Հայաստան

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

5 րոպեի ընթերցում

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կենսաբազմազանության համաժողովի (COP17) շրջանակում կանաչ գոտում, որը տեղակայված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հոկտեմբերի 23-ին տեղի կունենա «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը։

Թեմայի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Նունե Սաքանյանի հետ:

-Ի՞նչ խորհրդանշական կապ կա կանանց և կլիմայական փոփոխությունների միջև:

-Երբ ձևավորվում էր միջազգային կլիմայական քաղաքականությունը, կլիմայի փոփոխության և կանանց կապը չէին տեսնում, սակայն հետո վիճակագրությունը ցույց տվեց, որ կլիմայի փոփոխությունը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց և կանանց վրա, քանի որ կանայք սովորաբար ավելի քիչ եկամուտ են ունենում, նրանց հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, ինֆորմացիային հասանելիությունը սահմանափակ է, նրանք ավելի խոցելի խումբ են համարվում, և կլիմայի փոփոխությունն ավելի շատ է ազդում կանանց վրա։ Նրանք չեն կարողանում ավելի ճիշտ արձագանքել փոփոխություններին, շուտ ադապտացվել:

-Այսինքն՝ ի տարբերություն տղամարդկանց, կլիման ավելի մեծ ազդեցություն է ունենում կանանց վրա:

-Կանայք խոցելի խմբում են, սակայն նաև առաջատարներ են. իրականացնում են տարբեր ծրագրեր, որպեսզի դուրս գան այդ խմբից։ Մեր մրցանակաբաշխության նպատակն է ճանաչելի դարձնել այն կանանց, որոնք աշխատում են, իրականացնում են մեծ փոփոխություններ, որոնք ոչ միայն իրենց լոկալ համայնքներում են դրական փոփոխություններ բերում, այլև համայնքներից դուրս։

-Հայաստանում շա՞տ են նման կանայք: Մրցանակաբաշխությանը քանի՞ հայտ եք ստացել։

-Մրցանակաբաշխության միջոցով նաև քարտեզագրվել են այդ նախաձեռնությունները: Առաջին անգամ մրցանակաբաշխությունն իրականացրեցինք 2022 թվականին։ Ի զարմանս մեզ՝ ունեցանք մոտ 170 հայտ և 100 թեկնածու: 2024 թվականին ավելի շատ հայտեր ստացանք։ 2026 թվականին COP-ի շրջանակում  իրականացվող մրցանակաբաշխությանը ստացել ենք 130 հայտ: Այս տարվա մրցանակաբաշխությունը կապեցինք COP-ի հետ, որպեսզի ամբողջ աշխարհին ներկայացնենք մեր լուծումները, կանանց հնարավորություն տանք խոսել իրենց ծրագրերի մասին, իրենց իրականացրած նախաձեռնությունների և լուծումների մասին: Ցանկացանք մեծարել նրանց։

-Ի՞նչ ծրագրեր են իրականացնում կանայք, որոնք արժանանում են Ձեր ուշադրությանը։

-Ունենք յոթ անվանակարգ՝ «Կլիմայի փոփոխության մեղմում և կենսաբազմազանության պահպանում», «Կլիմայի փոփոխության հարմարվողականության լուծումներ և էկոհամակարգերի կայունություն», «Համայնքային քաղաքականություն և գործողություններ», «Կրթությունը՝ բոլորի համար», «Կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության ոլորտի լուսաբանման գործողություններ», «Երիտասարդությունը՝ կլիմայի փոփոխության և բազմազանության ոլորտում», ինչպես նաև՝ «Ֆինանսները և ինովացիաները»։  

Ունենք հաստատված 11 ժյուրիի անդամ։ Ամեն հայտը գնահատվել է չորս անկախ փորձագետի կողմից։

 

-Ավելի շատ հայտեր են ներկայացվել Երևանի՞ց, թե՞ ՀՀ մարզերից։

- 22 հայտ եղել է Երևանից, մնացածը՝ մարզերից: Այս տարվա նորամուծություններից մեկը «Հատուկ ճանաչում» մրցանակն է, որը կարևորում է այն տղամարդկանց, որոնք աջակցում են կանանց մասնագիտական զարգացմանը, խթանում են նրանց նոր նախաձեռնություններին և գործունեությանը:

-Նախագիծը շարունակակա՞ն կլինի։

-Այո։ Մրցանակաբաշխությունն իրականացնում ենք երկու տարին մեկ։ Մեր լավ գործընկերներից է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Ամեն տարի ավելի շատ կառույցներ են միանում այս նախաձեռնությանը:

-Մրցանակաբաշխության շրջանակում անցկացվելու է նաև «Արվեստ՝ հանուն կայուն զարգացման» ցուցահանդեսը: Այցելուներն ի՞նչ կարող են տեսնել ցուցադրությանը։

-Ոգեշնչված բնությամբ, կարևորելով նաև սոցիալական կոմպոնենտը, կանանց դերը՝ արվեստագետները միացել են այս նախաձեռնությանը։ Ցուցադրությանը, որ գործելու է հոկտեմբերի 22-24-ը, կներկայացվեն  համապատասխան նկարներ: Շատ ողջունելի է, որ այս գործերի իրացումից ստացված հասույթը որոշ մասով կգնա նաև կանանց կողմից ղեկավարվող ծրագրերի իրականացմանը:

-Շնորհակալ եմ, Նունե։ Հաջողություն եմ մաղթում։

-Շնորհակալություն։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում