Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար
3 րոպեի ընթերցում

Հայաստանը Կոստա Ռիկայի հետ համագործակցում է կենսառեսուրսների կառավարման ոլորտում տվյալների բազայի զարգացման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Տաթևիկ Կիրակոսյանը:

Նրա խոսքով`Հայաստանի համար ոլորտի հիմնական խնդիրներից մեկը տվյալների հասանելիությունն է։
«Հայաստանի համար կենսառեսուրսների առումով ամենահրատապ խնդիրը տվյալների հասանելիությունն է։ Դա այն հիմնական տեղեկատվությունն է, որի հիման վրա պետք է որոշումներ կայացվեն, և այդ որոշումները պետք է լինեն ճիշտ, ներառական ու արդյունավետ»,- ասաց նա։
Կիրակոսյանը նշեց, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը հնարավորություն է տալիս 196 երկրի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին և հասարակական կառույցներին մեկ հարթակում քննարկել ընդհանուր խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Նա առանձնացրեց Նագոյայի արձանագրությունը, որը վերաբերում է գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխմանը։ «Հայաստանը վերջերս է վավերացրել արձանագրությունը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերից։ Մենք միջազգային փորձի լավագույն օրինակների կարիք ունենք, որոնք կիրառելի կլինեն Հայաստանի նման կենսաբազմազանությամբ հարուստ երկրների համար։ Այս ուղղությամբ մի քանի հանդիպումներ ենք ունեցել միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են օգնել Հայաստանին զարգացնել տվյալների բազան և անհրաժեշտ համակարգերը՝ օրենսդրության կատարելագործմանը զուգահեռ»,- նշեց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել նաև Կոստա Ռիկայի հետ։ «Այդ երկրի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ Կոստա Ռիկան ունի տվյալների բազայի և օրենսդրության զարգացման բավականին մեծ փորձ»,- ասաց նա:
Անդրադառնալով COP17-ը Հայաստանում անցկացնելու նշանակությանը՝ Կիրակոսյանը նշեց, որ այն նպաստում է հանրային իրազեկվածության բարձրացմանը և երկրի միջազգային տեսանելիության մեծացմանը։
«COP-ի անցկացմամբ Հայաստանը ներդրում է ունենում գլոբալ խնդիրների քննարկման և դրանց լուծումների շուրջ համաձայնության ձևավորման գործընթացում»,- ասաց նա։

Անդրադառնալով Սևանի ձկնային պաշարներին՝ Կիրակոսյանն ասաց, որ դրանց վերականգնումը բավականին լավ է ընթանում։
Նրա խոսքով՝ ձկնային պաշարների ավելացման վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները հնարավորություն են տալիս բարձրացնել որսի թույլատրելի չափաքանակը։ «Տարվա սկզբին հաստատված 550 տոննա չափաքանակը նախատեսվում է ավելացնել մինչև 720 տոննա, որը կբաշխվի օգտագործման համար։ Չափաքանակի ավելացումը հիմնված է գիտնականների լրացուցիչ ուսումնասիրությունների վրա, որոնք փաստում են, որ ձկնային պաշարներն ավելացել են և լավ է, որ կա այն պաշարը, որը կարող ենք տալ բաշխման»,- հավելեց նա: