Հայաստան

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

5 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Կենսաբազմազանության պահպանությունը, վայրի բնության կայուն օգտագործումը և տեղական համայնքների բարեկեցությունը կարող են փոխլրացնել միմյանց՝ ապահովելով բնապահպանական նախաձեռնությունների երկարաժամկետ արդյունավետությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծվել է COP17-ի շրջանակներում Մարկհորի 2026 թվականի մրցանակին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի խոսքով՝ մրցանակը կարևոր հարթակ է՝ ներկայացնելու այն հաջողված փորձը, որը ցույց է տալիս, որ կենսաբազմազանության պահպանությունը ոչ միայն բնապահպանական անհրաժեշտություն է, այլև կարող է նպաստել մարդկանց բարեկեցությանը և համայնքների կայուն զարգացմանը։

Նա նշել է, որ կենսաբազմազանության պահպանության հարցը հաճախ ներկայացվում է որպես տնտեսական շահերին հակասող կամ մեծ ծախսեր պահանջող գործընթաց։ Մինչդեռ հաջողված նախաձեռնությունները ցույց են տալիս, որ բնության պահպանությունը և տնտեսական ու սոցիալական շահերը կարող են համատեղվել։Շոմեյքերի խոսքով՝ համայնքների ներգրավվածության վրա հիմնված ծրագրերը հնարավորություն են տալիս բնապահպանական քաղաքականության սկզբունքները վերածել գործնական արդյունքների։ Դրանք կարող են օրինակ ծառայել նաև այլ տարածաշրջանների համար՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության միջազգային նպատակների իրականացմանը։

Նա ընդգծել է, որ կենսաբազմազանության պահպանության ոլորտում միջազգային մակարդակով սահմանված նպատակների իրագործման ուղղությամբ դեռևս բավարար առաջընթաց չկա։ Հետևաբար, անհրաժեշտ է ուսումնասիրել այն նախաձեռնությունները, որոնք արդեն իսկ ապացուցել են իրենց արդյունավետությունը և կիրառել դրանց փորձը այլ երկրներում ու համայնքներում։Մարկհորի մրցանակի կարևորությունը նաև այն է, որ այն հանրայնացնում է տեղական մակարդակում արձանագրված հաջողությունները և հնարավորություն տալիս դրանք ներառելու միջազգային բնապահպանական քննարկումներում ու որոշումների կայացման գործընթացներում։

Մրցանակի պատմության և նշանակության մասին խոսելիս՝ Վայրի կենդանիների և որսորդության պահպանության միջազգային խորհրդի գլխավոր տնօրեն Առնո Վիմպֆենն ընդգծել է, որ դրա հիմնական նպատակն է ճանաչել այն անհատներին, կազմակերպություններին և համայնքներին, որոնք ապացուցում են՝ վայրի բնության կայուն օգտագործումը կարող է նպաստել կենսաբազմազանության պահպանությանը՝ միաժամանակ աջակցելով տեղական բնակչության կարիքներին։ Նրա խոսքով՝ մրցանակը հիմնադրվել է 2008 թվականին՝ Վայրի կենդանիների և որսորդության պահպանության միջազգային խորհրդի (CIC) նախաձեռնությամբ։ Այն անվանվել է մարկհորի՝ Կենտրոնական և Հարավային Ասիայի լեռնային այծի պատվին։ Մարկհորը վայրի բնության պահպանության խորհրդանշական տեսակներից է, որի պահպանությանն ուղղված ջանքերը ցույց են տալիս նպատակային բնապահպանական միջոցառումների կարևորությունը։

Վիմպֆենի խոսքով՝ մրցանակի տարբեր տարիների դափնեկիրների փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ պահպանությունը հնարավոր է տարբեր աշխարհագրական պայմաններում, մշակույթներում և համայնքներում։ Ընդհանուր սկզբունքն այն է, որ երբ մարդիկ արժևորում են վայրի բնությունը և անմիջականորեն մասնակցում դրա պահպանությանը, բնապահպանական արդյունքները դառնում են ավելի կայուն։

Նա նաև կարևորել է Մարկհորի մրցանակի շրջանակում միջազգային գործընկերությունը։ 2024 թվականից մրցանակի իրականացման գործում հավասար գործընկերներ են CIC-ն և Բաուշ հիմնադրամը, իսկ նախաձեռնությանն աջակցում են նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիան և Բնության պահպանության միջազգային միությունը (IUC)։

Ըստ նրա՝ նման համագործակցությունը միավորում է գիտական փորձը, մասնագիտական կարողությունները և միջազգային կապերը՝ տեղական բնապահպանական նախաձեռնությունները համադրելով գլոբալ քաղաքականության առաջնահերթությունների հետ։

Մարկհորի մրցանակը ճանաչում է այն նախաձեռնությունները, որոնք համատեղում են վայրի բնության կայուն օգտագործումը, կենսաբազմազանության պաշտպանությունը և համայնքների բարեկեցությունը։ Դրանց փորձը կարող է կիրառվել նաև այլ վայրերում՝ նպաստելով բնապահպանական արդյունավետ կառավարման և համայնքահեն պահպանության մոդելների տարածմանը։

Սարգիս Ասատրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում