Հայաստան

ՆԳՆ և գործընկեր կառույցների համակարգված աշխատանքի շնորհիվ COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի

7 րոպեի ընթերցում

ՆԳՆ և գործընկեր կառույցների համակարգված աշխատանքի շնորհիվ COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի

Ներքին գործերի նախարարության և գործընկեր կառույցների համակարգված աշխատանքի շնորհիվ COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։   Միջազգային խոշորամասշտաբ միջոցառումների կազմակերպումը ենթադրում է անվտանգության ապահովման համալիր աշխատանքներ:

Հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալել էր Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որն առանձնանում էր ինչպես իր մասշտաբներով, միջազգային ներկայացվածությամբ, այնպես էլ անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների ծավալով։

Համաժողովի անվտանգության ապահովման նպատակով ձևավորված շտաբը ղեկավարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Շտաբի համակարգմամբ՝ ՆԳՆ ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, ՄԱԿ-ի անվտանգության ծառայության և ներպետական գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ, իրականացրել են համալիր միջոցառումներ՝ ուղղված հասարակական կարգի պահպանմանը, մասնակիցների անվտանգության ապահովմանը և հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելմանը։

«COP17-ի անվտանգության ապահովման բաղադրիչը, իրականում, շատ կարևոր հանձնառություն է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետև բազմամարդությունից ելնելով և նաև տարբեր երկրների ներկայացվածությունից ելնելով՝ բնական է, որ աշխատանքի առավել մանրակրկիտ պլանավորման կարիք ենք ունեցել։ Գործընկեր կառույցների հետ մանրամասն գծագրման արդյունքում կարողացել ենք ձևավորել անվտանգային այնպիսի միջավայր, որը թույլ կտա մեր մասնակիցներին առավելապես կենտրոնանալ COP17-ի բովանդակային ասպեկտի վրա»,-նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Համաժողովի անվտանգության ապահովման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին դեռևս ամիսներ առաջ։ Հայկական կողմի և ՄԱԿ-ի անվտանգության ծառայության ներկայացուցիչների համատեղ քննարկումների արդյունքում նախանշվել էին համագործակցության հիմնական ուղղությունները, հստակեցվել ներգրավված կառույցների գործառույթներն ու անվտանգային միջոցառումների իրականացման առաջնահերթությունները։

«Կարող եմ վստահաբար ասել, որ շուրջ վեց ամիս առաջ մեկնարկած մեր համագործակցությունն առաջին իսկ օրերից իրականացվել է բարձր մակարդակով։ Չնայած լեզվական տարբերություններին, ինչպես նաև աշխատանքային տարբեր կանոններին ու ընթացակարգերին՝ հաղորդակցության ընթացքում որևէ դժվարության չենք բախվել։ Մեզ հաջողվել է համատեղել մեր ջանքերը, գործել միասնական մոտեցմամբ և արդյունավետ համագործակցության շնորհիվ նպաստել այս կարևոր միջոցառման բոլոր աշխատակիցների և մասնակիցների անվտանգության ապահովմանը»,- ընդգծել է համաժողովի անվտանգության պատասխանատու Իսմեթ Բայրամովիչը։

Նախապատրաստական աշխատանքների կարևոր բաղադրիչներից էին նաև ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության ուժերի ու միջոցների ներգրավմամբ անցկացված համատեղ գործնական վարժանքները։ Դրանց ընթացքում խաղարկվել են պայմանական իրավիճակներ, գնահատվել ստորաբաժանումների պատրաստվածությունն ու օպերատիվ արձագանքման կարողությունները, կատարելագործվել համատեղ գործողությունների կազմակերպման մեխանիզմները։

Համաժողովի անվտանգության ապահովման գործում առանցքային դերակատարում է ունեցել ՆԳՆ ոստիկանությունը։ Իրականացվել են հասարակական կարգի պահպանման, մասնակիցների անվտանգության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ներգրավված ստորաբաժանումների մասնագիտական պատրաստվածությանը, ուժերի և միջոցների արդյունավետ տեղաբաշխմանը, ինչպես նաև տարբեր իրավիճակներում արագ ու համակարգված գործելու կարողությունների կատարելագործմանը։

Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ միջոցառումը կարևոր և արժեքավոր փորձառություն էր Ներքին գործերի նախարարության համար։

«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ համատեղ և համակարգված աշխատանքի արդյունքում միջոցառման ողջ ընթացքում անվտանգության ապահովման առումով որևէ խնդիր կամ միջադեպ չի արձանագրվել»,-նշել է նա։

Համաժողովի անվտանգության ապահովման մյուս կարևոր ուղղությունը հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու դրանց արդյունավետ արձագանքելու պատրաստվածությունն էր։

Այս ուղղությամբ համալիր աշխատանքներ է իրականացրել ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Նախապատրաստական փուլում գնահատվել են հնարավոր ռիսկերը, իրականացվել են փրկարարական ուժերի և միջոցների պատրաստվածության բարձրացմանն ու արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործողությունների կազմակերպմանն ուղղված միջոցառումներ։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Արմինե Հայրապետյանի խոսքով՝ հրդեհային անվտանգության ապահովման նպատակով միջոցառման բոլոր օրերին իրականացվել է շուրջօրյա ծառայություն՝ հրշեջ-փրկարարական մեքենաների և մարտական հաշվարկների ներգրավմամբ։ Միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման նպատակով տեղակայվել են ավտոմեքենաների ստուգման երկու հիմնական կետեր, ինչպես նաև անհատական ստուգման կետեր՝ անվտանգության գոտու տարածքում։ COP17-ի անվտանգության ապահովման շրջանակում իրականացված աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել նաև միջազգային փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից։

ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության՝ ՄԱԿ-ի անվտանգության մասնագետների հետ համատեղ իրականացրած միջոցառումները նպաստել են փոխգործակցության մեխանիզմների կատարելագործմանը և անվտանգային գործընթացների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։

Այսպիսով, COP17-ի անվտանգ անցկացումը դարձավ պետական կառույցների և միջազգային գործընկերների համակարգված աշխատանքի ու մասնագիտական պատրաստվածության նշանակալի արդյունք։

Այն ևս մեկ անգամ փաստեց Հայաստանի ներքին անվտանգության համակարգի կարողությունը՝ ապահովելու միջազգային խոշորամասշտաբ միջոցառումների անվտանգ անցկացումն ու  պատշաճ կատարելու ստանձնած միջազգային պարտավորությունները՝ վերահաստատելով՝ Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրների շարքում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում