Քաղաքականություն

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել  է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից՝ նշելով, որ համաժողովի ընթացքում նախարարի տեղակալը ելույթներով հանդես է եկել «Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի հանձնառությունների կատարման ամփոփում» և «Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի նախապատրաստում» օրակարգային կետերի ներքո։

Իր ելույթներում Ռոբերտ Աբիսողոմոնյաը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության, համագործակցության և համերաշխության հարթակ՝ ընդգծելով ներկայիս միջազգային մարտահրավերների պայմաններում բազմակողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Նախարարի տեղակալն անդրադարձել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին` ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ վերջին զարգացումները։

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության առաջնահերթություններին՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ողջունել է քննարկվող փաստաթղթի նախագծում Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի ներառումը՝ ընդգծելով կրթության, երկխոսության և փոխըմբռնման կարևորությունը հակամարտությունների կանխարգելման և կայուն խաղաղության հաստատման գործում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ կարևորելով դրանց դերը երիտասարդության շրջանում կապերի ամրապնդման, մշակութային և մարզական փոխանակումների խթանման, ինչպես նաև ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ամրապնդման գործում։ Ներկաների ուշադրությանն է ներկայացվել նաև Ֆրանկոֆոնիայի մշակույթի նախարարների համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում