«Ընթրիք հիմարի հետ». Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ սպասված ներկայացման առաջնախաղը
5 րոպեի ընթերցում

Հայկական արմատներով ֆրանսիացի ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» պիեսը բեմադրվել է աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև Հայաստանում, սակայն յուրաքանչյուր ռեժիսոր յուրովի է մոտենում կատակերգական այս գործին և տեղայնացնում է այն՝ փոխանցելով իր ժամանակի հոգին։

Այդ կերպ է վարվել նաև բեմադրիչ Արման Սարգսյանը, որը տեղայնացրել է պիեսը՝ ընդգծելով հայաստանյան իրականության որոշ առանձնահատկություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին Կ. Ի. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

Պիեսում ամեն չորեքշաբթի երիտասարդ ազնվականների խումբը ընթրիք է կազմակերպում, որին յուրաքանչյուր մասնակից պետք է մի հիմարի բերի։ Նա, ում բերած հիմարն ամենահամոզիչն է, մրցանակ է շահում։ Ներկայացման մեջ այդ հավաքներն ուրբաթ օրերին կազմակերպում են Հայաստանում ապրող մեծահարուստները, սակայն հանգամանքների բերումով ընթրիքներից մեկը չի կայանում, և հիմարը հայտնվում է մեծահարուստներից մեկի տանն ու անսպասելի շրջադարձերի պատճառ դառնում։

Բեմադրիչ Արման Սարգսյանի խոսքով՝ հիմնականում առաջնախաղերին լարված են լինում, սակայն ամեն բան փայլուն է անցել։ «Շնորհակալ եմ դերասաններին, որոնք փայլուն կատարել են իրենց աշխատանքը։ Շատ հեշտ եմ ընտրել դերասանական կազմը։ Յուրաքանչյուրին պատկերացրել եմ իր դերում։ Առաջին փորձի ժամանակ հասկացա, որ ամեն մեկը ճիշտ իր տեղում է»,-նշեց նա։

Սարգսյանը վաղուց է ցանկացել Վեբերի պիեսի շուրջ աշխատել։ Մտածել է ֆիլմ նկարահանել, հետո որոշել է բեմադրության միջոցով լսել հանդիսատեսի կարծիքը։ Չի բացառում, որ պիեսը կարող է նաև կամերային ֆիլմ դառնալ։ «Առաջին անգամ եմ թատրոնում բեմադրություն անում։ Ֆիլմերից հետո ցանկանում էի նաև այդ հաճույքը զգալ։ Պիեսն ամբողջությամբ փոխվել է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել սցենարական կազմին՝ Վան Գրիգորյանին, Մհեր Մխիթարյանին և ինձ (ժպտում է)։ Փորձել ենք մեր օրեր բերել այս պիեսը։ Դրամատուրգիան, ձևաչափը պահել ենք»,-ընդգծեց բեմադրիչն ու տեղեկացրեց, որ միայն սցենարի շուրջ աշխատել են չորս ամիս։

Հիմարի դերում Մհեր Մխիթարյանն է։ Նրա համար հետաքրքիր են թե՛ պիեսը, թե՛ ներկայացումը։ Վստահեցնում է՝ Արման Սարգսյանից վատ առաջարկ երբեք հնարավոր չէ ստանալ։ «Արմանն ասաց՝ մտածում է՝ կարող եմ լավ խաղալ այս դերը, ես էլ վստահ էի, որ նա չի սխալվի։ Փորձեցինք. ծափահարություններից հասկացանք, որ ստացվեց»,-ասաց դերասանը։

Մհեր Մխիթարյանը, ինչպես և շատերը, դիտել է Ֆրանսիս Վեբերի սցենարով նկարահանված «Ընթրիք հիմարի հետ» ֆիլմը, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Ֆիլմի ռեժիսորը ևս Վեբերն է։ Մհերը քիչ բան է վերցրել գլխավոր հերոսից, որին ֆիլմում մարմնավորում է հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժակ Վիլյերեն։ Մխիթարյանն արել է հնարավորը հայկական իրականությանն ու հանդիսատեսին ավելի մոտ լինելու համար։ «Մտածելու բան կա այս ներկայացման մեջ, սակայն մենք ցանկանում ենք, որ մարդիկ այն դիտեն ու բարձր տրամադրությամբ տուն գնան»,-ընդգծեց Մխիթարյանը։

Անդրադառնալով իր խաղընկերներին՝ Սոս Ջանիբեկյանին, Տարոն Իսպիրյանին, Մարիամ Ադամյանին, Լևոն Հախվերդյանին, Լուիզա Մելքոնյանին և Արթուր Մանուկյանին՝ դերասանն ասաց՝ բոլորը փառահեղ էին բեմում, քան որ բոլորը պրոֆեսիոնալներ են ու պատվով են արել իրենց աշխատանքը։

Դերասան Տարոն Իսպիրյանի կերտած կերպարն աշխատում է հարկային դաշտում և շատ պարտաճանաչ է կատարում իր գործը։ Տարոնը պիեսը շատ հաջողված է համարում և կարևորում է այն մարդկանց դերը, որոնք մեծ աշխատանք են կատարել՝ ֆրանսիական պիեսը հայաստանյան իրականություն բերելով։

Տարոնն առաջին անգամ է խաղում ներկայացման մեջ։ «Իմ դերակատարման մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց տղաները՝ Սոսն ու Մհերն անցան այս ճանապարհը, պահեցին ներկայացումը։ Շնորհավորում եմ բոլորին, ռեժիսոր Արման Սարգսյանին, որը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի մենք ստանանք այս ներկայացումը»,-ասաց Իսպիրյանն ու հորդորեց մարդկանց անպայման դիտել ներկայացումը, քանի որ լայն ժպիտով են հեռանալու դահլիճից։

Խոսելով գլխավոր հերոսի՝ հիմարի մասին՝ դերասանը խոստովանեց, որ հանդիպել է մարդկանց, որոնք շատ ազնիվ են իրենց աշխատանքում, որոնք միամիտ են և հաճախ միջավայրն այդ միամտությունը որակում է որպես հիմարություն։
Ներկայացումը բեմում կլինի նաև հոկտեմբերի 22-ին։ Բեմադրությունն իրականացվել է Mitoyan Production-ի և Art Platform Production-ի նախաձեռնությամբ։
