Հայաստան

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Տարածաշրջանային հաղորդակցությունների կառուցումն ու վերագործարկումը կարող են շոշափելի տնտեսական օգուտներ ապահովել տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հաղորդագրությունը, այս մասին ընդգծել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ նոյեմբերի 16-ին Բրյուսելում մասնակցելով ԵՄ նախաձեռնությամբ կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպմանը։

Նախարարն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ արձանագրված առաջընթացին։ Մասնավորապես, նա ներկայացրել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման շրջանակներում իրավապայմանագրային դաշտի ապահովման և տեղում աշխատանքների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում ընկած ներառականության և փոխշահավետության սկզբունքներին։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությանը՝ նախարարը կարևորել է սահմանային անցակետերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, մաքսային ընթացակարգերի պարզեցումը, առևտրի թվայնացումը, ինչպես նաև էներգետիկ ու թվային կապերի ընդլայնումը։

Նա ընդգծել է, որ քաղաքական հանձնառությունները պետք է վերածվեն կոնկրետ, չափելի արդյունքներ ապահովող ծրագրերի՝ միջազգային ֆինանսական հաստատությունների և մասնավոր հատվածի ներգրավմամբ։

Միրզոյանը կարևորել է նաև Սև ծովը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող հուսալի տրանսպորտային, էներգետիկ ու թվային ենթակառուցվածքների ձևավորումը՝ շեշտելով, որ փոխկապակցվածությունը պետք է նպաստի նաև տարածաշրջանային համագործակցության, դիմակայունության և խաղաղության ամրապնդմանը։

Հանդիպմանը մասնակցել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելան, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարներն ու ներկայացուցիչները։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում