Հայաստան

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

7 րոպեի ընթերցում

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող COP17 համաժողովի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026 թվականի արարողությունը։

Մրցանակի համար պայքարող անձանց աշխատանքը միավորում է կենսաբազմազանության պաշտպանությունը, կլիմայական գործընթացների ուսումնասիրությունը, գենդերային հավասարությունն ու սոցիալական արդարությունը։ Մրցանակակիրների աշխատանքն ուղղված է իրավունքների վրա հիմնված ներառական գործողությունների իրականացմանը, որոնք կենսաբազմազանության արդյունավետ պաշտպանության նախապայմաններն են և համալիր կերպով նպաստում են մոլորակի ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանն ու Մարդու իրավունքների պաշտպանությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում նշեց, որ մրցանակակիրներն օրինակ են ծառայում մարդկանց համար ոչ միայն իրենց երկրներում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ իրականում այն, ինչ տեղի է ունենում երկրներից յուրաքանչյուրում, ազդում է ամբողջ աշխարհի վրա։

«Կարծում եմ՝ այս մրցանակները կարևոր հիշեցում են այն մասին, որ դուք միայնակ չեք, մենք միայնակ չենք, և արդյունքների հասնելու համար պետք է գործակցենք։ Եվ կարծում եմ, որ առաջնորդությունը հենց այս գործակցության մասին է։ Որպես Հայաստանում Եվրոպական միության դեսպան՝ հատկապես ուրախ եմ տեսնել կենսաբազմազանության պահպանմանն ուղղված նման ներգրավվածություն քաղաքացիական հասարակության, դրա առաջնորդների, երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից։ Հայաստանում մենք սերտորեն համագործակցում ենք այս խմբերի հետ, ինչը վկայում է արդյունքների հասնելու մեր ընդհանուր հանձնառության մասին»,- ասաց Մարագոսը։

Նրա հավաստմամբ՝ ԵՄ-ն Հայաստանում աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք իրականացվում են թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ պետական ​​կառույցների կողմից, որոնք միավորում են կենսաբազմազանության պահպանությունը, բնապահպանական կայունությունն ու Մարդու իրավունքները։

«Շուտով Հայաստանում կմեկնարկենք նոր ծրագիր, որը կենտրոնացած է երիտասարդների և կանանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների ու «կանաչ նախաձեռնությունների» համադրության վրա։ Մենք գիտակցում ենք այն կարևոր դերը, որ այս դերակատարները կարող են ունենալ բնապահպանական կայունության խթանման և իրենց համայնքներում դրական փոփոխություններ բերելու գործում։ COP17-ը կարևոր հնարավորություն է՝ ներկայացնելու նման գործունեությունը, ինչպես նաև շարունակելու ընդգծել և քննարկել կենսաբազմազանությանն ուղղված և տեղական մակարդակում իրականացվող նախաձեռնությունները»,- նշեց Մարագոսը։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարն առաջին մրցանակը հանձնեց Սառա Ադոնգոյին Ուգանդայից։ Որպես «Witness Radio Uganda»-ի իրավախորհրդատու՝ Սառան մասնակցում է սեռական բռնության դեպքերի և հողային իրավունքների պաշտպանությանն առնչվող դատական ​​գործընթացներին։ Նա աջակցում է սեռական և գենդերային բռնության ենթարկված կանանց՝ օգնելով նրանց հասկանալ և պաշտպանել իրենց իրավունքները, փաստագրել իրենց հետ կապված դեպքերը, ինչպես նաև ձեռք բերել այնպիսի գիտելիքներ ու վստահություն, որոնք թույլ կտան ներկայացնել գործերը, ցուցմունք տալ և բանակցություններ վարել՝ հանդես գալով իրենց համայնքների անունից։

ՀՀ-ում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն իր ելույթում նշեց, որ բազմակարծության պայմաններում անհրաժեշտ է լսել մարդկանց, ովքեր հանրությանն են ներկայացնում իրենց սեփական տեսանկյունը։

«Ահա թե ինչպես ենք մենք հարստանում և ինչպես ենք հասկանում միմյանց։ Ահա թե ինչպես ենք կառուցում խաղաղությունը, ինչի մասին լսեցինք նաև այս հրաշալի COP17-ի շրջանակում։ Մեզ բոլորիս համար հետաքրքիր կլինի լսել ձեր փորձառությունների մասին և սովորել ձեզանից։ Երիտասարդ էկոֆեմինիստները կարող են ցույց տալ մեզ հետագա ուղին։ Կենսաբազմազանությունը շատ կարևոր թեմա է։ Այն կյանքի հիմքն է, և մենք կարծում ենք, որ գենետիկական բազմազանությունը կայունության շատ լավ երաշխիք է։ Դրա շնորհիվ հնարավոր է ավելի արդյունավետ դիմակայել ամենատարբեր իրավիճակների՝ լինեն դրանք մարդու ստեղծած, թե բնական մարտահրավերներ. մեզ անհրաժեշտ է այդ բազմազանությունը»,- ասաց Մոնրոյ Վինթերը։

ՀՀ-ում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպանը երկրորդ մրցանակը հանձնեց Յեմի Նայթին Բարբադոսից։ Յեմին երիտասարդական AnchorBridge Environmental կազմակերպության հիմնադիրն ու տնօրենն է։ Նա իր գործունեության շնորհիվ հասել է նշանակալի փոփոխությունների։ Հիշատակման արժանի է Բարբադոսի ջրային մարմնի առաջին բարեփոխումը, որտեղ Յեմին նպաստել է գյուղական ցածր եկամուտ ունեցող համայնքների համար ջրի հասանելիության բարելավմանը։

ՀՀ ԳԱԱ աշխատակից, գիտությունների թեկնածու Անուշ Ներսեսյանն իր ելույթում նշեց, որ իրենք աշխատանքներ են իրականացնում Հայաստանի ֆլորայի կարմիր ցուցակների կազմման ուղղությամբ։

«Մշակում ենք բույսերի պահպանության եղանակներ՝ թե՛ բնական միջավայրում, թե՛ մեր ինստիտուտում։ Մենք հավաքում ենք սերմեր և պահպանում դրանք ապագա սերունդների համար։ Դաշտային և լաբորատոր պայմաններում իրականացվող բոլոր աշխատանքներում ներգրավում ենք բազմաթիվ երիտասարդ գիտնականների։ Մեծապես ողջունում ենք երիտասարդների՝ ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ հետազոտողների մասնակցությունը, քանի որ բնության և կենսաբազմազանության պահպանությանն առնչվող խնդիրները պահանջում են երիտասարդական եռանդ, իսկ մարդկանց պետք է խրախուսել՝ այս գործն իրականացնելու հնարավորինս լավագույն մակարդակով»,- ասաց Ներսեսյանը։

ՀՀ ԳԱԱ աշխատակիցը երրորդ մրցանակը հանձնեց Մոնետ Լանտասին Ֆիլիպիններից։ Ընդամենը 24 տարեկանում Մոնետը մոբիլիզացրել է իրենց համայնքները՝ պաշտպանելու հողային և բնապահպանական իրավունքները, մշակել է երիտասարդների կողմից ղեկավարվող բնապահպանական նախագիծ և մասնակցել է Կանանց շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող նախաձեռնությանը։ Նրա համայնքային աշխատանքը վերաբերում է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, վերարտադրողական առողջությանը և կանանց մասնակցությանը շրջակա միջավայրի կառավարման գործընթացներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում