Դասական երաժշտությունը պետք է հասանելի դարձնել ամբողջ հանրությանը. Դանիել Դանիելյանը՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ռազմավարության մասին
14 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը 101 տարի շարունակ հանրահռչակում է դասական երաժշտությունը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, շարունակում է հաղթարշավը նոր նախագծերով և համերգային ծրագրերով։
«Արմենպրես»-ի թղթակիցը հյուրընկալվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում, որը ևս նվագախմբին ծառայում է որպես համերգային հարթակ, և հենց այդտեղ զրուցել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ռազմավարական ծրագրերի պրոդյուսեր Դանիել Դանիելյանի հետ։
-Հավանաբար սկսենք հենց Rooftop-ից։ Որքա՞ն ժամանակ է, որ հանդիսատեսը կարող է նաև բացօթյա հարթակում վայելել նվագախմբի երաժշտական երեկոները և ի՞նչ շեշտադրմամբ համերգներ են կազմակերպվում այստեղ։
-Մեր նպատակն է օգտագործել պետական շենքերի բոլոր տարածքները: Օպերային թատրոնի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքը թամանյանական ժառանգություն է։ Թամանյանը ժամանակին պատկերացրել է, որ այստեղ՝ հենց այս տանիքի վրա կարող է բաց հարթակ լինել, որը կծառայի համերգների։ Ժամանակին շատ չեն հավատացել այդ գաղափարին, ինչ-ինչ պատճառներով էլ թամանյանական գործը կիսատ է մնացել։ Իմանալով այդ մասին՝ սկսեցինք վերանորոգել տանիքը՝ այն հանրության առաջ բացելու նպատակով։ Տարածքն ընդարձակ է և լայն հնարավորություններ է ընձեռում, որպեսզի դասականը համադրենք այլ ժանրերի հետ և հետաքրքիր նախագծեր իրականացնենք: Մինչև 800 հոգի հանդիսատես կարող ենք այստեղ հյուրընկալել: Այս ամռանից սկսեցինք. մի քանի համերգ կազմակերպեցինք։ Հանդիսատեսին ներկայացրինք Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտությամբ իմերսիվ սինեմատիկ ներկայացումը:
-Կարո՞ղ ենք ասել, որ տարածքը նաև քաղաքին նոր հայացք նետելու հնարավորություն է տալիս։
-Սա միակ շենքն է, որտեղից այսքան հիանալի տեսարան է բացվում (երևում են Կասկադը, Մատենադարանը, «Մայր Հայաստան» հուշարձանը և այլն): Մեր ռազմավարությունը կառուցում ենք այնպես, որ այս համերգասրահը հայտնվի աշխարհի լավագույն դահլիճների շարքում: Կարող եմ հիշատակել Փարիզի, Ամստերդամի ֆիլհարմոնիաները, Համբուրգի, Տոկիոյի, Նյու Յորքի և այլ քաղաքների մեծ սրահները։ Դրան հասնելու համար դահլիճը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ Վերանորոգել ենք, լավարկել ենք շենքը, բայց պահպանել ենք թամանյանական ոճը։ Այսօր ունենք երկրի լավագույն դահլիճը։ Այն ունի հրաշալի ակուստիկա, 1300-ից ավելի նստատեղ։

-Շատերս չգիտեինք, թե օպերային թատրոնի, «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքը քանի հարկ և ինչ հնարավորություններ ունի։ Կարո՞ղ ենք ասել, որ այս միջոցով նաև այդ դռներն եք ուզում բացել հանրության առաջ և ցույց տալ կուլիսները։
-Ցանկանում ենք՝ հանդիսատեսը բացահայտի այն հարստությունը, որը բոլորինս է: Հաճախ եմ ասում, որ շենքերը, որոնց վրա ծածանվում է մեր եռագույնը, որոնք պետական են, բոլորինս են: Վերանորոգման ընթացքում շենքում տարբեր անկյուններ էինք բացահայտում։ Այդ անկյունները մոռացված էին, աղբի մեջ կորած էին։ Նորոգել ենք այդ հատվածները ևս։ Նկուղային հարկերում ևս բազմաթիվ սրահներ ունենք, որոնք ծառայում են որպես փորձասենյակներ, հանգստի սենյակներ, պահեստներ, գրադարաններ։ Շուտով կբացենք ռեստորանային հատվածը, որի խոհանոցի համար առաջ ուղղակի տեղ չկար, բայց մենք գտանք այդ տարածքը։
-Գուցե, շատերը զարմանան, թե ինչու այսքան երկար խոսեցինք հենց «Արամ Խաչատրյան» համերգասրահից: Նշեմ, որ համերգասրահում երկար տարիներ գործունեություն է ծավալում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և ոչ միայն։ Համերգասրահը պարբերաբար նաև հյուրերի է ընդունում, ուստի բոլորիս համար շատ կարևոր է, որ այն բարձր հեղինակություն վայելի։
Վերադառնանք նվագախմբի գործունեությանը. պարոն Դանիելյան, որպես Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ՝ մի քանի տարի ղեկավարել եք ոլորտը։ Այդ տարիներին նկատե՞լ եք բացեր, որոնք այժմ փորձում եք լրացնել։
-Ե՛վ փոխնախարար եղած ժամանակ, և՛ այսօր, և՛ վաղը նույն ուղղությամբ եմ աշխատելու՝ փորձելով դասական երաժշտությունը մատչելի և հասանելի դարձնել մեր ամբողջ հանրությանը՝ մարզերի երեխաներին, տարբեր սոցիալական շերտերին։ Դա չի նշանակում, որ մենք արժեզրկում կամ իջեցնում ենք որակը։ Մենք միջոցներ և գործիքակազմեր ենք մշակում, որպեսզի կարողանանք հասցնել այդ երաժշտությունը հասարակության լայն շրջանակին: Դասական երաժշտությունը համադրում ենք ջազի, կինոերաժշտության, ֆոլկի և այլ ժանրերի հետ՝ այլընտրանք առաջարկելով հանդիսատեսին։ Նման համերգների մասնակցող հանդիսատեսի 15-ից 20 տոկոսը վերադառնում է դասական համերգի համար, որովհետև մենք նրան հնարավորություն ենք տվել բացահայտել այս արվեստը, բացահայտել նվագախումբը, դասական նվագախումբը։
Այս գործում ևս շատ կարևոր է դիրիժորների դերը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեծ սիրով է տարբեր նախաձեռնություններով հանդես գալիս, մեր տնօրեն Նորայր Նազարյանը ևս՝ որպեսզի այս քաղաքականությունը և այս ռազմավարությունը միասին կյանքի կոչենք։

-Շնորհակալություն հայտնենք պարոն Թոփչյանին համբերության և նվիրվածության համար և հիշեցնենք, որ նա երկար տարիներ ղեկավարում է նվագախումբը։
-Նա 20 տարուց ավելի հարյուրամյա նվագախմբի դիրիժորն է։
-Ծրագրեր եք իրականացնում նաև երեխաների համար։
-Ուզում ենք ստեղծել միջավայր, որտեղ երեխաները կմեծանան, որտեղ մի քանի ժամով կայցելեն ծնողների, տատիկ-պապիկների հետ, որտեղ երաժշտություն կլսեն։ Դեկտեմբերին կհայտնենք նման համերգների մասին։ Չենք ակնկալում, որ երեխաները գան, երկու ժամ զգոն նստեն աթոռին և բարձրագույն սիմֆոնիաներ կամ բարդ երաժշտություն ունկնդրեն։ Նրանք կարող են նստել աստիճաններին, կարող են պտտվել, կարող են անգամ թավալ գալ աստիճանների վրա, ինչպես շատ անգամ լինում է։ Նպատակն այն չէ, որ բոլոր երեխաները, երիտասարդներն ապագայում արվեստագետներ դառնան, ցանկանում ենք՝ երաժշտությունը նրանց կրթության մաս կազմի: Միշտ ասում ենք՝ չկա կրթություն առանց մշակույթի և հակառակը:
-Այո, և նման կրթությունը, ինչպես նշվեց, նաև մարզերի բնակիչներին պետք է հասանելի լինի։ Նախորդ տարի անվճար հիմունքներով 20-ից ավելի համերգ եք անցկացրել Հայաստանի մարզերում։ Քաղե՞լ եք այդ աշխատանքի պտուղները, հանդիսատեսի շրջանում ակտիվություն նկատվո՞ւմ է։
-Դա խորքային աշխատանք է, որի արդյունքները տարիներ անց տեսանելի կլինեն, սակայն ակտիվություն կա։ Տարբեր մարզերից մեզ զանգահարում են ու խնդրում համերգներ ծրագրել իրենց գյուղերում, շրջկենտրոններում։ Մարզային համերգները մեր քաղաքականության մաս են կազմում:
-Ֆիլհարմոնիկ նվագախմբի երկացանկը շատ հարուստ է: Հայ հեղինակներից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորներ։ Կա՞ն ստեղծագործություններ, կոմպոզիտորներ, որոնք երբեք չեն բացակայում նվագացանկից:
-Բնականաբար։ Մեր դահլիճը կրում է Արամ Խաչատրյանի անունը։ Կարծում եմ՝ Արամ Խաչատրյանը մեր երաժշտության, մեր մշակույթի բրենդային անունը պետք է դառնա: Վիեննայում, Զալցբուրգում Շտրաուսի, Մոցարտի երաժշտությունն է հնչում: Արամ Խաչատրյանն էլ հանրահռչակված է ամբողջ աշխարհում, և նրա ստեղծագործությունները մեր երգացանկում կարևորագույն տեղ ունեն, բայց մենք ուզում ենք համադրել մեր կոմպոզիտորական արվեստն ամբողջ աշխարհի կոմպոզիտորական արվեստի հետ: Եթե Խաչատրյան, ուրեմն կողքին Բեթհովեն և Մոցարտ, եթե Հախինյան կամ Մանսուրյան, Ամիրխանյան, ապա կողքին Դեբյուսի, Մալեր։ Մենք պետք է լինենք այդ աշխարհի քարտեզի վրա, որպեսզի չստացվի այնպես, ասես առանձին նավակով նավարկում ենք, իսկ աշխարհն իր նավով այլ ուղղությամբ է գնում։ Մենք նույն նավակի մեջ ենք և գնում ենք նույն ուղղությամբ, մենք այդ քաղաքակիրթ աշխարհի մի մասն ենք։

-Կասկած անգամ չկա: Այդ մասին են խոսում նաև հրավերները, որոնք պարբերաբար ստանում է նվագախումբը: 2027-ին նախանշված շրջագայություններ կա՞ն:
-Հիմնականում հրավերները դեպի եվրոպական երկրներ են, ելույթները նախատեսված են շատ կարևոր հարթակներում։ Մաեստրո Թոփչյանի գործն էլ բավականին բարդ է, քանի որ նա պետք է փորձի այնպիսի ծրագիր ներկայացնել, որը մատչելի կլինի եվրոպական հանդիսատեսին: Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում վերջերս հանդես եկանք համերգով։ Արդեն իսկ գաղափար կա, որ այլ երկրներում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում ներկայանա մեր նվագախումբը։
-Պարոն Դանիելյան, բազմիցս ներկա եմ եղել ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին և նկատել եմ՝ երբ նվագախմբի հետ ելույթ է ունենում հանրահռչակ որևէ մենակատար, որը նաև խարիզմատիկ անձնավորություն է, երաժիշտները մեծ ոգևորությամբ են նվագում, և այդ էներգիան փոխանցվում է հանդիսատեսին, ինչի արդյունքում տեղի է ունենում հրաշքը։ Հայտնի մենակատարների հետ ելույթներ սպասվո՞ւմ են։
-Մեր նվագախմբի հետ հանդես են գալիս արտիստներ, որոնք համագործակցում են աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ։ Լիպարիտը, Ջուլիանան, Հասմիկը, Հակոբը և այլք տարբեր նվագախմբերի հետ են աշխատում, սակայն, գալով Հայաստան, մեծ խանդավառությամբ են համագործակցում Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Էդուարդ Թոփչյանի հետ։ Նման աստղերն իրենց դինամիկան են բերում։ Մեզ հետ հանդես եկան Պենե Պատին, Գրիգորի Սոկոլովը, ավելի վաղ՝ Յուջա Վանգը։ Նման անունների կողքին երաժիշտները ցանկանում են լավագույնս ներկայանալ։
-Հրաշալի է։ Երկար տարիներ Ֆրանսիայում ապրելիս վոկալ անսամբլներ եք ղեկավարել, քանի որ մասնագիտությամբ դիրիժոր եք։ Այս պարագայում նվագախումբ է. ամեն դեպքում երբեմն ցանկություն չի՞ առաջանում դիրիժորական փայտիկը ձեռքը վերցնել և ղեկավարել նվագախումբը։
-Մասնագիտությամբ երգչախմբի խմբավար եմ, բայց դիրիժորական արվեստին տիրապետում եմ։ Իմ գործունեության ընթացքում բազմիցս պատահել է, որ նվագախմբեր, երգչախմբեր ղեկավարեմ։ Այս աշխատանքի ընթացքում նման ցանկություն ևս առաջանում է, քանի որ իմ սիրված կոմպոզիտորների գործերն են հաճախ հնչում, սակայն բավարարվում եմ՝ փորձերին, համերգներին ներկա լինելով։ Փորձերը շատ հետաքրքիր են. ստեղծագործական պրոցես է, և իսկապես հիանալի րոպեներ և հիանալի վայրկյաններ եմ անցկացնում այդ մթնոլորտում:
-Եվ մի վերջին հարց. պարոն Դանիելյան, Դուք հաճախ եք նշում, որ դասական արվեստը, մշակույթը համամարդկային արժեքներ են և պետք է հասանելի լինեն բոլորին։ Հատկապես այս օրերին, երբ թվում է՝ աշխարհը կորցրել է իր դեմքը, ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ մշակույթը միմյանց ավելի լավ հասկանալու, հոգևոր արժեքները գնահատելու և խաղաղվելու համար։
-Քաղաքական դաշտում և ոչ միայն հաճախ ենք խոսում մեր ինքնության մասին, բայց ի՞նչն է մեր ինքնությունը, եթե ոչ մեր մշակույթը, որը պետք է ճանաչել։ Մեր հազարամյա, դարերով եկած մշակույթով ենք կարողանում մեզ պահել։ Մենք մշակույթով ենք առանձնահատուկ տեղ զբաղեցնում աշխարհի քարտեզի վրա։ Այդ մշակույթը պետք է հասանելի լինի ամբողջ հասարակությանը։ Մենք պետք է կրողը լինենք մեր մշակույթի և այն չթողնենք անցած դարում։ Այն ժառանգությունը, որ ստացել ենք մեր նախնիներից, մեր պատմությունից, արժևորենք այսօրվա ոգով, չմնանք անցյալում և կերտենք վաղվա մշակույթը՝ ստեղծագործականությունը բարձրացնելով, երիտասարդներին արտահայտվելու հնարավորություն տալով, երեխաներին դաստիարակելով և կրթելով, մշակութային մթնոլորտում մեծացնելով։
-Հույս ունեմ, որ կհաջողեք: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ մեզ ընդունեցիք այստեղ և նորանոր նվաճումներ եմ մաղթում թե՛ Ձեզ, թե՛ նվագախմբին:
-Շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ շատ հետաքրքիր համագործակցության համար: Երաժիշտներն ասում են՝ Մոցարտից հետո լռությունը նորից մոցարտյան է, Մոցարտ է: Ամբողջ կյանքում մտածել եմ պետության, հասարակության համար մի լավ բան անել։ Նվագախմբի հետ միասին աշխատելու ենք պետության և հասարակության համար։ Դա է մեր ուղին:
-Շնորհակալ եմ:
