին ինչ-որ բան ասել։ Կարծում եմ՝ այն հեղինակները, որոնց անդրադառնում եմ, ևս 20-րդ դարի երաժշտականություն ունեն։ «Համլետ» ներկայացման մեջ օգտագործել եմ Ջանգո Ռեյնհարդի, Guns N' Roses-ի գործերը»,-նշում է ռեժիսորը։

Խաչատրյանի բեմադրություններին ուշադիր հետևելիս նկատում ես, որ բեմից անհետացել են ավանդական վարագույրները, որոնք հստակ սահման են գծում բեմական տարածքի և կուլիսների միջև։ Ըստ ռեժիսորի՝ բեմական տարածքն այն տարածքն է, որտեղ կայանում է թատրոնը։
Այդ տրամաբանությամբ է բեմադրվել նաև «Ես ո՞ւմ եմ նման» ներկայացումը, որում փայլում է Էմմա Մանուկյանը։

Կերպարը դերասանուհուն հնարավորություն է տալիս հանդիսատեսին ներկայանալ դերասանական վարպետության հարուստ գունապնակով։ «Սա իմ առաջին հասուն դերն է, որտեղ ներկայանում եմ որպես կին։ Մինչ այդ մարմնավորել եմ երեխաների, դեռահասների, չհասունացած կանանց։ Ռեժիսորն ասաց, որ պետք է ներկայանամ որպես կին ու մոռանամ մանկապատանեկան դերերը, կերպար խաղալը, ասաց, որ չթաքնվեմ որևէ կերպարի հետևում, ներկայացնեմ այն, ինչ այսքան ժամանակ թաքցրել եմ։ Դա բավականին բարդ խնդիր էր, որը փորձում էի լուծել։ Հուսով եմ՝ ստացվեց»,-նշում է Մանուկյանը։
Նրա մարմնավորած կերպարի գաղտնիքները հանդիսատեսը ներկայացման վերջում է բացահայտում, սակայն հերոսուհու աչքերի փայլը, կեցվածքը, երբեմն անհասկանալի խոսքն ու շարժուձևը մատնում են նրան։ «Բոլոր հերոսները հետտրավմատիկ փուլում են. տղաները պատերազմից են վերադարձել, մյուսը բանտում է եղել, իմ կերպարը ծանր հոգեբանական խնդիր ունի, որովհետև ընտանեկան բռնության է ենթարկվել։ Հեղինակը մեզ հուշում է, թե ինչպես է հարկավոր հաղթահարել այդ ամենը, այն է՝ մենակ չմնալ։ Թվում է, թե պիեսը միայնակ մարդկանց մասին է, բայց հերոսները կարողանում են միասին հաղթահարել խնդիրը»,-պատմում է Էմմա Մանուկյանն ու հավելում՝ իր կերպարը կին է, որը ցանկանում է ապրել, բայց նրա հերթը չի հասնում, նա երիտասարդ է, ուզում է գնալ մեծ քաղաք, սակայն ստիպված է մնալ, քանի որ հայրը հեռացել է, մայրը հիվանդ է։ Նա ինքն իրեն հարցնում է՝ ո՞ւր մնաց իր կյանքը, իր բաժին կարկանդակը ե՞րբ է ուտելու։

Ըստ դերասանուհու՝ հային հատուկ է ինքնազոհողությունը, իսկ ամերիկացին մտածում է՝ մեկ կյանք ունի, որն ապրել է պետք։
Ներկայացման արական սեռի ներկայացուցիչների կերպարները կերտել են Վլադիմիր Մսրյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Արմեն Մեսրոբյանը։

Արմեն Մեսրոբյանը Թոնիի դերում է, մարդու, որը պատերազմից հետո լուրջ վիրահատություն է տարել և դժվար է խոսում, հիշողության հետ կապված խնդիրներ ունի։ «Ամենաբարդ բանն այն էր, որ փորձում էինք հնարավորինս այնպես անել, որ որևէ բան գռեհիկ չհնչի, չափազանցված չլինի։ Ռեժիսորի պահանջով ձգտել ենք հեռու մնալ արհեստականորեն բնական լինելուց։ Նա ցանկանում էր, որ մենք բեմում լինենք իրական, ոչ թե բնական։ Մենք արծարծում ենք պատերազմից վերադարձած տղաների խնդիրներն ու շեշտը ոչ թե դնում տեսանելի ֆիզիկական խնդիրների վրա, այլ փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում այդ մարդկանց հետ։ Նրանք վերադարձել են պատերազմից, բայց ասես չեն վերադարձել։ Նրանք դեռ չեն կարողանում ազատվել հիշողություններից, անցյալը նրանց համար ներկա է»,-նշում է դերասանն ու հավելում՝ հավանաբար մենք կարիք ունենք վերանայել մեր վերաբերմունքը պատերազմից վերադարձածների հանդեպ։

Վլադիմիր Մսրյանն էլ կարծում է՝ «Ես ո՞ւմ եմ նման» ներկայացումը չի կարող բոլորին նույնչափ հասնել, բայց շատերը կըմբռնեն միտքը։

Երբ առաջին անգամ ծանոթացել է պիեսին, հասկացել է, թե ով է իր մարմնավորած կերպարը, ինչ հատկանիշներ ունի, բայց փորձերի ժամանակ շատ են զարգացրել հերոսին։ «Եթե տեսնեք 28 բեմական փորձի և սեղանի շուրջ 13 աշխատանքի առաջին ու վերջին օրերը կփաստեք, որ սկզբում և հիմա իմ կերպարը կատաստրոֆիկ տարբեր է. աշխատանքը շատ մեծ էր, փոփոխությունը՝ ևս»,-ընդգծում է Մսրյանը։ Ըստ նրա՝ ներկայացումն աչքի է ընկնում նոր խաղաոճով, որին ինքն այլ բեմերում դեռ չի հանդիպել։
Նիկոյալ Ավետիսյանն առաջին անգամ է հանդես գալիս դետեկտիվում և վստահեցնում է՝ այդ ժանրում դերասանից շատ բան է կախված, ուստի փորձերից բացի կերպարների և արտահայտչամիջոցների շուրջ բազմաթիվ քննարկումներ են ունեցել։ Նրա խոսքով՝ պիեսի տեքստն առաջին հայացքից կարող է մակերեսային թվալ, սակայն ունի խորություն և ենթատեքստեր, որոնք անհրաժեշտ էր պարզ և հասանելի լեզվով մատուցել հանդիսատեսին։

«Այս անգամ Գրիգոր Խաչատրյանի ռեժիսորական մոտեցումներն ավելի շատ ուղղված են եղել դերասաններին, քան թատերական լուծումներին, ինչը շատ ժամանակ և էներգիա է խլել։ Մենք նաև պարզեցինք, որ այնքան էլ ծանոթ չենք ամերիկյան դրամատուրգիային, որն ունի իր հստակ խաղաոճն ու մոտեցումները։ Երբ դիտում ենք սիրված ամերիկյան ֆիլմերը, որոնցում ևս հասարակ տեքստեր են հնչում, թվում է՝ ամերիկյան դերասանական դպրոցը շատ պարզունակ է, բայց պարզվեց՝ այդպես չէ։ Իրականում այդ ֆիլմերի պարզ ֆրազները երբեմն ավելի բարդ է տեղ հասցնել, քան շեքսպիրյան տեքստերը, երբ ցանկացած բառ հուշում է՝ ինչպես մատուցել այն»,-ասում է դերասանը։
Ըստ նրա՝ երբեմն անցյալն անցյալում է, ապրելու այդ ձևն այլևս չկա, սակայն ապրելու նոր ձևերին էլ ծանոթ չես։ Հենց այդ նոր ձևերի որոնումների փուլում է հետպատերազմական շրջանում ապրող մարդը, որը հստակ չգիտի, թե ինչ պետք է անել։ «Այդ ժամանակ հարկավոր է լսել մտերիմներին, որովհետև երբեմն օգնություն է պարզապես դիմացինին լսելը։ Պիեսում հաճախ կհանդիպենք դրվագների, երբ մի հերոսը լսում է մյուսին։ Ներկայացման վերնագիրը հրաշալի է՝ «Ես ո՞ւմ եմ նման»։ Ոչ միայն պատերազմից հետո, այլև առհասարակ մարդու կյանքում լինում են իրավիճակներ, երբ նա չի հասկանում, թե ինքն ուր պետք է գնա, ում է նման, ով է։ Դա նաև խոսում է միջին տարիքի ճգնաժամի մասին»,-շեշտում է Ավետիսյանը։

«Ես ո՞ւմ եմ նման» ներկայացումը բեմում կլինի նաև նոյեմբերի 12-ին և 19-ին։
Թատրոնում առաջիկայում այլ նորություններ ևս սպասվում են. դեկտեմբերի 2-ին թատրոնը կնշի Հայաստանի վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի հոբելյանը, մինչև տարեվերջ հանդիսատեսին կներկայացվի Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպպելոյի տանը» բեմադրությունը, իսկ 2027-ին բեմ կբարձրանա Դոն Նիգրոյի «Ռեյվենսկրոֆտ»-ը։
