Կամուրջ՝ ուսանողների և գործատուների միջև. Հայաստանում ֆրանսիական համալսարանն անցկացրեց սպասված Աշխատանքի տոնավաճառը
11 րոպեի ընթերցում

Տարիներ շարունակ Հայաստանում ֆրանսիական համալսարանը նախաձեռնում և անցկացնում է սպասված Աշխատանքի տոնավաճառը՝ բուհի ուսանողներին ու շրջանավարտներին հնարավորություն տալով հանդիպել գործատուներին, ծանոթանալ աշխատանքի և պրակտիկայի առաջարկներին, բացահայտել մասնագիտական զարգացման նոր հնարավորություններն ու ի վերջո աշխատանք գտնել։
Միջոցառումն արժևորում են նաև գործատուները, քանի որ կարողանում են իրենց շարքերը համալրել երիտասարդ ու տաղանդավոր մասնագետներով։
Ավանդույթ դարձած 22-րդ Աշխատանքի տոնավաճառն այս տարի տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին՝ համախմբելով 65-ից ավելի կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների։
Բացմանը ներկա էին Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական և Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Միջոցառման մեկնարկին ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին ընդգծեց, որ մեծ հաճույք է ամեն անգամ գործատուներին հյուրընկալել Ֆրանսիական համալսարանում և փաստել, թե որքան ձեռնարկություններ են հետևում բուհի գործունեությանը։ Դիմելով տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ռեկտորը նշեց, որ նրանք բուհի ոչ թե արտաքին, այլ ներքին շահառուներ են։

«Առանց ձեզ մենք կլինեինք կիսատ համալսարան։ Ձեզ հետ ենք քննարկումներ անցկացնում և որոշումներ կայացնում կրթական ծրագրերի վերաբերյալ, ձեզ հետ անցնելու ենք աշխատաշուկայում և կրթական համակարգում առաջիկայում սպասվող փոփոխությունների միջով»,-ասաց ռեկտորն ու տեղեկացրեց, որ բուհն առաջին անգամ հյուրընկալել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։ Նակուզին հատուկ էր դեսպանին հենց այդ օրը հրավիրել համալսարան, որպեսզի նա ականատես լինի, թե ինչպես է բուհը ձևավորում և պահպանում հարաբերությունները տարբեր գործընկերների հետ։
Քսավիե Ռիշարը ևս դիմեց գործատուներին՝ շեշտելով՝ եթե նրանք տաղանդավոր գործընկերների են փնտրում, ապա ճիշտ հասցեով են եկել։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներն ավարտելուց հետո մի քանի ամսվա ընթացքում աշխատանք են գտնում, ուստի գործատուները պետք է համոզիչ լինեն՝ նրանց ուշադրությունը գրավելու համար։

«Ֆրանսիական համալսարանի ուսանողներն աշխատանքից չեն վախենում, նրանք միջազգային կրթական ծրագիր են անցնում և երկու պետական դիպլոմ են ստանում՝ Հայաստանի և գործընկեր Լիոն 3-ի, Թուլուզի համալսարանների։ Ֆրանսիական համալսարանի ուսանողները հնարավորություն են ունենում օգտվել հայկական և ֆրանսիական կրթական համակարգերի լավագույն կողմերից։ Նրանք ստանում են ժամանակակից կրթություն, որը մշտապես մոդեռնիզացվում է։ Այդ կրթությունը ներառում է նաև ԱԲ գործիքներ»,-ասաց Ռիշարը՝ գործատուներին շնորհակալություն հայտնելով վստահության և հավատարմության համար։
Նա նաև շեշտեց՝ գործատուները Ֆրանսիական համալսարանի կարիքն ունեն, սակայն համալսարանն էլ նրանց կարիքն ունի։ Քսավիե Ռիշարը հիշեցրեց, որ նախորդ տարի համալսարանը տոնել է հիմնադրման 25-ամյակը, իսկ հաջորդ տարի, երբ համալսարանն իր գործունեությունը շարունակի նոր շենքում, ակամայից նոր փուլ կթևակոխի։ «Այդ ծրագրի ֆինանսավորումը դեռ ավարտված չէ, և մենք գիտենք, որ կազմակերպություններից շատերը որոշում են կայացրել աջակցել համալսարանին։ Շնորհակալություն եմ հայտնում այդ կազմակերպություններին, քանի որ դա ներդրում է ապագայի մեջ, ներդրում, որի համար չեն ափսոսա»,-դիմելով ներկա գործատուներին՝ ընդգծեց դեսպանատան ներկայացուցիչը։
ՀՖՀՀ կարիերայի համակարգող Նաիրա Շահզադյանի խոսքով՝ Աշխատանքի տոնավաճառը, որը կազմակերպվում է ՀՖՀՀ Զարգացման և համագործակցության տնօրենության կողմից, տարիների ընթացքում դարձել է կարևոր և սպասված հարթակ, որը մեկ հարկի ներքո համախմբում է Հայաստանի աշխատաշուկայի առաջատար կազմակերպություններին, ՀՖՀՀ ուսանողներին և շրջանավարտներին՝ ստեղծելով արժեքավոր հնարավորություններ մասնագիտական կապերի հաստատման, փորձի փոխանակման և կարիերայի զարգացման համար։

Աշխատանքի տոնավաճառին մասնակցող տասնյակ կազմակերպությունները ներկայանում էին իրենց հետաքրքիր առաջարկներով՝ նշելով, որ ուսանողների և շրջանավարտների մասնագիտական ու մարդկային որակները նրանց հնարավորություն են տալիս հեշտ ինտեգրվել աշխատավայրում և օգտակար լինել։
Fast Bank-ի հավաքագրման մենեջեր Աննա Աբովյանի խոսքով՝ բանկն աշխատում է 24/7 տրամաբանությամբ, ինչի շնորհիվ բանկի մասնաճյուղային ցանցում աշխատակիցների գերակշռող մասն ուսանողներ են։ «Ուսանողները կարողանում են աշխատանքը համատեղել ուսման հետ, ուստի մենք կարևորում ենք ուսանողների ներգրավումը մեր աշխատանքում։ Ամեն տարի մասնակցում ենք աշխատանքի տոնավաճառների, իսկ Ֆրանսիական համալսարանը մեզ շատ որակյալ կադրեր է տալիս թե՛ գիտելիքների, թե՛ պատրաստվածության և պատասխանատվության առումով»,-ասաց Աբովյանն ու հավելեց՝ բանկի հավաքագրման թիմում վերջերս աշխատակից է ընդգրկվել նաև Ֆրանսիական համալսարանից։ Նա սկզբում փորձնական շրջան է անցել, այնուհետև թիմի լիարժեք անդամ է դարձել։

Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածը ներկայացնող կազմակերպություններ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ևս համագործակցում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ։ Հիմնականում աշխատում են շրջանավարտների հետ։

Հանձնաժողովի բարեվարքության ուսումնասիրության վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Մուշեղյանը շեշտեց՝ կարևորում են իրենց շարքերը լավ մասնագետներով համալրելը։ «Ֆրանսիական համալսարանը միշտ աչքի է ընկել լավ ուսանողներով։ Հանձնաժողովում աշխատում են այս բուհի շրջանավարտներ, որոնք լավագույնս դրսևորում են իրենց։ Մեր առաջարկներն ավելի շատ վերաբերում են շրջանավարտներին, որովհետև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական հաստատություն է, որտեղ քաղաքացիական ծառայության են անցնում։ Պետք է երեք տարի մասնագիտական ստաժ ունենալ, կամ երկու տարի՝ հանրային ծառայության ստաժ»,-նշեց Մուշեղյանը, որը կարծում է՝ հանրությունը պետք է քաջածանոթ լինի իրենց գործունեությանը։
Աշխատանքի տոնավաճառը կազմակերպվել էր բուհի երկու դահլիճներում, սակայն ուսանողների հետաքրքրվածությունն այնքան մեծ էր, որ դժվար էր անխոչընդոտ ծանոթանալ բոլոր գործատուների առաջարկներին։
Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Էլոյանը մասնագիտանում է համակարգչային գիտությունների ոլորտում և արդեն աշխատանք ունի։ Այնուամենայնիվ, նա հետաքրքրված է տոնավաճառին մասնակից կազմակերպություններով և ցանկանում է ծանոթանալ դրանց գործունեությանն ու աշխատաշուկայի հնարավորություններին։ «Ֆրանսիական համալսարանն այն քիչ բուհերից է, որն ուսանողներին նման հնարավորություն է ընձեռում: Համալսարանը բարձրորակ գիտելիք է տալիս, և ուսանողները կարողանում են իրենց գիտելիքների միջոցով առաջ գնալ, աշխատանքի ընդունվել, իսկ Աշխատանքի տոնավաճառը հավելյալ խթան է ուսանողների համար, քանի որ անմիջական շփվում են գործատուների հետ ու փորձում են գտնել այն աշխատանքը, որն ամենահամապատասխանն են համարում»,-ասաց Տիգրանը։

Ըստ նրա՝ ոչ հաճախ է ստացվում բուհն ավարտելուց հետո անմիջապես գտնել ցանկալի աշխատանք, իսկ Աշխատանքի տոնավաճառի շնորհիվ հնարավոր է դառում դեռ ուսանողական տարիներից ծանոթանալ աշխատաշուկային, ձեռք բերել մասնագիտական կապեր և ավարտելուց հետո աշխատաշուկա մուտք գործել արդեն որոշակի փորձով։
Ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մարիա Պետրոսյանը ևս մեծ ոգևորությամբ էր մասնակցում է տոնավաճառին։ Մարիան ուրախ է, որ սովորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում, քանի որ միջազգային փորձի հնարավորություն ևս ունենում է։ «Համալսարանն աշխատաշուկայում մեծ հնարավորություններ է բացում։ Մեր ֆակուլտետի ուսանողները ոչ միայն տեղի օրենսդրությունն են սովորում, այլև ուսումնասիրում են միջազգային փորձը։ Դա ինձ շատ է հետաքրքրում և ծրագրում եմ նաև մանրամասն ուսումնասիրել միջազգային իրավունքն ու հնարավորության դեպքում կրթությունս շարունակել արտերկրում։ Նախորդ տարի առիթ եմ ունեցել երկրորդ կիսամյակի ընթացքում սովորել Գերմանիայի Սաարլանդի համալսարանում, այնուհետև կրթաթոշակ եմ շահել և Բեռլինում եմ սովորել»,-ասաց Մարիան և ընդգծեց՝ Ֆրանսիական համալսարանն իր լավագույն ընտրությունն է եղել և կրկին ու կրկին այդ բուհը կընտրեր։

Նրա խոսքով՝ համալսարանում բարձրակարգ դասախոսներ են դասավանդում, բուհը աշխատանքային կապեր հաստատելու հնարավորություն ևս տալիս է, այդ է փաստում Աշխատանքի տոնավաճառը։
«Այս նախաձեռնությունն ասես կամուրջ լինի ուսանողների և գործատուների միջև։ Ուսանողները ծանոթանում են գործատուների մասնագիտական պահանջներին, կապեր են հաստատում նրանց հետ ու հնարավորություն են ստանում իրենց ակադեմիական գիտելիքները պահպանել և կիրառել»,-ասաց Մարիան։
